Չորեքշաբթի, Ապրիլ 23, 2014 Ժամանակը Երեւանում 20:57

Քաղաքական

ՀՀԿ-ն մտահոգված չէ բողոքի ակցիաներով, «որեւէ լուրջ բան» չի տեսնում

Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում ԿԸՀ-ի դիմաց, 25-ը փետրվարի, 2013
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում ԿԸՀ-ի դիմաց, 25-ը փետրվարի, 2013

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ՀՀԿ-ն մտահոգված չէ բողոքի ակցիաներով, «որեւէ լուրջ բան» չի տեսնում

Տեքստի չափը - +
Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բացառում է իշխանությունների կողմից բռնության կիրառումը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած խաղաղ հանրահավաքների եւ դասադուլ սկսած ուսանողների բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ:

Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցած շաբաթվա հայտնի հանդիպումից հետո հանդես եկավ հանրահավաքային պայքարը ողջ հանրապետության տարածքում շարունակելու նախաձեռնությամբ: Միաժամանակ արդեն երկրորդ օրն է չեն դադարում ուսանողների ակցիաները:

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցությունը հետընտրական այս զարգացումներով մտահոգված չէ, հակառակը, շահագրգիռ է, որպեսզի երկրում ձեւավորվի ուժեղ ընդդիմություն, քանի որ ընդդիմադիր դաշտը վերջին շրջանում կարծես ամայացել էր: 

«Այդ տեսակետից մենք որեւէ մտահոգություն չունենք` հավաքներ, միտինգներ… Տոգորված ենք մտածել, որ դաշտը նորից այնպիսին թողնենք, որ հնարավորինս  կայանա նաեւ նդդիմությունը: Քաղաքական դաշտում երաշտ էր, եւ ընտրությունների հաջող լինելը նաեւ պայմանավորված է նրանով, որ ազատ դաշտում ձեւավորվում է նոր ընդդիմություն, որը, կարծում եմ, պետության համար անհրաժեշտություն է», - ասաց Սահակյանը:

«Այսինքն ձեզ չեն մտահոգո՞ւմ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքները, մարզային այցերը, այս զանգավածային դասադուլները, երբեմն ոստիկանության հետ տարաձայնությունները: Վտանգ չեք տեսնո՞ւմ, որ կարող է Մարտի 1 կրկնվել, իշխանությունները կարող են գնալ այդ քայլին» հարցին Սահակյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, իշխանությունները այն ժամանակ էլ այդ քայլին չեն գնացել, պարզապես ինտրիգների հետեւանք էր... Չեմ էլ ուզում վերլուծել Մարտի 1-ը, համենայնդեպս, հիմա նոր քաղաքական իրավիճակ է»:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը իր առաջարկները մերժելուց բացի գործող նախագահն իրեն առաջարկել է շարունակել պայքարը 2017-2018 թվականներին` որպես ընդդիմության ղեկավար, ինչն ինքը մերժել է, ասելով, որ իրեն պետք չէ այդ 2017-18-ը: Հովհաննիսյանն հիմա է իշխանափոխություն պահանջում:

Գալուստ Սահակյանը, իշխանափոխության պահանջը «աբսուրդ» որակելով, չցանկացավ խոսել այդ հանդիպման ու «որպես ընդդիմության ղեկավար պայքարը հաջորդ նախագահական ընտրությունների նախաշեմին շարունակելու» առաջարկի մասին: 

«Աբսուրդները շատ են, չեմ ուզում խոսել այդ հանդիպման մասին, որովհետեւ դա այն չէ, ինչը որ ներկայացվում է: Դա երկու անձանց միջեւ խոսակցություն է, եւ կարծում եմ, տեղին չէ, որ որեւէ մեկը մխրճվի այդ խոսակցությունների մեջ եւ պարզաբանումներ տա: Բնականաբար, եթե ձեւավորվում է ընդդիմություն, նա պիտի անընդհատ նախապատրաստվի, եւ հետագայում իր ծրագրերը պիտի արտահայտի: Դա է իրական ընդդիմությունը, էդպես պիտի լինի», - ասաց նա: 

Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգիչ որեւէ բան չէր տեսնում հետընտրական այս զարգացումների մեջ` համոզմունք հայտնելով, որ բողոքի այդ ալիքը արագ մարելու է: 

«Կարծում եմ, որեւէ մտահոգիչ բան չկա մեր երկրում: Մենք ունեցել ենք թափանցիկ ընտրություններ, որեւէ խնդիր այստեղ ես չեմ տեսնում, եւ իսկապես գոյություն չունի: Այսօրվա իրողությունները քաղաքական ճգնաժամի տեսքով ներկայացնող քաղաքական գործիչների եւ ուժերի տեսակետները իրականությանը չեն համապատասխանում: Մենք գնում ենք ընդառաջ, հանդուրժողականության մթնոլորտ ենք տածում եւ որեւէ քայլ չենք ձեռնարկում, նույնը ակնկալում ենք մեր ընդդիմադիր գործընկերներից: Ելքը տեսնում եմ նրա մեջ, որ պետք է նստենք, խոսենք, քննարկենք, բայց խոսելու, քննարկելու առարկան չեն կարող լինել ընտրությունների արդյունքներն ու բուն ընտրությունները: Որովհետեւ դրան ժամանակին եւ իրենք են հետեւել, եւ միջազգային ու տեղական դիտորդները, եւ հանձնաժողովի բազմահազարանոց բանակը, ովքեր այնտեղ են եղել, այդ թվում նաեւ իրենց 1884 անդամները` բոլոր 1988 տեղամասերում, ովքեր իրենց ստորագրություններն են դրել այդ արձանագրությունների տակ, որեւէ կերպ չշահարկելով, չվիճարկելով, կասկածի տակ չդնելով այս ընտրությունների արդյունքները: Իսկ դրանից հետո ինչ է փոխվել եւ իրենց մտքում, եւ իրենց պատկերացումներում, դա թողնում եմ մեր հանրության վերլուծությանը», - ասաց Սահակյանը: 

Հարցին, թե չեն կարծո՞ւմ, որ բողոքի ակցիաները կարող են կամաց-կամաց ավելի ու ավելի ընդլայնվել, Սահակյանը պատասխանեց. - «Եթե դուք հետեւում եք այդ հավաքներին, ապա այսօր կարող ենք փաստել, որ մի շարք տեղերում, որտեղ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բավականին նվազել է հետաքրքրությունը: Որովհետեւ առանց օրակարգ ունենալու, առանց իրավական որեւէ հիմք, ընդամենը էմոցիաներով, բարի ցանկություններով, հայտարարություններ անելով փորձի ինչ-որ աժիոտաժ ստեղծել, դա կարող է շատ կարճ տեւել եւ շատ կարճ ռազմավարություն կամ մարտավարություն լինել: Ես որեւէ լուրջ բան` վտանգ, հետեւանք, այստեղ չեմ տեսնում»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ խորհրդարանը պատրաստվում է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը ամրագրել միասնական փաստաթղթում:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը