Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի հավաքականին «սպասում է բարդ փորձություն»


Հայաստանի ազգային հավաքականը մարզման ժամանակ, արխիվ
Հայաստանի ազգային հավաքականը մարզման ժամանակ, արխիվ
Մասնագետները միջին դժվարության են գնահատում խումբը, որում հայտնվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Նախօրեին Ֆրանսիայում կայացած վիճակահանության արդյունքներով, Հայաստանի ընտրանին «Եվրո-2016»-ին մասնակցելու համար մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների հետ: Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի կարծիքով, մեր ազգային ընտրանուն սպասում է բարդ փորձություն։

«Ասել, որ խումբը բարդ է, նշանակում է ոչինչ չասել, բայց այսպիսի մրցաշարերում ակնկալել, որ հեշտ խումբ կլինի, իհարկե, չի կարելի, որովհետև հեշտ այս մակարդակում չի լինում։ Եթե մենք նպատակ ենք դրել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, ապա այսպիսի մրցակիցների հետ պետք է կարողանանք խաղալ և հաղթել»,- ասաց մարզական մեկնաբանը։

Մրցաշարային ինը խմբերից միայն այս խմբում են վեցի փոխարեն ընդգրկված հինգ հավաքականներ, այսինքն այս խմբում չկա վերջին զամբյուղի թույլ թիմերից ոչ մեկը: Մարզական մեկնաբանը, սակայն, սա բացասական չի գնահատում։

«Մենք չունենք մրցակից, որի հետ անպայման վեց միավոր ենք ակնկալելու, անկախ ամեն ինչից բոլոր տասը խաղերը Հայաստանի հավաքականը կանցկացնի ինչպես իր կարևորագույն հանդիպումներն է անցկացնում։ Իսկ մենք տեսել ենք, փորձը ցույց է տվել, որ մեր հավաքականը լավ է խաղում այն իրավիճակում, երբ անպայման հաղթել է պետք, նահանջելու տեղ չկա։ Դրա համար էլ բոլոր խաղերում հարյուր տոկոսանոց կենտրոնացվածություն կլինի, և այդ դեպքում դա կարող է օգնել»,- ասաց Քալանթարյանը։

Եվրոպայի առաջնության նախորդ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը բավական մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, այս անգամ, ըստ մասնագետների, շանսերն ավելի մեծ են, թիմը մեծ փորձ է կուտակել: «Առաջին ճակատ» ֆան ակումբի անդամ Էդգար Պետրոսյանը հիշեցնում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի մրցակիցները հիմնականում հավասար են գնահատվում։

«Մեր հավաքականը ունի այն պոտենցիալը, որ ցուցադրել է։ Օրինակ, Դանիայի հավաքականի նկատմամբ 0-4 հաշվով հաղթանակը շատերն են նշում դրսում, այս անգամ կրկին բախտ է վիճակվել հանդիպելու այդ հավաքականի հետ, և կարծում ենք, որ նորից հնարավորություն ունենք միավորներ հավաքելու։ Նաև Պորտուգալիայի հավաքականին երբեք չի հաջողվել Հայաստանում հաղթել մեր հավաքականին։ Ալբանիան և Սերբիան այն հավաքականներն են, որոնց մեր հավաքականը իրավունք չունի թերագնահատելու ինչպես անցած մրցափուլին եղավ Մալթայի հավաքականի դեպքում, երբ մենք անակնկալ պարտություն կրեցինք։ Այսինքն այստեղ հավաքվելու են այն հավաքականները, որոնց նկատմամբ չի լինելու արհամարհանք, չի լինելու թերագնահատում, ընդգծված հետնապահ չկա»,- ասաց Պետրոսյանը։

«Եվրո-2016»-ը հյուրընկալող Ֆրանսիան առանց մրցույթի միանգամից եզրափակիչին է մասնակցելու, փոխարենը Հայաստանի հավաքականը հնարավորություն կունենա այստեղ և Ֆրանսիայում երկու ընկերական հանդիպում անցկացնել այս թիմի հետ: Մինչ այդ մի քանի օրից՝ մարտի 5-ին ընկերական խաղում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի թիմը, և թերևս մինչև այդ հանդիպումն էլ հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի նոր մարզչի անունը։

«Մարզչի խնդիրը շատ ակնհայտ է, և վիճակահանությունից առաջ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշեց, որ անկախ ամեն ինչից մեր հավաքականի նպատակը նույնն է մնում՝ դուրս գալ խմբից և մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Կարծում եմ՝ պայմանագրի մեջ կնշեն՝ պարտադիր է, որ Հայաստանի հավաքականը մասնակցի եզրափակիչ փուլին»,- ասաց «Առաջին ճակատ» ֆան ակումբի անդամը։

Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 7-ին:
XS
SM
MD
LG