Հինգշաբթի, հունիսի 30, 2016 Ժամանակը Երեւանում 08:56

    Հասարակություն

    Հանքարդյունաբերության հարցերով միջազգային խորհրդաժողովը մեկնարկեց սկանդալով

    Հանքարդյունաբերության հարցերով միջազգային խորհրդաժողովը մեկնարկեց սկանդալովi
    || 0:00:00
    ...  
     
    X
    25.03.2014
    Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնած միջազգային խորհրդաժողովը՝ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով, մեկնարկեց սկանդալով: Մի քանի տասնյակ բնապահպաններ ներխուժեցին համաժողովի դահլիճ:
    Հանքարդյունաբերության հարցերով միջազգային խորհրդաժողովը մեկնարկեց սկանդալով

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Հանքարդյունաբերության հարցերով միջազգային համաժողովը մեկնարկեց սկանդալով

    Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնած միջազգային խորհրդաժողովը՝ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով, մեկնարկեց սկանդալով:
     
    Մի քանի տասնյակ բնապահպաններ ներխուժեցին համաժողովի դահլիճ: Պարզելով «Մարդակեր հանքակեր», «Պոչամբարը գործող գերեզմանոց է» և այլ գրություններով պաստառներ` երիտասարդները շրջափակեցին ամբիոնը և մի քանի րոպեով տապալեցին համաժողովը:
     
    Բնապահպան Աննա Շահնազարյանը մոտենում էր բարձաստիճան պաշտոնյաներին ու առաջարկում խմել Հայաստանի գետերի ջուրը՝ ցույց տալով, թե որքան աղտոտված են դրանք թափոնների հետևանքով:
     
    «Ամեն օր մեր գյուղերում և մեր քաղաքներում, գետերում այս ջուրն է: Այս ջուրը մենք Ձեզ մատուցում ենք. խնդրեմ, վերցրեք խմեք: Սա այն ջուրն է, որ հիմա Հայաստանի բնակչությունը խմում է հանքերի պատճառով», - ասում էր բնապահպանը:
     
    Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաժարվեց վերցնել բաժակը:
     
    Նախարարը «ամոթ» վանկարկումների ներքո պահանջում էր ազատել դահլիճը, երիտասարդներից մեկին սպառնաց.  «Ականջներդ կպոկեմ, ձեռքդ կտամ, լակոտ»:
     
    Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը առհասարակ հրաժարվեց շփվել բնապահպանների հետ՝ ևս չվերցնելով ջրի բաժակը:

    Րոպեներ անց միջանցքում տապալվեց նաև Բնապահպանության նախարարի ճեպազրույցը: Արամ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասում էր, թե գետի ջուրը խմելու չէ՝ վստահեցնելով, որ երիտասարդները պատվեր են կատարում:
     
    Նախարարը, սակայն, այդպես էլ չհնչեցրեց պատվիրատուի անունը․- «Խանգարելը և այլն միայն մի նպատակ ունի՝ կատարել ինչ-որ մարդկանց պատվերներ և փորձել խանգարել: Դուք գնացեք, ինքներդ իմացեք ում [պատվերն են կատարում]․․․ Թեղուտ, Ամուլսար և այլն պարզապես հերյուրանքներ են: Ես չունեմ որևէ մի տեղ հանք, որևիցե մի տեղ փայ չեմ մտել․․․» :  

    Նրա խոսքը ընդհատեց Աննա Շահնազարյանը․ - «Դուք ընդամենը շինարար եք, գնացեք ասֆալտ գցեք: Բնապահպանությունը թողեք մասնագետներին»:
     
    Գնահատելով Արամ Հարությունյանի՝ վարքը Աննա Շահնազարյանն ասաց, թե նախարարը ոչ միայն մերկապարանոց սուտ խոսեց, այլև չկարողացավ քաղաքակիրթ բանավիճել․ - «Վերջին փողոցային արտահայտություններով են հանդես գալիս: Նման վարքագիծ պաշտոնյայի կողմից ուղղակի անհնար է ընդունել»:
     
    Բնապահպանները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանների ներկայությամբ հրապարակեցին իրենց նախաձեռնած այլընտրանքային՝ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» թեմայով համաժողովի հայտարարությունը՝ դահլիճում տեղի ունեցող միջոցառումը որակելով «բնական պաշարների անխնա թալանը լեգիտիմացնելուն ուղղված քայլ»․ - «Կոնֆերանսի մասնակիցները և օրակարգը հուշում են, որ այն անցկացվում է միակողմանի շահագրգռված սուբյեկտների կողմից»:
     
    Թեև ըստ համաժողովի օրակարգի նախատեսված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, սակայն, նա չներկայացավ նիստերի դահլիճ:

    Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանը պատրաստ է հենց այսօր ընդունել բնապահպանների խմբին:

    Սակայն Կառավարությանն առընթեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը փոխանցեց՝ Տիգրան Սարգսյանի հետ բանակցելու բան չկա, նա ընդամենը փորձեց աշխատակազմի ղեկավարի միջոցով դիվանագետների առջև ներկայանալ որպես ժողովրդավար վարչապետ:

    Ակցիայի մասնակիցները շեշտում էին՝ նույնիսկ տնտեսության աճի տեսանկյունից այս ծավալի հանքարդյունահանումն արդարացված չէ, այս ընկերությունները քիչ են հարկվում․ - «Միջազգային մակարդակի կոնֆերանս անելը, ինձ թվում է, աբսուրդ է, երբ որ ոչ մի միջազգային ստանդարտ կամ նորմատիվ չի գործում հենց հիմա Հայաստանում: Աճուրդի են հանել Հայաստանը և վերջնականապես ուզուն են Հայաստանը ծախեն»:
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը