Մատչելիության հղումներ

Պուտինի «Պանդորայի արկղը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացնում է Ղրիմը Ռուսաստանի մաս հռչակող օրենքը, Մոսկվա, 21-ը մարտի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացնում է Ղրիմը Ռուսաստանի մաս հռչակող օրենքը, Մոսկվա, 21-ը մարտի, 2014թ․

«Ջինը շշից դուրս է գալիս, դա Մոսկվայի համար այն տհաճ հետևանքն է, որը անխուսափելի էր Ղրիմից հետո», - ասում է վերլուծաբան Փոլ Գոբլը:

Զուր չեն ասել փորձագետները, որ Ղրիմի «անշլյուսը» (միացումը) կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Դա մի «Պանդորայի արկղ» է` դժբախտությունների պահոց, որից լույս աշխարհ դուրս կգան նոր պառակտումներ և ազգամիջյան լարվածություն ենթադրող ծրագրեր։

Ինքնորոշման գաղափար պարունակող որոշ նախաձեռնություններ նույնիսկ էկզոտիկ են և իսկապես անսպասելի։

Գերմանական մշակույթի և երիտասարդության միջազգային կազմակերպությունը անցած ուրբաթ օրը Մոսկվայում քննարկել է Ղրիմի իրադարձությությունների նշանակությունը Ռուսաստանի գերմանացիների համար։ Ժողովի մասնակիցների առնվազն մի մասը պնդել է, որ հետայսու գերմանացիներն էլ ունեն արդարացման և իրենց լուծարված ինքնավար հանրապետության վերականգնման իրավունք։

Խոսքը Վոլգայի շրջանի գերմանական ինքնավար հանրապետության մասին է, որը ստեղծվել է 1923 թվականի դեկտեմբերի 19-ին և Իոսիֆ Ստալինի հրահանգով լուծարվել է 1941 թվականի օգոստոսի 28-ին։ Բնականաբար, դրդապատճառը նացիստական Գերմանիայի հետ Խորհրդային Միության պատերազմն էր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մոտ 350 հազար գերմանացիներ Պովոլժիեից արտաքսել են Ղազախստան և Սիբիր` որպես հավանական թշնամիներ։ Հաղթանակից հետո` արդեն Նիկիտա Խրուշչևի օրոք, նրանց վերաբերյալ ընդունվել է համաներման որոշում, սակայն Պովոլժիեի ինքնավար հանրապետությունը չի վերականգնվել։

Ռուսաստանի գերմանացիների ազգային մշակութային ինքնավարությունների ֆեդերացիայի նախագահ Հայնրիխ Մարտենն ասել է, թե «Պուտինի քայլերը վկայում են, որ պետությունը վերադառնում է ռեաբիլիտացիայի քաղաքականությանը, ուրեմն կարելի է արծարծել նաև գերմանացիների խնդիրը, քանի որ գերմանացիների վերքը դեռ չի բուժվել»։

Անցած երկու շաբաթների ընթացքում գերմանացիները ստեղծել են աշխատանքային խումբ, կազմել են մի շարք փաստաթղթեր։ Աշխատանքային խմբում ընդգրկված են գերմանական ազգային մշակութային ավտոնոմիաների ներկայացուցիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ։ Գերմանացի ակտիվիստները հանդիպումներ են ունեցել նախագահի աշխատակազմի, Դաշնային խորհրդի, տարածաշրջանային զարգացման և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային խումբը պատրաստում է «Ռուսաստանի գերմանացիների ռեաբիլիտացիայի» նախագիծ։

Ժողովի ընթացքում բուռն վեճեր են եղել` ռուսաբնակ գերմանացիների մի մասը համոզված է, որ պետք է պահանջել ինքնավար հանրապետության վերականգնում, մի մասը կոչ է անում ուժերը կենտրոնացնել Օմսկում և Ալթայում հիմա ապրող գերմանացիների ազգային համայնքների կյանքի վրա, մի մասն էլ առաջարկում է բավարարվել այսպես կոչված «ապատարածքային ինքնավարությամբ», որի նպատակը մշակութային-լեզվական ավանդույթների պահպանումն ու զարգացումն է։

Վերլուծաբան Փոլ Գոբլի համոզմամբ՝ գերմանական ինքնավար հանրապետությունը վերականգնելու պահանջը Մոսկվայի համար շատ լուրջ խնդիրներ կստեղծի, քանի որ դա որպես մարտահրավեր կդիտվի ռուս ազգայնականների կողմից։ Տասնամյակներ են անցել, նախկին ինքնավարության տարածքում ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր կապ չունեն ոչ գերմանացիների և ոչ էլ Ստալինի որոշումների հետ։ Բայց, մյուս կողմից, գերմանամետ որևէ քայլ Պուտինի համար կստեղծի Ղրիմից հետո Բեռլինի աջակցությունը վերականգնելու, ինչպես նաև Արևմուտքի լիդերների միջև նոր պառակտում սերմանելու հնարավորություն։ Ամենայն հավանականությամբ, ի պատասխան ռուսագերմանացիների ակտիվության, Մոսկվան լուրջ աջակցություն կտրամադրի համայնքներին, սակայն ընթացք չի տա ինքնավար հանրապետությունը վերականգնելու առաջարկին։ Բոլոր դեպքերում, ինչպես Գոբլն է նշում, «ջինը շշից դուրս է գալիս, դա Մոսկվայի համար այն տհաճ հետևանքն է, որը անխուսափելի էր Ղրիմից հետո»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG