Մատչելիության հղումներ

«Դեմ եմ» շարժումը խոստանում է թեժացնել պայքարը


Կառավարության նախաձեռնած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ չի պատրաստվում դադարեցնել պայքարը:

Առայժմ զերծ մնալով իրավական գնահատականներից՝ շարժումը խոստանում է առաջիկայում է՛լ ավելի թեժացնել պայքարը:

Արդեն այսօր «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է գործատուին ուղղված դիմումի ձևաթերթիկ, որով յուրաքանչյուր աշխատող կարող է պահանջել պահումներ չկատարել իր աշխատավարձից:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ եթե անգամ աշխատողն այս հարցով չդիմի գործատուին, միևնույնն է՝ վերջինս պարտավոր է պահումներ անելիս նրա կարծիքը հաշվի առնել:

«Սիմվոլիկ մի բան ասեմ՝ տպեք Սահմանադրական դատարանի որոշումը, լավ՝ ամբողջ 64 էջը չէ, միայն եզրափակիչ մասը: Ու հատկապես 6-րդ մասն էլ շրջագծեք ինչ-որ գունավոր գրիչով, պահեք այն ձեզ մոտ որպես զենք և յուրաքանչյուրը, ով ոտնձգություն է իրականացնում ձեր սեփականության հանդեպ, ուղղակի պահեք աչքերի առաջ այդ թուղթը և պահանջեք ձեր իրավունքը: Որևէ կերպ մի թույլ տվեք, որ ձեզանից պահումներ անեն», - խորհուրդ է տալիս Մանուկյանը:

Կառավարությունը պետք է օրենքը շտկելու համար օգտագործի ՍԴ-ի տված ժամկետը, այլ ոչ թե հպարտությամբ հայտարարի, թե միևնույն է՝ պահելու ենք այդ 5 տոկոսները, հավելում է նա:

Բազմահազար աջակիցներ հավաքած «Դեմ եմ» շարժումից այս օրերին շատերն են ակտիվ գործողություններ ակնկալում: «Դեմ եմ»-ի անդամներ Հայկ Ավետիսյանը, Հարություն Աղլամազյանն ու Վահագն Ավագյանը այսօր ավելի վաղ տրված ասուլիսի ժամանակ խոստացան բողոքի նոր ալիք բարձրացնել, սակայն այս պահին գործողությունների կոնկրետ պլան չհրապարակեցին: Ստեղծված օրենսդրական այս քաոսում «Դեմ եմ» թիմը հանրությանը կոչ է անում տեղի չտալ իշխանության՝ մոլորեցնող կոչերին:
«Ուղղակի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետք է կոչ անել՝ իշխանությունների ներկայացուցիչներից որևէ մեկի մեկնաբանությունը չընդունել որպես հիմք», - ասուլիսում ասում էին նրանք, - «Ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշման համար էինք մենք պայքարում: Մենք պայքարում էինք, որովհետև հակասոցիալական օրենք է, իսկ դրա գնահատականը, դրա չափորոշիչը ամեն մեկս ենք տալիս, մենք ենք տալիս, հանրությունը տվել է»:

Սպասենք ապրիլի 12-ին, ասում են «Դեմ եմ»-ի անդամները և ավելացնում, որ այդ օրը 4 ոչ իշխանական ուժերը իրենց հավաքին չեն լինի, այդուհանդերձ, համագործակցությունը նրանց հետ շարունակվում է:

Դավիթ Մանուկյանի պնդմամբ, անելիքները հստակ են՝ պահպանել ՍԴ-ի կողմից ամրագրված իրավունքները, ակտիվորեն մասնակցել նոր օրենքի մշակմանը, ինչպես նաև դիմել քաղաքացիական անհնազանդության ամենատարբեր միջոցների՝ պայքարը մինչև վերջ հասցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG