Մատչելիության հղումներ

Աուդիտի բացասական եզրակացություն ստացած ընկերություններից կշարունակեն գնումներ կատարել


Մեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը
Հայաստանի կառավարությունը կշարունակի գնումներ կատարել աուդիտի բացասական եզրակացություն ստացած բազմաթիվ ընկերություններից՝ անկախ նրանց գործունեության ընթացքում հայտնաբերված խախտումներից ու թերացումներից։

Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած ցանկի համաձայն, պարտադիր ֆինանսական աուդիտի ենթակա խոշոր 940 ընկերությունների կեսը զրկվել են պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

Համաձայն ֆինանսների նախարարի անցյալ տարվա հրամանի, աուդիտ չանցած կամ բացասական եզրակացություն ստացած խոշոր ընկերությունները մինչև չներկայացնեն աուդիտի դրական եզրակացություն, պետական բյուջեից օգտվելու հնարավորություն չեն ունենա, պետությունը նրանցից գնումներ չի կատարի։ Մինչ այս հրամանը, նման սահմանափակումներ չկային։

Մինչդեռ անկախ աուդիտի արդյունքներից, նման պատիժը չի վերաբերում ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություններին, առողջապահական և կրթական հաստատություններին, ջրամատակարարման ոլորտում գործող ընկերություններին։ Կառավարություն կշարունակի գնումներ կատարել հրապարակված ցանկում տեղ են գտած ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, խոշոր ու հայտնի բժշկական կենտրոններից «Նաիրին», «Արմենիան», Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, Հոգեբուժական կենտրոնը, համալսարաններից՝ Մանկավարժականը, Բժշկականը, Տնտեսագիտականը։

«Ազատության» հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը նկատում է, որ անկախ աուդիտի արդյունքներից պետությունը չի կարող այս ընկերություններից գնումներ չկատարել։

«Միակ սպասարկողն է, անտրամաբանական կլիներ եթե բոլոր պետական մարմինները ՀԷՑ-ի ծառայություններից չօգտվեն, էլ ո՞ւմից պետք է գնենք մենք հոսանք»,- ասում է Հունանյանը։

Մանկավարժական համալսարանը ևս աուդիտի դրական եզրակացություն չի ստացել։ Պրոռեկտոր Արմեն Թամազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թերացումները շտկման ճանապարհին են։ Չնայած սրան, Մանկավարժականը շարունակում է օգտվել պետական միջոցներից իր բացառիկության համար։

Փոխնախարարի մատնանշած ընկերություններից զատ, մյուս ընկերությունները, մինչև չուղղեն աուդիտի ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները, կշարունակեն զրկվել պետական միջոցներից։ Դրանցից է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը, որը աուդիտի բացասական եզրակացության պատճառով իր ապրանքը չի կարող վաճառել պետական մարմիններին։ Ընկերության ֆինանսական տնօրեն Խաչատուր Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ նախարարի այս հրամանի հետևանքով իրենք վնասներ են կրել։

«Եթե ընդունենք, որ ֆինանսական որևէ տեսակի խախտում կա, դա ի՞նչ կապ ունի արտադրանքի հետ, եթե արտադրանքը լավն է»,- ասում է Խաչատրյանը։

Այն հարցին, թե արդյոք «Ջերմուկի» արտադրանքը չի վաճառվո՞ւմ պետական կառույցներին, Խաչատրյանն այսպես արձագանքեց.- «Ջուր արտադրող ընկերությունները 3-4-ն են Հայաստանում, եթե բոլորի նկատմամբ վերապահում լինի, բա էդ կառավարությունը ի՞նչ է խմելու։ Հիմա էլ են խմում, պետական գնումներին չենք մասնակցում, բայց վաճառում ենք մի այլ ընկերության, այդ ընկերությունն է մասնակցում»։

Այն հարցին, թե ի՞նչ իմաստ ունի նախարարի հրամանը, երբ այն չպետք է կիրառվի խոշոր, շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների պարագայում, փոխնախարար Հունանյանը նշում է, որ սա առաջին քայլն է և իրականում չի խախտում մրցակցությունը։ Հունանյանն ասում է, որ նախկինում այդպիսի աշխատանքներ չեն տարվել.- «Եթե զգանք, որ քայլերը բավարար չեն եղել, միգուցե օրենսդրական փոփոխություններ նախաձեռնենք»,- նշում է նա։

Մինչդեռ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այդ ընկերություններին պատժամիջոցների չենթարկելը համարում է սխալ, իսկ աուդիտը՝ ձևական, որի պայմաններում խախտվում է մրցակցության սկզբունքները։ Մենաշնորհային տնտեսության պարագայում աուդիտը չի կարող ծառայել իր նպատակին, կարծում է Խաչատրյանը։

«Ես համոզված եմ, որ որևէ նշանակություն չունի այդ աուդիտը։ Միևնույն է, բոլոր այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են, շարունակելու են մասնակցել պետական գնումներին՝ կամ այլ անվան տակ, կամ նույնիսկ նույն անվան տակ, որովհետև այս հարցի լուծման սկզբունքային մոտեցում չկա»,- կարծում է Խաչատրյանը։

Տնտեսագետը նաև հավելում է, թե կառավարությունը կարող է տարբեր քայլեր ձեռնարկել այս հարցը լուծելու համար, օրինակ, կարող են օրենսդրական, վարչական, տնտեսական միջոցներով, լրացուցիչ տուգանքներով ազդել, որպեսզի հստակ իմանան, որ խախտումների համար կարող են պատժվել։ Հակառակ դեպքում կարող են շարունակել խախտումներով աշխատել՝ առավելություններ ունենալով բացառիկ դիրք չունեցող, բայց նույն խախտումների համար պետական գնումներից զրկված ընկերությունների նկատմամբ։

«Եթե չկա մրցակցություն, որևէ ծրագիր իր տրամաբանությանը հասցնել հնարավոր չէ։ Հայտնվել ֆինանսների նախարարության սև ցուցակում, թե՝ չհայտնվել, միևնույն»,- եզրակացնում է տնտեսագետը։

Մեկ այլ տնտեսագետի՝ Սամվել Ավագյանի համար զարմանալի չէ աուդիտ չանցած ընկերությունների ցանկը. - «Այս ընկերությունները ընդհանրապես հայտնի են իրենց ֆինանսական անկարգապահությամբ»։

Տնտեսագետները պնդում են, որ կառավարությունն այս ոլորտում անելիքներ դեռ շատ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG