Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության տոնը


Հայաստանը ապրիլի 7-ին նշում է Մայրության և գեղեցկության տոնը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Սիրելի՛ մայրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Սիրելի՛ տիկնայք, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ», - Հայաստանի նախագահիաշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական ուղերձում:

«Սուրբ Աստվածածինը, ով «օրհնյալն է կանանց մեջ», առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո և նվիրումի ներշնչման աղբյուր և օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Վեհափառը: - «Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերը Սուրբ Տիրամոր գթառատ բարեխոսությամբ մեր մայրերին, քույրերին ու դուստրերին պարգևի քաջառողջ արևշատություն, երկնային ամենայն բարիք և շնորհներ` ջերմ հավատքով ապրելու իրենց կյանքը, հավատավոր գործերի օրհնությամբ լցնելու իրենց ընտանեկան հարկերը, պայծառություն բերելու մեր երկրին, ազգային և եկեղեցական մեր կյանքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG