Հինգշաբթի, մայիսի 26, 2016 Ժամանակը Երեւանում 06:42

    Քաղաքական

    ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնը պահանջել է քննել բնապահպանության նախարարի վարքը

    «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել ու քննել բնապահպանության նախարարի վարքը:
     
    Հակակոռուպցիոն կենտրոնի պահանջը առնչվում է մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած միջադեպին բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջև: Բնապահպանները, ի նշան Հայաստանի ջրային ավազանի աղտոտվածության դեմ բողոքի՝ նախարարին առաջարկել էին խմել Հայաստանի գետերի ջուրը, Արամ Հարությունյանը նախ խորհուրդ էր տվել «առանց գրագիտություն իմանալու հիմարություններ դուրս չտալ», ապա երիտասարդներից մեկին սպառնացել․- «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:
     
    Հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով, առանց իրենց դիմումի էլ էթիկայի հանձնաժողովը պետք է արձագանքած լիներ Արամ Հարությունյանի վարքին, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, հիմա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ստիպում է հանձնաժողովին աշխատել․- «Նա իրավունք չուներ այդպես խոսել քաղաքացու հետ, և յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է ամեն վայրկյան հիշի, որ ինքը առաջին հերթին պաշտոնյա է, հետո նոր մարդ, որը իրեն դուր չեկած վարքագծին պետք է պատասխանի հայհոյանքով: Այսինքն, իրենք իրենց չեն դրսևորել որպես այդ քաղաքացիների կողմից վճարվող ծառայողներ»:
     
    Արամ Հարությունյանը կոշտ էր հակադարձել նաև իր հետ բանավեճի մեջ մտած Աննա Շահնազարյանին, մասնավորապես ասելով՝ «աղջիկ ջան, Դուք երիտասարդ հիվանդ եք, պետք է բժշկի դիմեք»:
     
    Շահնազարյանն ասում է՝ նախարարը բախվեց իրականությանը, դրա համար էլ ափերից դուրս եկավ․- «Դա իսկապես ամենացածր մակարդակի մարդու վարքագիծ է: Բռնության սպառնալիքը արդեն դատախազության գործն է, պարզապես էթիկայի խախտում չէ»:

    Բնապահպանը պնդում է՝ նախարարի հետ փաստերով է խոսել, մինչդեռ նրա բառապաշարը կապ չուներ բնապահպանության հետ:
     
    «Նման պաշտոնյաները պարզապես չպետք է շարունակեն իրենց գործունեությունը: Այդ օրը Արամ Հարությունյանին ուղղված մեղադրանքներից մեկը իմն էր: Ես, մասնավորապես, իրեն ասում էի՝ Դուք սեփականատեր եք մասնավոր ընկերության, որը շինարարությամբ է զբաղվում: Դա իսկապես լրջագույն մեղադրանք է: Ակնհայտ է այստեղ, որ կա շահերի բախում և այս հանձնաժողովը պարտավոր էր վաղուց անդրադառնալ: Դրա համար մեծ հույսեր չեմ կարող ունենալ», - հավելեց նա:
     
    Հանձնաժողովի հետ մեծ հույսեր չի կապում նաև Սոնա Այվազյանը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը մի քանի դիմումներ է ուղղել նախագահականում գործող այս կառույց, բոլորը մերժվել են: Օրինակ, երբ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կառավարության շենքի մոտ տեսախցիկների առջև մի ցուցարարի ասել էր՝ «Էշ ա, արա', ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար», իսկ էթիկայի հանձնաժողովը աչք փակեց փաստի վրա:
     
    «Ձեզ չի վիրավորել, դուք չեք տուժող անձը և այդ պատճառով մենք չենք կարող արձագանքել՝ մոտավորապես այսպիսի պատասխան էր», - մեզ հետ զրույցում հիշեց Սոնա Այվազյանը, - «Չի բացառվում, որ նրանք այս անգամ ևս նմանատիպ պատասխան կտան»:
     
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները ստանում են 600-ից 680 հազար դրամ աշխատավարձ և, ինչպես, հանձնաժողովի պաշտոնական կայքում է նշված՝ առաքելություն ունեն բարձրացնել հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ: Այսօր հանձնաժողովից փոխանցեցին, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նոր դիմումն արդեն ստացել են և այժմ այն ուսումնասիրման փուլում է, հայտնի չէ՝ վարույթ կհարուցվի թե ոչ: Մինչ այդ Արամ Հարությունյանը վերահաստատում է՝ ներողություն խնդրելու մտադրություն չունի: Նախարարությունից տեղեկացրին, որ ուժի մեջ է Հարությունյանի այն պնդումը, թե գործել է իրավիճակին համարժեք:
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը