Մատչելիության հղումներ

Անկարան «միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ»


Ջոն Քերրի և Ահմեթ Դավութօղլու, Անկարա, 1-ը մարտի, 2013թ․
Ջոն Քերրի և Ահմեթ Դավութօղլու, Անկարա, 1-ը մարտի, 2013թ․

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի՝ Սենատի հանձնաժողովում ընդունվելու նախօրեին Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել Քերրիի հետ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի հետ:

«Իրավիճակի մասին ես զրուցել եմ պարոն Քերրիի հետ, նա ըմբռնել է մեր մտահոգությունները», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն, նշելով, թե չի ակնկալում, որ ԱՄՆ-ի կամ Միացյալ Նահանգների նախագահի, նրա վարչակազմի կողմից Թուրքիային անհանգստացնող քայլեր կարվեն:

«Թուրքիայի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ: Մենք հույս ունենք, որ նրանք դա չեն ընդունի», - ասել է Դավութօղլուն:

Ապրիլի 24-ին ընդառաջ, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև Սենատում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քըրքի կողմից շրջանառության մեջ է դրվել բանաձևի մի նոր նախագիծ, որը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ամբողջովին ընդունելու հենքի վրա:

Դավութօղլուն Քերրիի հետ հեռախոսազրույց է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան, նրանք անդրադարձել են նաև Սիրիայի և Եգիպտոսի իրադարձությունների զարգացումներին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցի մասին Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է հաջորդ օրը՝ Ճապոնիա մեկնելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Այդ հեռախոսազրույցից հետո՝ հինգշաբթի օրը, Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG