Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Թատրոն X» հերթական փառատոնը


Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը:
Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը:
Այսօր երեկոյան Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կմեկնարկի «Թատրոն X» փառատոնը, որն այս տարի կավարտվի մայիսի 3-ին:

Թատերական այս փառատոնն անցկացվում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ ու Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն 19 բեմադրություններ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

Փառատոնի նախագահ՝ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց․ - «Փառատոնի միջոցով մենք կարողանում ենք պետական օղակի ուշադրության կենտրոնում պահել նաև ոչ պետական կարգավիճակ ունեցող ստեղծագործական խմբերը: Որովհետև պետական մշակութային քաղաքականություն ասելով՝ չպետք է հասկանանք միայն պետական կարգավիճակ ունեցող հաստատությունները: Փառատոնը այս ճանապարհով փորձում է առաջին պլան բերել նաև անկախ ստեղծագործական երիտասարդական խմբերին»:

Այս տարի, առաջին անգամը լինելով փառատոնի պատմության մեջ, Մշակույթի նախարարի հրամանով սահմանվել են մրցանակներ:

Այս փառատոնի շնորհիվ մի քանի տարի առաջ մեկնարկեց երիտասարդ թատերական գործիչների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է որոշ նախագծեր:

«Իսկապես խնդիր ունենք առավելագույնս աջակցելու նոր, դեբյուտային ծրագրերին, երիտասարդական մտահղացումներին և այլն», - ասաց ասուլիսի բանախոսներից Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Հիմնադրումից ի վեր «Թատրոն X» փառատոնը բաց հարթակ է դարձել ազատ երկխոսության, քննարկման համար: Յուրաքանչյուր ներկայացումից հետո այդ քննարկումներին մասնակցում են թատերախումբը, հանդիսատեսը, թատերագետները:

«Փառատոնի կարգախոսը կայուն է», - նշեց Արա Խզմալյանը: - «Այն խնդիրները, որ մենք դրել են՝ մշակութային միասնություն, բանավեճի փառատոն: Կարծում եմ, այս երկու բառակապակցությունը հստակ ձևակերպում է մեր խնդիրներն ու նպատակները»:

«Մեր ոլորտում բանավեճի մշակույթի որոշակի բաց կա: Եվ կարծում եմ, «Թատրոն X»-ի հենց այս կարգախոսը՝ բանավիճելու արվեստը մտցնել, արդար, անկաշկանդ հիմնավորված բանավեճ տանել, շատ կարևոր է նաև մեր ոլորտում», - հավելեց Արթուր Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG