Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Հայաստանի տնտեսությունը ծանրագույն ճգնաժամ է ապրում»


Գագիկ Ծառուկյանի ելույթը «հրաշալի քառյակի» զարգացման ծրագրի քննարկման ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Գագիկ Ծառուկյանի ելույթը քառյակի ծրագրի քննարկման ժամանակ

Քառյակը «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի քննարկում անցկացրեց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը ծանրագույն ճգնաժամ է ապրում, և ժամանակն է եկել երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։

Շաբաթ օրը Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի կողմից Ծաղկաձորում կազմակերպված «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի քննարկման սկզբում Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ունի նաև աշխարհի աջակցության և օգնության կարիքը։

«Մենք ուրիշների պես չենք ասում՝ մենք ամեն ինչ գիտեք, ու երկրի տնտեսությունը մի քանի տարում հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք՝ այո, խնդիրները շատ են ու շատ բարդ, բայց մենք չենք վախենում դրանցից, մենք կարող ենք գտնել դրանց լուծումները՝ մեր ուժերով ու նաև օտարերկրյա մեր գործընկերների շնորհիվ», - հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդը՝ շարունակելով․ - «Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման: Պետք է գործի մի քանի հստակ բանաձև, առաջինը՝ աշխատող մարդուն պետությունը պետք է հարգի և օգնի, և ոչ թե խանգարի»:

Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում պետք է բիզնեսի նոր կանոններ սահմանել, վերացնել մենաշնորհը և ծանոթ-բարեկամ համակարգը։

Իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ի առաջնորդը ներքաղաքական իրավիճակին չանդրադարձավ, իսկ արդեն ընդմիջմանը նա լքեց դահլիճը։ Հարցերի հրաժարվեց պատասխանել, ինչպես նրա խոսնակը ասաց՝ Ծառուկյանը կարևոր հանդիպման էր։

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՅ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը համաժողովին չէին մասնակցում: Փոխարենը՝ չորս ուժերի ներկայացուցիչները այստեղ էին։

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ով էլ հենց համակարգում էր համաժողովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս միջոցառմանը քննարկում են Հայաստանի տնտեսական ապագան, իսկ ինչ վերաբերում է նախագահի հրաժարականին, ապա նման հարց ԲՀԿ-ն այս պահին չի քննարկում։

«Մենք կսպասենք դեպքերի ընթացքին, կտեսնենք կառավարությանը ձևավորվող․ եթե կառավարությունը նոր ձևավորվող կշարունակի այն քաղաքականությունը, որ իրականացրել է նախկինը, ուրեմն՝ մենք մեր դիրքերից ավելի կոշտ, ավելի նպատակային կքննադատենք, կմատնանշենք», - ասաց Մելքումյանը:

«Այսինքն՝ դա ե՞րբ կհասկացվի՝ նոր վարչապետը կնշանակվի․․․», - «Ազատության» այս հարցին նա պատասխանեց․ - «Դե, եկեք տեսնենք՝ դեռ նա պետք է ծրագիր ներկայացնի, կառավարություն ձևավորվի»:

«Այսինքն՝ կսպասեք՝ ինչ-որ ժամանակ աշխատի՞ նաև նոր կառավարությունը», - այս հարցին էլ Մելքումյանը արձագանքեց․ - «Չէ, դե գիտեք ինչ, թող ծրագիր ներկայացնի, հասկանանք՝ ինքը ինչ է հայտարարում: Նախ և առաջ՝ ինքը ծրագրի մասին խոսում է, չէ՞, ուրեմն, իր կուրսի, սպասենք տեսնենք՝ այդ կուրսը ինչպիսին է լինելու, նոր․․․»:

Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ իրենք կոալիցիա կազմելու հարց չեն քննարկում, իսկ այսօրվա միջոցառումը ապացուցում է, որ չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է։

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այս համաժողովը կարևոր է, քանի որ քննարկում են, թե ինչպես պետք է բարելավեն երկրի վիճակը, որովհետև իշխող Հանրապետականը «տապալված» մեծամասնություն է և ոչ մի լավ բան չի կարող անել երկրի համար։

Ինչ վերաբերում է ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքներին՝ Զուրաբյանը ասաց․ - «Նոր վիճակ է ստեղծվել, հանրահավաքը կոնկրետ կապված էր նաև, որ մենք այդ օրը անվստահություն պիտի հայտնեինք կառավարությանը, հիմա նման առիթ չունենք: Բայց հնարավոր է՝ նման առիթ առաջանա արդեն՝ կապված այս նոր կառավարության ծրագրի ներկայացման հետ, որը մերժելով՝ մենք կարող ենք լուրջ արդյունքներ հասնել: Հիմա, կապված նրանից, թե այս գործընթացը ոնց կգնա, մենք էլ արդեն կվերանայենք մեր ժամկետները»:

Նա չբացառեց, որ ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է տեղափոխվել այլ օր:

Արդեն տնտեսական համաժողովի ընթացքում Լևոն Զուրաբյանը առաջարկեց, որ նախ պետք է քաղաքական դաշտում հաղթանակել, հետո նոր՝ տնտեսական։

Նրա հետ համաձայնեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը։ «Այսօր Հայաստանում տնտեսական բոլոր, գիտեք, խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Սա արդեն արձանագրվեց, կասկած չկա դրա մեջ: Եվ մինչև որ մեր քաղաքական խնդիրները չլուծենք, չլինի արդար ընտրություն, չլինի օրինական իշխանություններ, իսկապես, բոլոր այն տնտեսական ծրագրերը, որի մասին մենք կարող էինք երկար խոսել, դժվար կլինի իրականացնել», - հայտարարեց Օսկանյանը:

Ի դեպ, համաժողովի ծրագրում ասվում էր, որ զեկույցով պետք է հանդես գա նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը, ով, սակայն, չէր ներկայացել, թե ինչու՝ կազմակերպիչները տեղյակ չէին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG