Մատչելիության հղումներ

«Ֆեյքերի մասին» վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումները չեն դադարում


Վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումները չեն դադարում
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումները չեն դադարում

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի կամ ավելի հայտնի անվամբ «Ֆեյքերի մասին» օրինագծի դեմ արտահայտվեց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, տեղական ինը լրագրողական կազմակերպություն, բազմաթիվ խմաբագիրներ ու մեդիա դաշտի ներկայացուցիչներ։

Մարտի վերջին Ազգային ժողովում անցկացված քննարկումից հետո օրինագծի հեղինակները հայտնել են, որ կձևավորեն աշխատանքային խումբ օրինագիծը բարելավելու համար։ Մեդիա ոլորտի շատ մասնագետներ, սակայն, հրաժարվում են ընդգրկվել այդ խմբում։

Նրանցից մեկը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն է, ում համոզմամբ նախագիծը բարեփոխման հնարավորություն չունի։

«Բավականին լուրջ ահազանգ է, որ փորձ է արվելու այս օրինագծի ընդունման դեպքում այս ճանապարհով լռեցնել այն ԶԼՄ-ներին, սոցցանցերի այն կարծիքները, մեկնաբանությունները, լրատվությունը, որոնք գոնե այսօր քիչ թե շատ ապահովում են հանրությանը այլընտրանքային տեղեկատվությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտնեց Դոյդոյանը։

Նախագիծը պատասխանատվության է կանչում լրատվամիջոցներին իրենց էջում ընթերցողների թողած մեկնաբանությունների համար։ Մասնագետները նկատում են՝ քանի որ ինտերնետի օգտատերը իրավունք ունի անհայտ մնալ, պատասխանատվությունը համարյա միշտ կմնա ԶԼՄ-ի ուսերին: Ըստ օրինագծի՝ եթե լրատվամիջոցը բողոք ստանալուց հետո չհեռացնի որևէ քաղաքական կամ հասարակական գործչի համոզմամբ վիրավորական մեկնաբանությունը, ապա կարող է կանգնել դատարանի առջև։

Շուշան Դոյդոյանը փաստում է, որ Հայաստանի՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ չունեցող ԶԼՄ-ները չեն կարող աշխատողներ պահել, ովքեր առավոտից գիշեր կհետևեն մեկնաբանություններին ոչ միայն լրատվամիջոցի, այլև սոցիալական ցանցերի հարթակներում։

«Եկեք հեծանիվ չհայտնագործենք։ Ողջ աշխարհում այդ ոլորտը դեռևս կայուն կարգավորման ենթարկված չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը, այն էլ այս քաղաքական պայմաններում, այսպիսի նախաձեռնություն անի և դառնա այդ ոլորտում կարգավորող ռահվիրան։ Թողենք, որ աշխարհում կայուն ավանդույթներ ձևավորվեն այդ ոլորտի կարգավորման, կուսումնասիրենք լավագույն փորձը, նոր դա կփորձենք ներդնել Հայաստանում։ Այս պահին, այս քաղաքական իրավիճակում ուղղակի անթույլատրելի է նման օրինագծի ընդունում», - համոզված է Դոյդոյանը։

«Ամենահիմնական հնչող հակափաստարկն այն է, որ նախագծի անհրաժեշտությունը չկա, թողնենք ինքնակարգավորման։ Ես կհամաձայնեի այդ տեսակետի հետ, եթե մենք այս պահին ոչ մի կարգավորում չունենայինք, բայց «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործը ամբողջովին ի վնաս լրատվամիջոցի մեկնաբանությունների լայն հնարավորություն է տալիս»,- «Ազատության» հետ զրույցում ասաց օրինագծի համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

Օրինագծի հեղինակները պնդում են, որ իրենց այսպիսի օրինագիծ մշակել դրդել է «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» Եվրոպական դատարանի գործը, ըստ որի լրատվամիջոցը պատասխանատու է համարվել մի ընկերության հասցեին իր էջում հայտնված տասնյակ զրպարտությունների համար։ Նշենք, սակայն, որ լրատվամիջոցի դեմ դատարանի կայացրած այս վճիռը քննադատվում է հենց եվրոպացի իրավապաշտպանների կողմից, և բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, նիստն էլ տեղի է ունենալու ամռանը։ Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են հայ պատգամավորները այսպիսի շտապողականությամբ փորձել այս նախադեպային որոշումը տեղական օրենքի վերածել։

«Ձեր հարցադրումը ճիշտ կլիներ, եթե մենք մեր նախագծում ամրագրեինք Դելֆիի գործով մոտեցումները, այդպիսով կստացվեր, որ մենք շտապել ենք ամրագրել մոտեցումներ, որոնք քննադատվում են, մինչդեռ մենք մեղմացնում ենք իրավիճակը և սահմանում ենք այնպիսի կարգավորումներ, որոնք ամբողջ Եվրամիության տարածքում ընդունված են»,- հավելեց պատգամավորը։

Պատգամավորները Դելֆիի գործը մեղմացրել են այնքանով, որ հնարավորություն է տրվում ԶԼՄ-ին զգուշացնել, որ վերջինս պետք է հեռացնի գրառումը։ Հստակ չէ, սակայն, թե ինչպես է տրվելու այդ զուշացումը՝ փոստով, հեռախոսազանգով, էլեկտրոնային նամակով, թե որևէ այլ կերպ, արդյոք զգուշացումից հետո օրինագծով նախատեսված 12 ժամը ընդգրկում է նաև ոչ աշխատանքային ժամերը և այլն:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում նույնպես ասաց, որ աշխատանքային խմբի անդամ չի դառնա, որովհետև, ըստ նրա, օրինագիծն ոչ մի դեպքում դաշտը կարգավորել չի կարող։

«Ես կարծում եմ, որ բամբասանքի ոլորտը օրենսդրական կարգավորման առարկա դառնալ չի կարող։ Եկեք մի օրինակ քննարկենք. ենթադրենք պայմանավորվում են, որ մի մեկնաբանություն ԶԼՄ-ն պետք է հանի 12 ժամի ընթացքում, բայց այդ ժամկետում այդ միտքը 120 մոդիֆիկացված տարբերակներով հայտնվել ուրիշ կայքերում, ուրեմն այս մարդը պարտավոր է 3-4 հոգանոց բրիգադ վարձել, որ պիտի նստի առավոտից իրիկուն հայկական ինտերնետային կայքերը վերահսկելու գործին, տեսնի ինչպիսի վերարտադրություններ են գրում, որպեսզի բոլորի հետ զանգ տա, խոսի, հանել տա, մի խոսքով, մի անհեթեթ պատմություն է ստացվում»,- ասաց Բարսեղյանը։

Օրինագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ ասել էր, որ նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին, բայց նշենք, որ մինչև օրս չեն բացահայտվել նախաձեռնության անհրաժեշտության մասին բարձրաձայնած փորձագետները։
XS
SM
MD
LG