Մատչելիության հղումներ

Ուկրաինան հակաահաբեկչական գործողություն է սկսում Դոնեցկի մարզում


Ուկրաինա - Ռուսաստանի դրոշը Դոնեցկի բարիկադների վրա՝ պատված փշալարերով, 15-ը ապրիլի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսաստանի դրոշը Դոնեցկի բարիկադների վրա՝ պատված փշալարերով, 15-ը ապրիլի, 2014թ․

«Ռուսաստանը շարունակում է բռնի ծրագրեր իրականացնել մեր երկրում», - հայտարարում է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:

Ուկրաինայի արևելյան շրջաններում ժամ առ ժամ աճող լարվածության ֆոնին Կիևն ու Մոսկվան շարունակում են միմյանց մեղադրել իրադրությունը սրելու և բռնի գործողություններ հրահրելու մեջ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, այսօր ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարում էր․ - «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է բռնի ծրագրեր իրականացնել մեր երկրում: Մոսկվան ցանկանում է, որպեսզի կրակի մեջ լինի ոչ միայն Դոնբասը, այլև Ուկրաինայի ողջ արևելքն ու հարավը` Խարկովի մարզից մինչև Օդեսա»:

Ի տարբերություն Ղրիմի, սակայն, այս անգամ ուկրաինական իշխանությունները կարծես հակված են զինված դիմադրություն ցուցաբերել:

«Այսօր առավոտյան Դոնեցկի մարզի արևելքում մեկնարկել է հակաահաբեկչական գործողություն, որը կընթանա շատ պատասխանատու կերպով, զգուշորեն և փուլ առ փուլ: Դրա նպատակն է պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիներին, վերջ տալ ահաբեկչությանն ու քրեական տարրերի գործողություններին, թույլ չտալ Ուկրաինայի մասնատումը», - հայտարարում էր Տուրչինովը:

Այն պահին, երբ Տուրչինովը ելույթ էր ունենում խորհրդարանի ամբիոնից, Գերագույն ռադայի մոտ հավաքված ազգայնականները իշխանություններին մեղադրում էին իրավիճակը չվերահսկելու և կոշտ գործողությունների դիմելու անկարողության մեջ:

«Եթե դուք կտրուկ գործողություններ եք ուզում, ոչ թե ցույցեր կազմակերպեք Կիևի կենտրոնում, այլ համալրեք ոստիկանության, Ազգային գվարդիայի, բանակի շարքերը և ուղևորվեք Դոնբաս», - դիմելով ցուցարարներին՝ հայտարարեց Տուրչինովը:

Ազգայանականները, սակայն, գերադասում են իրենց հարձակումների թիրախ ընտրել ոչ թե Արևելյան Ուկրաինայում գործող զինված խմբերին, այլ նախագահական ընտրություններում առաջադրված ամենառուսամետ թեկնածուին` Ռեգիոնների կուսակցության նախկին անդամ Օլեգ Ցարյովին: Երկրի արևելյան շրջանների, ինչպես նաև Մոսկվայի հետ փոխզիջման անհրաժեշտության մասին խոսող պատգամավորի վրա ազգայնականները հարձակվեցին երեկ ուշ երեկոյան, երբ նա դուրս էր գալիս ICTV հեռուստաընկերության շենքից` Սավիկ Շուստերի «Խոսքի ազատություն» թոք-շոուում հյուրընկալվելուց հետո: Նախագահի թեկնածուին ազգայնական կազմակերպությունների կողմնակիցները դաժան ծեծի ենթարկեցին, նրան գազազած ամբոխի ձեռքից հնարավոր եղավ փրկել միայն թիկնազորի ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայում ստեղծված խիստ անկայուն կացությունը անցած գիշեր ևս մեկ անգամ հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները: BBC-ի տեղեկություններով՝ Բարաք Օբաման զգուշացրել է Վլադիմիր Պուտինին, որ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, այսօր ելույթ ունենալով Պեկինում, հայտարարել է․ - «Ուկրաինայի արևելքի առնվազն 10 քաղաքներում ծագած ճգնաժամը հաղթահարելու բռնի մեթոդները կարող են տապալել ապրիլի 17-ին նախատեսված քառակողմ հանդիպումը»:

Հիշեցնենք՝ երկու օրից Ուկրաինայում ստեղծված կացությունը քննարկելու են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության և պաշտոնական Կիևի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG