Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը կառավարությանը հանրային օրակարգ է առաջարկում


Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց, արխիվ
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց, արխիվ
Մի շարք հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով նոր կառավարության կազմը ձևավորել հավակնող բոլոր ուժերից։

Հասարակական կազմակերպությունները տասը կետով շարադրել են այն առաջնահերթություններն ու խնդիրները՝ հանրային օրակարգը, որն արդեն իսկ առկա է քաղաքացիական դաշտում։

Մասնավորապես, առաջարկվում է «դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը, ստվերից հանել օլիգարխների բիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը, կարգավորել հանքարդյունաբերության ոլորտը» և այլն։

Հայտարարության վերջաբանում նշվում է, որ կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։ Այս հայտարարության տակ արդեն ստորագրել է 11 հասարակական կազմակերպություն և քաղաքացիական նախաձեռնություն։

Ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու քաղաքացիական վերահսկողությունը, եթե կառավարությունը որոշի համագործակցել հասարակական սեկտորի հետ։ «Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը ասաց՝ թերահավատ է, որ կառավարությունը կընդունի իրենց առաջարկները։

Քաղաքացիական նախաձեռնությունները միշտ չէ, որ հաջողության են հասնում ակցիաներ անցկացնելով։ Դա սխալ մարտավարության հետևանք է, պետք է ավելի համախմբված լինել, նկատում է Դանիելյանը։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի կազմակերպված հանդես գա և ճնշումների տարբեր մեխանիզմներ իրագործի, որովհետև եթե մենք տեսնենք, թե վերջին ժամանակներում որ ակցիաներն են հաջողության հասել, օրինակ, Մաշտոցի այգին, 100 դրամի ակցիան կամ «Դեմ եմ»-ը, ապա այդտեղ միայն ճնշումներն են աշխատում, երբ քաղաքացիական հասարակությունը ոչ թե դիմում է, ոչ թե խնդրում է, այլ իրականացնում է»,- ասաց Դանիելյանը։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահն ասում է՝ իրենք հանրային օրակարգ են առաջարկում։

«Մի կողմ դնենք, որ դա պահանջ էր կառավարությանը, սա նաև հանրային օրակարգի ձևավորում էր։ Ինձ համար կարևորը այն է, որ քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ հավաքվել են և մշակել են որոշակի օրակարգ, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Կառավարությունը կանի դա, թե՝ չի անի, դա այլ խոսակցություն է։ Ավելի շուտ չի անի, մենք բոլորս էլ հասկանում ենք, բայց սա մոբիլիզացիայի փորձ է կոնկրետ մի թղթի շուրջ հավաքվելու համար»։

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ասաց, թե այս հայտարարությունը, ըստ էության, տարիներ շարունակ իրենց ունեցած մտահոգությունների հանրագումարն է, որոնց իրականացումը այնքան էլ դժվար չէ։

«Եթե հանկարծ իրենք նման պատրաստակամություն ցուցաբերեն, բազմաթիվ բաներ կան մեր առօրյա կյանքում, որոնք խախտվում են, անմիջապես պետք է առաջարկեն, որ այդ խախտումներ վերացվեն, օրինակ, իշխանության մեջ բիզնեսով զբաղվող մարդիկ չլինեն»,- ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է ձևավորվի հանրությունից. - «Երբ իշխանությունը հանրությունից չի ձևավորված, իշխանությունը պահպանելու գործիքները բոլորովին այլ են, քան այն իշխանությանը, որը հանրությունից է ձևավորված. ունենալ բարձր հեղինակություն, շահել և շահած պահել հանրության վստահությունը, որպեսզի հաջորդ ընտրություններում նորից ընտրվես՝ էլեմենտար, դասական սկզբունքն է սա, բայց մերի դեպքում այդպես չէ, իշխանությունը հանրությունից չէ։ Իշխանությունը մտածում է մնացած գործիքներով իշխանությունը պահել կամ վերարտադրվել՝ ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, զանգվածային օրինազանցություններ»։
XS
SM
MD
LG