Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դռները փակ են արտագնա աշխատանքի մեկնող շատ հայերի համար


Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Տոնական Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան է եկել անցած տարվա վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու, սակայն երբ ցանկացել է կրկին մեկնել արտագնա աշխատանքի, պարզվել է, որ Ռուսաստանի դռները նրա համար փակ են:

«Իմ անվան դիմաց կոնկրետ գրված է, որ հիմք կա չթողնելու Ռուսաստան»,- ասաց Սարգսյանը։

Թե երբ նա կրկին իրավունք կստանա վերադառնալու, չգիտի. խոստովանում է, որ իսկապես վերջին տարիների ընթացքում երկու անգամ խախտել է միգրացիոն օրենքը, սակայն տուգանքները վճարել է: Ռուսաստանում որպես շինարար է աշխատել ու բավականին բարձր վարձատրվել, այստեղ արդեն 4-5 ամիս է չի աշխատում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելը հատկապես վերջին տարիներին եկամտաբեր չէ: Գյուղը ոռոգման ջուր գրեթե չի ստանում:

«Մինչ օրս ոչ մի կոպեկ չեմ աշխատել, որ աշխատանք չկա, որտեղից աշխատեմ»,- ասաց Սարգսյանը.- «Ես իմ սեփական այգին եմ մշակում, բայց ցուրտը տարել է, ոչ մեկի մտքով էլ չի անցնում, թե կարելի է գյուղացիներին ինչ-որ բանով օգնել»։

Գյուղի մեկ այլ բնակիչ Ալբերտ Հակոբյանը Ռուսաստանի միգրացիոն ծառայության կայքում իր անվան դիմաց որևէ նշում չի գտել: Տոմս է գնել ու սովորականի պես թռել Ռուսաստան:

«Տոմս վերցրեցի, թղթերը տվի նայելու, ոչ մի բան չկար, մաքուր էր, գնացինք էնտեղ, տամոժնին բաց չթողեց՝ չեք կարա անցնեք ու ֆյսո... էլ ոչ բան չասին, մենակ ասին, որ հետադարձ ռեյսով պտի հետ գնաք Հայաստան։ 100 հազար մենակ տոմսի փողն էր»,- պատմեց Հակոբյանը ու պնդեց, որ Ռուսաստանում աշխատելու ընթացքում ոչ մի խախտում թույլ չի տվել։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն իրավիճակում 2014-ի սկզբից հայտնվել են մոտ 30 հազար Հայաստանի քաղաքացիներ: Դա յուրաքանչյուր տարի Ռուսաստան աշխատանքի մեկնողների ավելի քան 1/3-ն է:

Ու թեև Հայաստանի իշխանությունները տարբեր համաձայնագրեր ու հուշագրեր ստորագրելով Ռուսաստանի հետ հույս ունեն, որ ավելի լայն հնարավորություններ կբացվեն Մաքսային միություն գնացող մեր երկրի աշխատաշուկայի համար, սակայն ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը գործընկերային ու ռազմավարական չէ:

«Ակնհայտ է, որ ետխորհրդային երկրների հետ հարաբերություններ կառուցել գործընկերային հարթությունում Ռուսաստանը չի պատրաստվում։ Անկախ նրանից, թե ով ինչպիսի գնահատական է տալիս Ուկրաինայի իրադարձություններին, դրանք ցույց տվեցին մի բան, որ պուտինյան Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում թքած ունենալով նաև Արևմուտքի կարծիքի վրա, պատրաստ է գնալ այնպիսի լուծումների, որոնք պարունակում են նաև ուժային բաղադրիչ»,- ասաց Գաբրիելյանը։

Թերև Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ խոստանում է աշխատատեղեր ստեղծել, սակայն գոնե գյուղացիների դեպքում պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի նրանք կարողանան լավ արտադրանք ստեղծել և իրացնել ապրանքը, շեշտում է ազգագրագետը։

«Մեր երկրում ագրարային քաղաքականություն չկա։ Քանի դեռ գյուղատնտեսության ոլորտ մտնում են կարճ փողեր, քանի դեռ գյուղացին գրավի դիմաց որևէ բանկից ստանում է վարկ ընդամենը մեկ տարի ժամկետով, քանի դեռ գյուղատնտեսության ոլորտն է գնում մոնոպոլիզիացիայի ճանապարհով, այդ մարդիկ միշտ ունենալու են խնդիր։ Աճեցնելու են պոմիդոր կամ վարունգ, և միշտ լինելու է մեկը, որ այդ այն նույն պոմիդորն ու վարունգը ներկրելու է անհամեմատ էժան գներով Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և տարբեր սուպերմարկետների ցանցերի տերերին ուղղակի պարտադրելու է, որ վաճառեն իր ներմուծածը»,- ասաց Գաբրելյանը։
XS
SM
MD
LG