Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ քննադատության թիրախում


Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը քննադատության թիրախում
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ինչպես տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական էջից, նախագահ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները անցյալ տարի կազմել են 129 միլիոն 400 հազար դրամ՝ մոտ 311 հազար դոլար։

Տարվա ընթացքում նախագահի եկամուտները կազմել են մոտ 60 հազար դոլար, ինչը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառություններից և այլ եկամուտներից։

Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, 2013-ին որևէ գույք չեն գնել, չեն օտարել, արժեթուղթ ձեռք չեն բերել, ներդրումներ չեն կատարել։ Նախագահի կինը, ըստ պաշտոնապես հրապարակված հայտարարագրի, եկամուտներ չի ունեցել․ նրա դրամական միջոցները տարվա ընթացքում մոտ 10 միլիոն դրամով նվազել են՝ տարեվերջին կազմելով մոտ 250 հազար դոլար։

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքում կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, ըստ պաշտոնական թվերի, ամուսնուց հարուստ է. տիկին Աբրահամյանը տարեվերջին ունեցել է 2 միլիոն 850 հազար դոլար և 300 միլիոն դրամ, իսկ Հովիկ Աբրահամյանի միջոցները կազմել են 1 միլիոն 950 հազար դոլար և 270 միլիոն դրամ։ Խորհրդարանի արդեն նախկին խոսնակի եկամուտները անցած տարի կազմել են մոտ 43 միլիոն դրամ, որից 3 միլիոնն է գոյացել աշխատավարձից, մնացածի աղբյուրը չի նշվում։

Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական կապերի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2013-ին հայտարարագրել է ամենամեծ կարողությունը. ավելի քան 40 միլիոն դոլարի եկամուտ, որից ավելի քան 12 միլիոնը, ըստ հայտարարագրի, ստացվել է բնամթերքով։ Եկամտի մնացած մասը գոյացել է շահաբաժնից, տրված ու ստացված փոխառություններից, գույքի օտարումից։ Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները անցյալ տարի աճել են՝ տարեվերջին կազմելով 41 միլիոն դոլար, 23 միլիոն եվրո և մոտ 26 միլիարդ դրամ։ Ծառուկյանի կինը կարողություններով զիջում է ամուսնուն՝ Ջավահիր Ծառուկյանի եկամուտները անցած տարի կազմել են ավելի քան 10 միլիարդ դրամ կամ 2.5 միլիոն դոլար։

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն էլ է նրանից հարուստ, համենայնդեպս ըստ հայտարարագրի. պատգամավորի անվան դիմաց նշված է տարվա ընթացքում շահաբաժիններից ստացած մոտ 12 միլիոն դրամ կամ 30 հազար դոլար եկամուտ, մինչդեռ նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եկամուտները կազմել են ավելի քան 622 միլիոն դրամ, ինչը հավասարազոր է 1,5 միլիոն դոլարի։ Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 250 հազար դոլար և մոտ 357 միլիոն դրամ, կնոջ միջոցները՝ 8,5 միլիոն դոլար և ավելի քան 7,5 միլիարդ դրամ։ Ըստ հայտարարագրի, Շողերինա Մկրտչյանի եկամուտները գոյանում են շահաբաժիններից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից։

Սամվել Ալեքսանյանի հետ խնամիական կապերի մեջ գտնվող հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանի եկամտի միակ աղբյուրը 2013-ին եղել է աշխատավարձը. ողջ տարվա կտրվածքով 3 միլիոն 745 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ. խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ որպես եկամտի միակ աղբյուր հայտարարագրել է տարվա ընթացքում աշխատավարձից ու կենսաթոշակից ստացած ավելի քան 3 միլիոն դրամը, նրա կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի եկամուտները 10-ն անգամ ավելին են՝ կազմելով 30 միլիոն 488 հազար դրամ։ Պատգամավորի աշխատավարձը որպես եկամտի միակ աղբյուր նշել են նաև իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ Վարդան Այվազյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, ևս որպես եկամտի միակ աղբյուր նշել է պատգամավորի աշխատավարձը, բայց տարվա ընթացքում ձեռք է բերել 3 մեքենա, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 296 հազար դոլարը։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետի եկամուտն անցյալ տարի կազմել է ընդամենը 7 միլիոն 333 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո։ Պատգամավորներ Մանվել Գրիգորյանի ու Սեդրակ Սարոյանի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն։

«Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Հայկակ Արշամյանն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ազատության» հետ զրույցներում կասկածի տակ առնելով հայտարարագրերում նշված բազմաթիվ փաստերի արժանահավատությունը, արձանագրում են՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր ներկայացնելը դարձել է ձևական գործընթաց։ Մինչդեռ, ի սկզբանե դրա նպատակը ստվերում գործող պաշտոնյաներին հարկային դաշտ բերելն էր ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված վերահսկողություն սահմանելը։

«Ցավով պետք է փաստեմ, որ տարբեր պաշտոնյաների կանայք պարզվում է ավելի հարուստ մարդիկ են և հաջողակ բիզնեսմեններ։ Տանը նստած են, բայց լուրջ բիզնեսներ ունեն»,- նշեց Արշամյանը,- «Ինչևէ, գործընթացը, այո, շատ ձևական է դարձել և իր իմաստը կորցրել է, այսինքն թղթի վրա արվում է մի բան, որը իրականության հետ ոչ մի կապ չունի»։

«Փաստորեն այն պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք առհասարակ, որոնք հասարակության մեջ հայտնի են որպես երկրի ամենահարուստ մարդկանց ցանկում գտնվող, երբ նայում ես հայտարարագրերը, ցանկություն է առաջանում հանգանակություն կազմակերպել և մեր հայտնի քաղաքական գործիչներին օգնություն ցուցաբերել»,- հեգնեց Աշոտ Մելիքյանը,- «Ժպիտ է, իհարկե, առաջանում, բայց դրա հետ մեկտեղ, եթե այդ հայտարարագրերը իրականությանը չեն համապատասխանում, կամ գոնե ինչ-որ չափով օբյեկտիվ տվյալներ չեն տալիս, ապա այս ամբողջ գործընթացի և կայքի իմաստը կորում է։ Ավելին, այդ կայքը կարծես թե շղարշ է դառնում իրական պատկերը թաքցնելու համար։ Փաստորեն մեզ մոտ իշխանությունը նաև լրացուցիչ եկամուտների աղբյուր է, պաշտոնատար անձինք ուղղակի չեն կարող բացեիբաց ցույց տալ, որ իրենք ավելի շատ են վաստակել, քան նախատեսված է իրենց աշխատավարձով կամ օրենքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG