Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը «մնայուն» է որակում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները


Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Այսօր պաշտպանության նախարարությունում Լիտվայի ռազմական գերատեսչության ղեկավար Յուոզաս Օլեկասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ապրիլի 1-ին գերմանական հեղինակավոր «Շպիգել» հանդեսը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրեց, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ: Ընդ որում, յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը:

«Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները մնայուն են, այն հանձնառությունները, որոնք պայմանավորված են համագործակցության համապատասխան ոլորտներում զարգացման առումով, մնալու են և մենք այդ միջոցառումները իրականացնելու ենք մինչև վերջ», - հայտարարեց Օհանյանը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի անդամ Լիտվայի պաշտպանության նախարարը հայտարարեց՝ չնայած ուկրաինական ճգնաժամին և Արևմուտք-Ռուսաստան սրված հարաբերություններին, Վիլնյուսը մտադիր է մեծապես աջակցել Հյուսիսատլանտյան դաշինքի ու Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:

«Մենք մեծապես աջակցում ենք ՆԱՏՕ-ի ու Արևելյան գործընկերության երկրների, ներառյալ՝ Հայաստանի հարաբերությունների շարունակմանը: Այս տարի մենք նշեցինք՝ ՆԱՏՕ-ում մեր անդամակցության տասնամյակը, և հիմնված մեր փորձի վրա՝ ես Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի հարաբերությունների զարգացման մեծ ջատագովն եմ: [ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր որոշումը] նոր հնարավորություններ ստեղծեց ժողովրդավարացնել, արդիականացնել և բարեփոխել մեր զինված ուժերը: Կարծում եմ, սա լավ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի համար», - մասնավորապես, ասաց Յուոզաս Օլեկասը:

Ասուլիսից հետո՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ուր Յուոզաս Օլեկասը այցելել էր հարգանքի տուրք մատուցելու, նրանից հետաքրքրվեցինք՝ 2008-ի ռուս-վրացական պատերազմից և Ղրիմի բռնազավթումից հետո արդյոք ՆԱՏՕ-ում հավանական համարո՞ւմ են, որ Մոսկվան կարող է նույն կերպ վարվել նաև այլ հետխորհրդային երկրների հետ:

«Դուք պետք է այս հարցը հղեք ոչ թե ինձ, այլ պարոն Պուտինին: Նա գիտի այս հարցի պատասխանը: Սակայն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասացի, որ սա նոր իրավիճակ է ստեղծել՝ սակավ կայուն, ավելի վտանգավոր, ավելի լուրջ՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ողջ Եվրոպայի համար», - արձագանքեց Լիտվայի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG