Մատչելիության հղումներ

Բրազիլիայում տրամադրությունները այնքան էլ տոնական չեն


Բրազիլիա - Ֆուտբոլի աշխարհի գավաթը և 2014 թվականի աշխարհի առաջնության «Բրազուկա» պաշտոնական գնդակը
Բրազիլիա - Ֆուտբոլի աշխարհի գավաթը և 2014 թվականի աշխարհի առաջնության «Բրազուկա» պաշտոնական գնդակը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հատկացվող մեծածավալ ծախսերի առնչությամբ դժգոհությունները երկրում չեն հանդարտվում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հաշվված օրեր են մնացել, սակայն հյուրընկալող երկիր Բրազիլիայում հանրահավաքներն ու գործադուլները չեն մարում:

Ֆուտբոլի կայսրությունը 64 տարի անց կրկին աշխարհի առաջնություն է հյուրընկալում, սակայն առայժմ առանց տոնական տրամադրության: Ըստ Բրազիլիայից ստացվող հաղորդագրությունների՝ անգամ Սան Պաուլոյում, որի մարզադաշտում նախատեսված է առաջնության բացման արարողությունը, դեռևս քիչ բան է հուշում այն մասին, որ հենց այստեղ է տեղի ունենալու աշխարհի տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը:

Աշխարհի առաջնության համար հատկացվող մեծածավալ ֆինանսական ծախսերի շուրջ Բրազիլիայում դժգոհությունները չեն հանդարտվում: Շուրջօրյա հանրահավաքները, որոնց մասնակիցները սոցիալական տարբեր պահանջներ են առաջ քաշում, կաթվածահար են արել երկրում ամբողջ երթևեկությունը՝ ավտոբուսներից մինչև ստորգետնյա տրանսպորտ:

Առաջնությանը նախապատրաստվելու շրջանակներում Բրազիլիայի կառավարությունը նախատեսում է 157 հազար զինվորականների և ոստիկանների օգնությամբ հսկել հասարակական կարգը, սակայն անգամ իրենք ոստիկանները չեն բացառում այդ օրերին բողոքի ցույցերի և գործադուլների անցկացման հավանականությունը:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք ընտրություններին, թեև շատ հազվադեպ է շփվում լրագրողների հետ, վերջերս, այդուհանդերձ, համաձայնել է հարցազրույց տալ լրատվամիջոցներին. Նա պարզաբանել է, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ նախատեսված են առաջնության խաղեր, տեղակայվել են զորամասեր: «Մենք թույլ չենք տա որևէ անկարգություն, որը կարող է խոչընդոտել խաղերի ընթացքը: Սա նշանակում է , որ երկիրը կլինի անվտանգ», - հայտարարել է Ռուսեֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG