Մատչելիության հղումներ

Սուարեսն առնվազն ութ ֆուտբոլիստի է կծել


Ուրուգվայ - Իտալիա հանդիպման ընթացքում Լուիս Սուարեսը կծել է Ջորջիո Կիելինիին, 24-ը հունիսի, 2014թ.
Ուրուգվայ - Իտալիա հանդիպման ընթացքում Լուիս Սուարեսը կծել է Ջորջիո Կիելինիին, 24-ը հունիսի, 2014թ.

Բրիտանացի մեկնաբանի համոզմամբ` Սուարեսը հոգեբանի օգնության կարիք ունի։

Ուրուգվայի հավաքականի պայքարը Բրազիլիայում ավարտվել է։ Մեկ ութերորդում ուրուգվայցիները պարտվել են Կոլումբիային։

Զուր չեն ասում, որ Ուրուգվայն առանց Սուարեսի նույնն է, ինչ Բրազիլիան առանց Նեյմարի կամ Արգենտինան առանց Մեսսիի։ Բայց Նեյմարը և Մեսսին չունեն այն հիվանդագին սովորությունը, որը հատուկ է հենց տաղանդաշատ ուրուգվայցուն` չեն կծում մրցակիցներին։

Լուիս Սուարեսը կծել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կիելինիին։ Սուարեսին արգելել են մասնակցել հավաքականի ինը խաղերին, նա չի խաղա Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին փուլերում և կվճարի 112 հազար դոլարի տուգանք։ Սուարեսը նույնիսկ չի կարող գնալ մարզադաշտ, գտնվել ընկերների կողքին և սատարել նրանց։

Ի դեպ, Կիելինին միջադեպից հետո վրդովված էր և պահանջում էր պատժել ուրուգվայցուն, սակայն երբ հայտնի դարձավ պատժաչափը` հենց ինքն ասաց, որ այն, թերևս, պահանջվածից խիստ էր։

Սուարեսը կտրականապես հերքում է Կիելինիին կծելու մեղադրանքը՝ պնդելով, թե «իտալացու հետ պայքարում մի պահ կորցրել է հավասարակշռությունը և դեմքով բախվել Կիելինիի ուսին»։

Բնական է, որ ուրուգվայցիները պաշտպանում են իրենց լավագույն հարձակվողին։ Հավաքականի ավագ Դիեգո Լուգանոն չորս ամսվա որակազրկումը համարում է «բարբարոսություն»։

«Դա մարդու իրավունքների խախտում է, չորս ամիս նա չի կարող գնալ մարզադաշտ, որտեղ 80 հազար երկրպագուներ են, չի կարող գնալ հյուրանոց և տեսակցել իր ընկերներին», - ասել է Լուգանոն։

Մինչդեռ, բացահայտվում են նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ չափազանց տաղանդավոր Սուարեսը լուրջ խնդիրներ ունի։ Պարզվում է՝ նա իր կարիերայի ընթացքում առնվազն ութ ֆուտբոլիստի է կծել, նախ՝ Ուրուգվայում, ապա՝ Հոլանդիայում և հետո էլ՝ Անգլիայում։

«Լիվերպուլ»-ի և «Ասթոն Վիլլա»-ի, ինչպես նաև Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Սթեն Քոլլիմորի կարծիքով՝ Սուարեսը պարտավոր է ընդունել, որ այդ տհաճ վիճակները պատահականություն չեն։

«Մեծ թվով հրաշալի ֆուտբոլիստներ խնդիրներ են ունեցել` Փոլ Գասկոյնը, Ջորջ Բեսթը, Մարադոնան, ես համոզված եմ, որ Սուարեսը իսկապես կծել է իտալացուն։ «Լիվերպուլ»-ը պետք է օգնի նրան։ Այդ ակումբը մենակ չի թողնում իր խաղացողին։ Սուարեսն իր մղումները, իմպուլսները կառավարելու խնդիր ունի։ Երևի նրան հոգեբան է պետք», - գրել է Քոլլիմորը և ավելացրել, թե «հայտնի մարզիկների մոտ քայքայիչ գործոն կարող է լինել ալկոհոլիզմը, բռնության հակումը, խաղամոլությունը, և միայն Սուարեսի մոտ է այն դրսևորվել այդպիսի անսպասելի եղանակով` գերլարված պահին մրցակցին կծելու անզուսպ մղումով»։

Ի դեպ, Քոլլիմորը, ով ակտիվ ֆուտբոլիստի կարիերայից հետո դարձել է ճանաչված լրագրող և հեռուստամեկնաբան, «Բլիչեր Ռիփորթ» հանդեսում հրապարակած հոդվածում նշել է, որ ժամանակին ինքն էլ լուրջ հարցեր է ունեցել և «Լիվերպուլ»-ից մեծ աջակցություն է ստացել։

Քոլլիմորի համոզմամբ՝ Սուարեսը պետք է ազնվորեն խոստովանի, որ ունի որոշակի պահերին մղումները զսպելու դժվարություն։ Մեկնաբանն ասում է, թե ահա այսպիսին պետք է լինի Սուարեսի ուղերձը երկրպագուներին և ամբողջ ֆուտբոլի աշխարհին. - «Ես գիտեմ, որ իմ արարքի համար ինձ հարկ է պատժվել, ես հիմա օգնություն եմ ստանում, մենք աշխատում ենք իմ խնդրի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG