Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների շենքի ֆասադն ապամոնտաժվեց


Աֆրիկյանների շենքի ֆասադն ապամոնտաժվեց
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Աֆրիկյանների շենքի ֆասադը ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Այսօր տեղում աշխատող բանվորները հեռացնում էին շենքի ճակատային հատվածի վերջին քարերը։

Մոտ երեք շաբաթ ակումբի շենքի պահպանման համար մի խումբ քաղաքացիների պայքարը փաստորեն արդյունք չի տվել, առաջիկա օրերին ապամոնտաժվելու է նաև շենքի մնացած մասը։

Աֆրիկյանների ակումբի պահպանման համար պայքարողներից Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ եթե իրենք ավելի համախմբված լինեին, ապա շենքը դեռ կանգուն կլիներ։ Վերլուծելով վերջին շաբաթներին տեղի ունեցածը՝ ակտիվիստը եզրակացնում է, որ միայն բողոքի ակցիաներով և իրավական ճանապարհով այսպիսի խնդիրները չեն լուծվի։

«Իշխանավորները մի սահման են ստեղծել, որի մեջ ինչ ուզում ես, կարող ես անել, դրանից ոչ մի բան մեկ է չի փոխվում։ Պետք է մեր գործելաոճը փոխենք, շատ ավելի ռադիկալ դարձնենք, հանդես գանք ուլիտմատումներով՝ ցույց տալով մեր ուժը»,- ասաց ակտիվիստը։

Գաբրիելյանի խոսքով՝ առաջիկայում ավելի արդյունավետ կլինի, եթե տարբեր խնդիրների լուծման համար ստեղծված նախաձեռնությունները միասնական հանդես գան։ Նա խոստովանեց, որ Աֆրիկյանների ակումբի շենքի հարցում դժվար թե կարողանան ինչ-որ բան փոխել, կառուցապատողը այն ամբողջությամբ կապամոնտաժի, մինչդեռ վերջերս լսել են, որ ֆասադը կարող է վերականգնվել այստեղ կառուցվելիք 16 հարկանի շենքի կազմում։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ կառուցվելիք հյուրանոցային համալիրում Աֆրիկյանների շենքի վերականգնումը անընդունելի է, բայց ներկա պայմաններում դա ամենաիրական տարբերակն է։ Պետրոսյանը հետևել է շենքի ապամոնտաժմանը, նրա կարծիքով՝ քարերը հեռացվել են բազմաթիվ խախտումներով, մեկ այլ խնդիր է նաև, որ որոշ հատվածներում ֆասադի քարերը ընդհանրապես համարակալված չեն եղել, մինչդեռ այն ապամոնտաժվեց։

Պետրոսյանի խոսքով՝ շենքի ապամոնտաժմամբ պայքարը չի ավարտվում, այսօր գործընկերների հետ կրկին դատական հայց են ներկայացրել և պահանջում են պատժել ապամոնտաժման համար թույլտվություն տված և այս ընթացքում մի շարք անօրինականություններ իրականացրած պաշտոնյաներին։

«Հիմա պետք է պայքարել, որպեսզի իրավական գնահատական տրվի այդ գործընթացի անօրինականության վերաբերյալ, դրանից հետո նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն, պետք է նրանց պատասխանատվության խնդիրը դրվի, հետո պետք է պահանջ լինի շենքը վերականգնելու համար։ Չորրորդ՝ ամենահեռահար պահանջը, որը, կարծում եմ, այս պրոցեսի ամենակարևոր ձեռքբերումը պետք է լինի, որ ՀՀ-ում որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ կարելի է հուշարձանը տեղափոխել և քանդել»,- ասաց ճարտարապետը։

Ի դեպ, առաջիկա օրերին պետք է ապամոնտաժվի նաև Աֆրիկյանների շենքի բակային հատվածը, սակայն այսօր մեր այցելության պահին այդ հատվածի քարերը համարակալված չէին։

XS
SM
MD
LG