Այս փոփոխության նպատակը այն է, որ վերջնական բուժզննման արդյունքում հնարավոր լինի տեսնել պատվաստման հետևանքներն ու խուսափել հնարավոր բարդացումներից:
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այն ժամանակ նշել էր, որ դա վերաբերելու է նաև ընթացիկ ամառային զորակոչին, բայց փաստորեն, հիմա զորակոչիկներին շարունակում են պատվաստել զինվորական հավաքակայաններում ու անմիջապես տեղափոխում զորամաս:
«Ազատության» հարցին, թե ինչու որոշումը չի գործում, առողջապահության փոխնախարարն արձագանքեց, թե պատվաստանյութ գնելու և նորակոչիկներին պատվաստելու գործառույթը անցել է իրենց նախարարությանը, և այս անցումային փուլում տեխնիկական խնդիրներ են ծագել:
«Փորձել ենք նույնը ձեռք բերել, որ որևիցե մի խնդիր չլինի և էդ նույնը ձեռք բերելու ճանապարհին ձգձգվեց էդ ամեն ինչը», - հավելեց Պողոսյանը:
Վահան Պողոսյանը համաձայն է, որ ծառայությունից անմիջապես առաջ կատարված պատվաստումները կարող են խնդրահարույց լինել․ - «Մեր հայկական սովորությամբ, էդ նախազորահավաքակայան գնալու ժամանակ առիթներ ա լինում, խնջույքներ, էդ ժամանակ կարող ա երեխան որոշակի ալկոհոլ էլ օգտագործի և էդպես գալիս ա էնտեղ: Բնականաբար, հարցումներ ա լինում՝ դուք օգտագործել եք, թե չեք օգտագործել: Մի երեխա ասում ա, մեկը չի ասում: Չեն կարող էդ անալիզները էդտեղ անեն, իմանան նա ինչ-որ բան օգտագործել ա, թե չէ»:
Փոխնախարարի համոզմամբ, սակայն, մոտ 2 շաբաթ առաջ զորակոչված 18-ամյա Իշխան Սարգսյանը պատվաստումների պատճառով չէ, որ զորամասից զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, ինչպես պնդում են նորակոչիկի հարազատները. - «Էդ խնդիրը դեռ ուսումնասիրում են, դա պատվաստումի հետ կապել չի կարելի, որովհետև հետպատվաստումային ռեակցիաների մեջ նման երևույթներ չեն լինում, այլ երևույթներ, այլ կլինիկաներ են լինում»:
Առողջապահության փոխնախարարը խոստանում է, որ առաջիկա զորակոչին մասնակցող տղաների պատվաստումը կսկսեն իրականացնել օգոստոսից: