Մատչելիության հղումներ

Թուրքական կազմակերպություններն ընդդեմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ակնկալվող քայլերի


ԱՄՆ -- Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի դեսպանատան առջև, 24-ը ապրիլի, 2014թ․:
ԱՄՆ -- Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի դեսպանատան առջև, 24-ը ապրիլի, 2014թ․:

Միացյալ Նահանգներում թուրքական լոբբիստական կազմակերպությունները ծրագիր են մշակում 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ակնկալվող քայլերին հակազդելու նպատակով:

Մասնավորապես, Վաշինգտոնում գործող թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը, որը ստեղծվել է 1979 թվականին՝ հայերի մեղադրանքներին բոլոր ճակատներում պատասխանելու համար, «գլխավոր պլան» է պատրաստել: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:

Գործնական և արագ արձագանքմանը նախապատրաստվելու համար սեպտեմբերին Վաշինգտոն են հրավիրվելու բոլոր թուրքական խմբերը, որոնք ընդգրկվելու են քարոզարշավում:

«Գործնական միջոցները» նախատեսելու են «ակտիվիստների կոմիտեների» ձևավորում, որոնք յուրաքանչյուր նահանգում այցելու են օրենսդիրներին, քարոզարշավ են տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ են լինելու ավանդական մամուլի հետ, ինտերնետային հարթակում ամերիկացիների հետ հանդիպումներ են կազմակերպելու, տեղադրելու են իրենց դասընթացները:

Տարբեր նահանգներում տեղի համալսարանների համագործակցությամբ կազմակերպելու են մեկօրյա համաժողովներ: Նախատեսված է այդպիսի 20 համաժողով անցկացնել ամերիկացի հայտի թուրքերի մասնակցությամբ, ինչպես օրինակ դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա»-ի գլխավոր տնօրեն Մուհթար Կենթը:

Արագ արձագանքումը նախատեսում է անհապաղ հակաքայլեր կատարել պատասխանելու հայկական լոբբիստական խմբերի կազմակերպած ցուցահանդեսներին, համաժողովներին, հրապարակումներին:

Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը դիմելու է գրողներին և հրատարակիչներին, որպեսզի հայկական մեղադրանքների վրա հիմնված իրենց գրքում ներառեն նաև թուրքական տեսակետները:

Թուրքական կազմակերպողների ուշադրության տակ է լինելու նաև Կապիտոլը: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը Pax Turcica ինստիտուտի հետ համատեղ կրթական ծրագիր է կազմվելու Կոնգրեսի անդամների համար: Կոնգրեսականներին անմիջապես տեղեկատվություն է տրամադրվելու, երբ նրանք հակաթուրքական օրինագիծ ներկայացնեն:

Միացյալ Նահանգների թուրքական համայնքը նաև դրամահավաք է կազմակերպելու միջոցառումների համար, ինչպես անում են հայկական կազմակերպությունները:

XS
SM
MD
LG