Մատչելիության հղումներ

Իրանը հետաքրքրված է հայկական արևային սարքով


Իրանը հետաքրքրված է հայկական արևային սարքով
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Հայաստանում Իրանի դեսպանի խոսքով՝ ապագան այլընտրանքային էներգիայինն է, քանի որ նավթն ու գազը սպառվում են։

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ստեղծած «Ախթամար» արևային սարքը գիտնականի 20 տարիների աշխատանքի արդյունքն է։ Հեղինակը պնդում է, որ սարքի միջոցով կարելի է մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիա ստանալ։ Սարքն արժե ընդամենը 1000 դոլար, և ըստ Համազասպյանի, հիսուն տարի կարող է էլեկտրաէներգիա արտադրել։

«Ախթամարը» դիտելու համար այսօր գիտնականին էր այցելել Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռայիսին՝ դեսպանատան առևտրի բաժնի վարիչի ուղեկցությամբ։ Ծանոթանալով սարքի հնարավորություններին՝ դեսպանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հիացած է։

«Իրանում արևային էներգիայով զբաղվող մի շարք ընկերություններ կան, ցանկանում ենք համագործակցություն ստեղծել մեր ընկերությունների միջև։ Այժմ մենք աշխատանքներ ենք տանելու, որպեսզի իրանական ընկերություններից մեկը այցելի այստեղ և քննարկի ներդրումային ծրագիրը։ Թե որտեղ կսկսվի արտադրությունը, պետք է որոշի իրանական կողմը»,-ասաց Ռայիսին։

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը սարքը ստեղծելու ճանապարհին մոտ 1000 գիտնականների հետ է աշխատել։ «Ախթամարն» արդեն մեկ տարի է պատրաստ է զանգվածային արտադրության, բայց գիտնականը մինչ օրս չի կարողանում ստանալ Կառավարության թույլտվությունը։ Համազասպյանի խոսքով՝ այլընտրանքային էներգիան զարգացնելու մասին հայ պաշտոնյաների հայտարարություններն այդպես էլ գործի չեն վերածվում։

Նա ասում է, որ մի քանի անգամ դիմել է իշխանություններին, վերջերս էլ նամակ է գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ փորձել է ցույց տալ իր գյուտի արդյունքները, սակայն վարչապետի փոխարեն իր հետ հանդիպել է էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից մեկը, իսկ հանդիպումը ավարտվել է ընդամենը զրույցով։

Չնայած հայ պաշտոնյաների անտարբերությանը, Իրանի դեսպանը վստահ է՝ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար թե՛ Հայաստանում, և թե՛ Իրանում բարենպաստ պայմաններ կան։

Նա պատմեց, որ նավթով և գազով հարուստ Իրանում գիտակցում են, որ ապագան էներգիայի այս ճյուղինն է, և այն մեծ պոտենցիալ ունի, այդ պատճառով էլ այժմ իրենց մոտ լայնածավալ հետազոտություններ են կատարվում այս ուղղությամբ։

«Պարոն Համազասպյանը մեծ աշխատանք է կատարել, սարքը բավականին հետաքրքիր էր։ Հաշվի առնելով այն, որ ապագայում, աշխարհում էներգետիկայի խնդիրներ են լինելու, քանի որ նավթը և գազը սպառվում են, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այլընտրանքային էներգիայի աղբյուրների և հատկապես արևային էներգիայի զարգացմանը և, այդ տեսանկյունից, այս սարքը հետաքրքիր է և ապագա ունի»,- ասաց դեսպանը։

Սարքի հեղինակ Վահան Համազասպյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համագործակցելու ցանկությունը մեծ է։ Առաջիկայում ծրագրում են այցելել Իրան, ինչպես նաև գիտնականներ հյուրընկալել այնտեղից։

«Հարմար կլինի հրավիրել իրենց մասնագետներին, որ փորձենք հասկանալ պարսկական շուկայի առանձնահատկությունները։ Ինձ հետաքրքիր է տեսնել՝ իրենց ի՞նչ հզորության և ի՞նչ ֆունկցիաներ կատարող արևային սարքեր են անհրաժեշտ, փորձենք նախագծել արևային սարք իրենց երկրի համար՝ առանձնահատկությունները հաշվի առնելով, կիրառության բնագավառները ճշտելով»,- ասաց գիտնականը։

XS
SM
MD
LG