Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ առաջին կիսաեզրափակիչ


Կոլումբիացիների կոշտ խաղը Նեյմարի դեմ, ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ-քարորդ, Ֆորտալեզա, 4 հուլիսի, 2014թ.
Կոլումբիացիների կոշտ խաղը Նեյմարի դեմ, ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ-քարորդ, Ֆորտալեզա, 4 հուլիսի, 2014թ.

Այսօր հանդիպում են Բրազիլիան և Գերմանիան, իսկ վաղը` Հոլանդիան և Արգենտինան։

Այսօր կեսգիշերին Բելու-Օրիզոնտի քաղաքի «Էստադիո Մինեյրաո» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը։ Եզրափակիչ դուրս գալու համար անհաշտ պայքար կմղեն մոլորակի հնգակի չեմպիոն Բրազիլիայի և եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականները։

Տանտերերը Ֆորտալեզե քաղաքում մեկ քառորդում հաղթել են կուլումբիացիներին, սակայն թիմը չափազանց ծանր կորուստ է կրել. վնասվածքի հետևանքով երիտասարդ ռմբարկու, հինգ գոլի հեղինակ Նեյմարը ոչ միայն բաց կթողնի կիսաեզրափակիչը և բրազիլացիների հաղթանակի դեպքում եզրափակիչը, այլև չի խաղա առնվազն մեկ ամիս։

Կոլումբիացիների պաշտպան Խուան Սունյիգան 87-րդ րոպեին բախվել է Նեյմարի հետ, իսկ ըստ որոշ պնդումների` միտումնավոր հարվածել, սակայն մրցավարը նրան նույնիսկ դեղին քարտով չի պատժել։

Չարաբաստիկ դեպքից հետո Նեյմարին անմիջապես տեղափոխել են Ֆորտալեզե քաղաքի «Սան Խուան» հիվանդանոց։ Բժիշկները Նեյմարի մոտ գոտկատեղի երրորդ ողի կոտրվածք են ախտորոշել։

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիս Ռունկոն բացառել է Նեյմարի մասնակցությունը գերմանացիների հետ հանդիպմանը։ Մեկնաբաններն ակնարկել էին, թե Նեյմարը գուցե կխաղա` ցավազրկողներ ընդունելուց հետո։

«Դա անհեթեթություն է։ Վնասվածքը շատ լուրջ է, մեկ շաբաթում չի բուժվում։ Առնվազն երեք շաբաթ է պետք, նրա համար այս առաջնությունն ավարտվեց»,- ասել է Ռունկոն։

«1962 թվականին ես էլ եմ վնասված ստացել, բայց Աստված Բրազիլիային հաղթանակ պարգևեց, հուսով եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»,- ասել է «ֆուտբոլի արքա» Պելեն։

Դե իսկ գերմանացիները մեկ-քառորդում 1-0 հաշվով հաղթել են ավանդական մրցակից Ֆրանսիայի թիմին։ Շատ վստահ խաղ է ցույց տվել Մանուել Նոյերը, ով հիմա համարվում է աշխարհի ամենալավ դարպասապահներից մեկը։

Գերմանացիները, ինչպես միշտ, կարգապահ էին, կենտրոնացած, սառնասիրտ, հավատարիմ մարզիչների կազմած ծրագրին, ֆիզիկապես պինդ, տակտիկապես հմուտ, տեխնիկապես անթերի, մի խոսքով` գերմանացիներ...

«Մենք լավ էինք խաղում լավ թիմի հետ, մեր կիսապաշտպանները կարողանում էին չեզոքացնել նրանց հարձակվողների գործողությունները, երկու թիմերն էլ հավասար էին մակարդակի առումով, մեր թիմը մինչև վերջ կռվեց»,- ասել է Գերմանիայի հավաքականի մարզիչ Հոահիմ Լյուվը։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա վաղը` եզրափակիչ անցնելու ուղեգրի համար կմրցեն Արգենտինայի և Հոլանդիայի հավաքականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG