Մատչելիության հղումներ

Կիևը պահանջում է անջատականների ամբողջական զինաթափում


Ուկրաինա, հակաահաբեկչական գործողության քարտեզը 2014 թվականի հուլիսի 8-ի դրությամբ։
Ուկրաինա, հակաահաբեկչական գործողության քարտեզը 2014 թվականի հուլիսի 8-ի դրությամբ։

Արևմուտքը Մոսկվային կոչ է անում չաջակցել ռուս անջատականներին։

«Մեկընդմիշտ վայր դրեք զենքը»

Ուկրաինան մերժում է ռուս անջատականների հետ որևէ տեսակի հրադադար, պնդելով, որ նրանք նախ պետք է զինաթափվեն։ Մինչդեռ, Արևմուտքի առաջնորդները Ռուսաստանին կոչ են անում միջամտել և նպաստել վիճակի կայունացմանը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Հելետեյը հայտարարել է, թե «բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե բոլոր անջատականները անհապաղ և մեկ ընդ միշտ վայր դնեն զենքը»։

Ուկրաինայի բանակն անցած օրերի ընթացքում անջատականների մեծ մասին վտարել է Դոնեցկից և Լուգանսկից։ Սակայն անջատականները հայտնել են, թե կվերամիավորվեն և ետ կվերցնեն իրենց հիմնական հզոր հենակետերից Սլավյանսկը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բանակին հրամայել է շրջապատել Դոնեցկն ու Լուգանսկը և փակել անջատականներին զենք ու զինամթերք հասցնելու ճանապարհները, միաժամանակ նախագահը կարգադրել է միջանցքներ թողնել քաղաքներից դուրս գալու ցանկություն հայտնող խաղաղ բնակչության համար։

Ուկրաինայի պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն հավաստիացրել է, թե խաղաղ մարդիկ կարող են անվնաս հեռանալ քաղաքների շուրջ տեղակայված անցակետերով:

Ռուսները սպառնում են պարտիզանական պատերազմով

Ռուս անջատականներն ասել են, թե քաղաքների ռազմական պաշարումն ի չիք է դարձնում խնդրի քաղաքական կարգավորման հույսերը։

Դոնեցկի ինքնահռչակ այսպես կոչված «ժողովրդական հանրապետության» կառավարիչ Պավել Գուբարևը սպառնացել է, թե «Դոնեցկի ամբողջ երկայնքով իսկական պարտիզանական պատերազմ է սկսվելու»։

Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների զինված խմբավորումների միջև ապրիլ ամսից սկսված բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 400 մարդ, հազարավոր մարդիկ զրկվել են տներից։

«21-րդ դարում ուժով սահմանը փոխելն անընդունելի է»

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն այսօր Կիևում իր իտալացի պաշտոնակից Ֆեդերիկա Մողերինիի հետ հանդիպումից հետո ասել է, թե Ուկրաինան ակնկալում է հստակ ազդանշան այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից` առ այն, որ անջատականները կհամաձայնեն բանակցել հրադադարի շուրջ։

«Եռակողմ շփման խումբն ամեն ինչ անում է դժվար երկխոսությունը պահպանելու և մարդկանց կյանքը փրկելու համար»,- ասել է Կլիմկինը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Էստոնիայի վարչապետ Տաավի Ռոյվասի հետ հանդիպումից հետո ասել է, թե անհրաժեշտ է ամեն ինչ անել քաղաքական կարգավորում գտնելու համար։

Ռոյվասն, իր հերթին, նշել է, որ Ֆրանսիան շատ մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման համար։

«Կարծում եմ, ամբողջ Եվրոպան պետք է մտահոգվի սահմանները 21-րդ դարում ուժով փոխելու փորձերից, մենք դա որևէ կերպ չենք կարող հանդուրժել»,- ասել է ռուսական սապոգի տակ գոյատևելու դառը փորձ ունեցող բալթյան երկրի վարչապետը։

Փարիզը և Վաշինգտոնը չեն բացառում նոր պատժամիջոցներ

Երեկ երեկոյան Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Բարաք Օբաման 45 րոպե շարունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցն են քննարկել։

Օլանդն ու Օբաման Պուտինին կոչ են արել ճնշում բանեցնել անջատականների վրա և համոզել նրանց բանակցել ուկրաինական իշխանությունների հետ։ Բացի այդ, Ֆրանսիայի և Ամերիկայի ղեկավարները Պուտինին հորդորել են առավել խիստ հսկողություն հաստատել ռուս-ուկրաինական սահմանին։

«Հարատև կարգավորումը կարող է միայն քաղաքական լինել»,- ասել են Օլանդնը և Օբաման։

Սպիտակ տան մեկ այլ հաղորդագրության համաձայն, Օբաման և Օլանդը ենթադրում են, որ Եվրոպան պետք է նոր պատժամիջոցներ սահմանի, եթե Մոսկվան անմիջապես չձեռնարկի Ուկրաինայի հարավ-արևելքում վիճակը կայունացնելու քայլեր։

Փարիզի և Վաշինգտոնի համոզմամբ, Ռուսաստանը պետք է դադարեցնի ստորաբաժանումների կուտակումն Ուկրաինայի սահմանի մոտ, կասեցնի այսպես կոչված կամավորների ներթափանցումն ու զենք-զինամթերքի փոխադրումն Ուկրաինայի հարավ-արևելք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG