Մատչելիության հղումներ

Հայաստանում այսօր իրավունքի գերակայության դեֆիցիտ կա․ ՍԴ նախագահ


Հայաստանում այսօր իրավունքի գերակայության դեֆիցիտ կա. ՍԴ նախագահ
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Հայաստանի Սահմանադրական դատարանի և երկրի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանում այսօր սահմանադրականության, իրավունքի գերակայության դեֆիցիտ կա, իսկ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է, ոչ մարդակենտրոն:

Առաջարկվող սահմանադրական բարեփոխումները, ըստ Հարությունյանի, այս խնդիրները լուծելու ու երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակ են հետապնդում։

«Երկար ժամանակ նույն խնդիրը դրեցինք՝ մեթոդաբանական նոր մոտեցում որդեգրել. հասունության արդեն որոշակի շրջանում անցում կատարել այսպես կոչված իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն սահմանադրական լուծումների», - ասաց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի կարծիքով, իշխանակենտրոն սահմանադրության պարագայում, ինչպիսին Հայաստանի Սահմանադրությունն է, իրավունքը լիարժեքորեն չի երաշխավորվում, իրավական պետությունն էլ մնում է վերացական նպատակ, քանի դեռ երկրում չի հաստատվել մարդու իրավունքի գերակայություն:

«Իրավական պետությունում իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով և ոչ թե իրավունքի իշխանությամբ, իսկ այդ սկզբունքը պետք է չափազանց հստակ լինի, որոշակիացված լինի, սահմանադրորեն ամրագրված լինի», - նշեց Հարությունյանը՝ շեշտելով, որ իրավունքի գերակայությունը տարբեր է օրենքի գերակայությունից։

Մինչ բարձր դատարանի նախագահը վստահ է, որ Սահմանադրական բարեփոխումները կլուծեն Հայաստանում արմատական խնդիրները, քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչները թերահավատ են այս հարցում։

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ սահմանադրական բարեփոխումը պետք է լինի հանրության կամքն ու ցանկությունը։

«Բայց էս դեպքում 2003, 2005 թվականներն Քոչարյանի նախաձեռնած և կեղծիքներով անցկացված Սահմանադրության ժամանակ հանրության կամք չի եղել: Հիմա էլ չկա, ելեք փողոց հարցրեք, ինչ ասես կասեն, բայց սահմանադրական բարեփոխման անունը երբեք չեն տա: Կոռուպցիայի վերացում, հանցագործ իշխանությունների հեռացում, իշխանության զավթման դադարեցում, Սահմանադրության հարգում, բայց ո'չ սահմանադրական բարեփոխումներ: Ամենաիդեալական Սահմանադրությունն անգամ թույլ չի տալու էս տեսակ ռեժիմներում մարդկային կյանք բարեփոխել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով, այն բարեփոխումները, որ նախաձեռնել են իշխանությունները լուրջ կասկածների տեղիք են տալիս, իսկ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը շատ մշուշոտ է:

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված «Ապելլա» ինստիտուտի և «Բաց հասարակության» հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսին ներկա գիտնական Միրոսլավ Վիրզիկովսկին, ով եղել է Լեհաստանի Սահմանադրական դատարանի դատավոր, ասում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շատ այլ գործիքներ կան, ու եթե ճգնաժամը հաղթահարելու որևէ եղանակ չի աշխատում, Սահմանադրությունը փոփոխելը պարտադիր է, իսկ այդ բարեփոխումների նպատակը պետք է հետևյալը լինի. - «Ամենակարևոր հարցն այն է, թե այդ սահմանադրական բարեփոխումն ինչքանով է նպաստելու ժողովրդավարության հաստատմանը, իսկ ժողովրդավարության խնդիրն այսօր փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելն է։ Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում պետք է պաշտպանված լինի քաղաքական փոքրամասնությունը, այսինքն՝ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա հաղթելու հաջորդ ընտրություններում»։

Հրավիրյալ հաջորդ փորձագետը` հունգարացի համեմատական սահմանադրական իրավունքի մասնագետ Դանիել Սմիլովը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը գործում է այնպիսի երկրներում, որտեղ հաճախակի տեղերով փոխվում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, հիշեցնենք, առաջարկում է հենց կառավարման համակարգի փոփոխություն։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն ասաց, որ, իրենց կարծիքով, այս պահին գործող Սահմանադրությունը լուրջ երաշխիքներ է տալիս մարդու իրավունքների վերաբերյալ:

XS
SM
MD
LG