Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Չինարիում իրավիճակը կրկին լարված է


Սահմանամերձ Չինարիում իրավիճակը կրկին լարված է
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Սահմանամերձ Չինարիում գյուղացիները փողոց դուրս չեն գալիս։ Իրավիճակը այստեղ այսօր ժամը 15-ի սահմաններում կրկին լարվել էր։ Ադրբեջանական կողմը սկսել էր գնդակոծել հայկական դիրքերը, գնդակները հասնում էին նաև Չինարի գյուղի տարածք։

Այստեղ կրակոցների ձայները արդեն սովորական են դարձել, ընդամենը երկու օր առաջ հակառակորդը գիշերային գնդակոծությամբ արթնացրել էր գյուղը։ Հուլիսի 9-ի ուշ երեկոյան սկսված գնդակոծությունը դադարել էր միայն հուլիսի 10-ի առավոտյան՝ 1.30-ի հատվածում։

Չինարիի գյուղապետի տեղակալ Վաղինակ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կրակոցներն արդեն մի քանի օր է չեն դադարում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։

«Մենք ստեղից ոչ մի տեղ էլ չենք գնալու, թող իրենք գնան, մենք չենք գնա։ Գյուղում իրավիճակը շատ լարված է 10-15 օր է։ Մարդիկ արթնանում են, որ գնան իրենց արդար աշխատանքին, սկսում են, խանգարում են աշխատանքները, չեն թողնում, որ մարդիկ գոնե իրենց եկամուտը ստեղծեն»,- ասաց Միրզոյանը։

Չինարի գյուղի կենտրոնում մարդ չես տեսնի, բնակիչները տներից դուրս չեն գալիս, վտանգավոր է։

Երբ հակառակորդը գյուղը չի գնդակոծում, գյուղացիները հավաքում են կրակած փամփուշտները. նրանցից մեկը երեխայի մահճակալի մոտ է փամփուշտ գտել։ Բարեբախտաբար, երեխան կրակոցի պահին տանը չի եղել։

Տավուշի մարզի սահմանամերձ այս գյուղից բացի, կրակոցներ են եղել նաև Այգեպարի ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։

Պաշտպանության նախարարությունում կրակոցների մասին տեղյակ են։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չնայած Տավուշի մարզի տարբեր հատվածների ուղղությամբ հնչող կրակոցներին, նախկինում ավելի լարված իրավիճակներ են եղել։ Վերջին անգամ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել երկու օր առաջ Չինարիի ուղղությամբ 4 ժամ տևած գնդակոծությունից հետո։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասաց, որ չնայած այսօրվա կրակոցներին, իրավիճակը ավելի լարված էր երկու օր առաջ՝ գիշերը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կրակոցները չեն դադարում, բարեբախտաբար, վիրավորներ չկան։

XS
SM
MD
LG