Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խոստանում է անարձագանք չթողնել Ուկրաինայի գործողությունները


Ուկրաինացի զինվորները Սլավյանսկ քաղաքում, 8-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինացի զինվորները Սլավյանսկ քաղաքում, 8-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստանը Ուկրաինային անդառնալի հետևանքներով է սպառնացել այն բանից հետո, երբ, ինչպես ռուսական կողմն է պնդում՝ Ուկրաինայից արձակված արկը Ռոստովի մարզի բնակչի մահվան պատճառ է դարձել։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է տեղի ունեցած պատահարով։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստանում է հերթական կոշտ խոսակցությունը Ուկրաինայի հետ», - փոխանցում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, մասնավորապես, հայտարարել է, որ պատահարն անարձագանք չի մնա։

Կիևը, մինչդեռ, հերքում է միջսահմանային կրակոցների մասին պնդումները՝ մեղադրանքները համարելով «միանգամայն անհեթեթ»։

Ուկրաինական իշխանության ներկայացուցիչները ենթադրում են, որ հանցագործության հետևում կանգնած են ռուսամետ անջատողականները, որոնք փորձում են Մոսկվային ներքաշել հակամարտության մեջ։

Ուկրաինայի արտգործնախարարությունը պատրաստակամություն է հայտնել հետաքննել ողբերգական դեպքը։ Երեկ տարածած հայտարարության տեքստում ուկրաինական կողմը Ռուսաստանին հորդորել է «անաչառություն և անկողմնակալություն» ցուցաբերել։

Ապստամբները, իրենց հերթին, հերքում են իրենց մասնակցությունը։

Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Ուկրաինայից արձակված արկը ընկել է բնակելի տան վրա՝ խլելով մեկ մարդու կյանք և մարմնական վնասվածքներ հասցնելով երկու հոգու։

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինն առաջարկել էր Ուկրաինայի տարածքին ճշգրիտ հարված հասցնել։ Նրա խոսքով՝ դա կարող է դադարեցնել Ուկրաինայի կողմից ռուսական տարածքի գնդակոծումը։

«Եթե դա հրետանային սարքավորում է եղել, այն պետք է ոչնչացվի։ Պետք է հասարակական հնչեղություն ստանա այն փաստը, որ Ռուսաստանի դեմ ցանկացած հարձակում պատասխան է ստանալու։ Պետք է համարժեք պատասխան տալ», - ասել է Բուշմինը։

Ուկրաինայից ստացվող լուրերի համաձայն՝ իրավիճակը արևելյան շրջաններում շարունակում է լարված մնալ։

Ռուսամետ ապստամբները անցած գիշեր գրավել են Լուգանսկի օդանավակայանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանի տարածքում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրամիությանը հորդորել է գնահատական տալ ռուսական զինուժի սանձազերծած պատերազմական գործողություններին:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հավատացրել է, որ ուկրաինական հարցը հուլիսի 16-ին կբարձրացնի Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG