Մատչելիության հղումներ

Ղազարյան. ԵՏՄ անդամակցության ձգձգումը վնասում է տնտեսությանը


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի պնդմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագրի վավերացման ձգձգումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։

«Այսօր Հայաստանում ներդրումների աշխուժացման պակասը, սպասողական վիճակը՝ ներքին և արտաքին ներդրողների, նաև կապված է մեր այս տնտեսական քաղաքական կուրսի կոնկրետացումից։ Բոլորն էլ սպասում են, որ պայմանագիրը, եթե կնքվում է՝ կնքվի, որ մենք, մեր բիզնես ծրագրերը մշակելիս, արդեն այդ նոր ռեժիմներից օգտվելու համապատասխան քայլեր անենք. ապրանքատեսակներ ընտրենք թե՛ ներկրման, թե՛ արտահանման, տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ պատրաստենք և փոփոխենք և շուկաներում մեր ակտիվությունը կողմնորշենք՝ դեպի ուր ենք գնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ անցած սեպտեմբերին հայտարարեց Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը Հայաստանի մասնակցելու ցանկության մասին։ Իսկ անցած ամիսներին Մաքսային, այնուհետև Եվրասիական միությանը անդամակցելու բանակցությունները հայկական կողմն այնքան արագ էր վարում, որ ռուսները չէին թաքցնում իրենց զարմանքը, սակայն, մինչ օրս հայտնի չէ, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պատասխան չտրվեց, անգամ, հուլիսի 11-ին Սոչիում կայացած Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել էր հենց այդ հարցը:

Արսեն Ղազարյանի փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգման պատճառը միության անդամ երեք երկրների և այդ երկրների գործարար հանրությունների միջև առկա հակասություններն են:

Հատկանշական է, որ անցած ուրբաթ «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես Եվրասիական միության երկրների միջև հակասությամբ բացատրեց այդ միությանը՝ Հայաստանի անդամակցության հետաձգվելը:

«Երբ, սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եղավ, առաջին պատվիրակությունը, որը ոչ պետական, բայց խորը՝ «երկրորդ թրաքի» բանակցություններին մասնակցելը, եղել է մեր միության պատվիրակությունը սեպտեմբերին 25-ին Մոսկվա Մաքսային միության երկրների, գործարար հանրությունների, ենթակառուցվածքների եռօրյա կոնֆերանսը, որին մենք հրավիրված ենք եղել, նաև ես ելույթ ունեցա։ Մենք այնտեղ տեսանք՝ ինչ պրիտենզիաներ ունեն իրար. ասենք՝ ղազախները` ռուս օլիգարխիայի դեմ, բելառուսները` ռուսական մեքենաշինության դեմ, ինչեր են ուզում իրարից հստակեցնել՝ բավական թեժ և լարված շահերի բախում կա», - փոխանցեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։

Ինչևէ, Արսեն Ղազարյանը միաժամանկ հայտնեց, որ հայաստանյան գործարար հանրությունում տեղեկությունն կա, որ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերի վերջին:

«Ավելի քան ես տեղեկություն ունեմ և համոզված եմ, որ մեր բոլոր պայմանագրային տեխնիկական կանոնակարգերն արդեն պատրաստ են, քննարկելու դեռևս ոչինչ չի մնացել: Ուղղակի դուք պետք է հաշվի առնեք, որ երեք երկրների, ամեն երկրի վեց նախարարությունում այս պայմանագիրն անցնում է ապրոբացիա։ Մենք գործող համակարգին ենք գնում միանում, ինքը մի քիչ տեխնիկական բարդություն ունի։ Իմ համոզմունքն է, որ սեպտեմբերի կես, սեպտեմբերի վերջ մաքսիմում, երեք նախագահների, գումարած մեր նախագահի, հերթական գագաթաժողովի ժամանակ պայմանագիրը կվավերացվի», - ասաց Ղազարյանը։

«Ազատության» հարցին, թե իր համար անակնկալ կլինի՞, եթե այս տարի համաձայնագիրը չվավերացվի, Ղազարյանը պատասխանեց. - «Մեծ անակնկալ կլինի։ Եթե այս տարվա ընթացքում չենք ստորագրում, հունվարի 1-ից չենք մտնում, մենք ամբողջ գործընթացը դարձնում ենք անորոշ, անկանխատեսելի և ևս մեկ տարի ենք ունենում սպասումների, իսկ սպասումները մեր տնտեսության համար վնասարար են»։

Թերևս, այստեղ հարկ է հիշեցնել Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հուլիսի սկզբի հայտարարությունը, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը կարող է ստորագրվել այս հոկտեմբերին Մինսկում նախատեսված Եվրասիական միության գագաթաժողովի ընթացքում: Ուշագրավ է, որ մինչ օրս ո՛չ Հայաստանի նախագահի աշխատակազմից, ո՛չ արտգործնախարարությունից չեն արձագանքել Իդրիսովի խոսքերին։

XS
SM
MD
LG