Մատչելիության հղումներ

Սպանված պատանուն հուղարկավորել են փակ դագաղում


Սմբատ Ցականյան
Սմբատ Ցականյան

Գյուղապետի խոսքով՝ գրեթե երկու շաբաթ անհետ կորած պատանու տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:

Այսօր տեղի է ունեցել ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա պատանու հուղարկավորությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Քարվաճառի վարչական շրջանի ղեկավար Վիտալի Դանիելյանը: Վերջինիս փոխանցմամբ պատանու հուղարկավորությանը մասնակցել են բոլոր գյուղական համայնքներից և շրջաններից ժամանած բնակիչները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, Սմբատին որոշել էին հողին հանձնել գյուղի հարևանությամբ գտնվող Չարեք Տար գյուղում․ այնտեղ Ցականյանների ընտանեկան գերեզմանատունն է:

Գյուղապետի փոխանցմամբ, պատանու մարմինը հուղարկավորել են փակ դագաղով․ Սմբատի մարմինը անգամ ծնողները չեն տեսել:

Հուլիսի 4-ից անհետ կորած 17-ամյա Սմբատի դին երեկ կեսօրին մոտ վերջապես հայտնաբերվեց: Պատանու մարմինը երեկ տեղափոխել էին Ստեփանակերտ՝ փորձաքննության: Սպանության կոնկրետ օրը առայժմ պարզ չէ, սակայն գյուղապետի խոսքով՝ դիակի վիճակից կարելի է ենթադրել, որ այն արևի տակ մնացել է 6-7 օր:

Սմբատի հարազատները, ինչպես նաև մոտակա գյուղերի բնակիչները ավելի քան մեկ շաբաթ փնտրում էին տղային, սակայն անարդյունք:

«Արդեն որ էդ թուրքերը կային՝ հիմնական կասկածը դրանց վրա էր», - փոխանցեց գյուղապետը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հաստատելով, որ հենց նրանք են ասել տեղը՝ հարցաքննության ժամանակ։

Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների Քարվաճառ ներթափանցմանը և պատանու սպանությանը՝ Նոր Էրքեջի գյուղապետն ասում է, թե չէին սպասում, որ կարող էր նման բան պատահել:

«Մինչև հիմա մի քիչ շատ էինք մեզ ազատ պահում: Սրանից հետո պիտի մի քիչ զգույշ լինեինք, դա է: Չէինք սպասում այն, ինչ կատարվեց», - ասում է նա՝ հավելելով, թե այս դեպքը հաշվի առնելով գյուղացիները այսուհետև ավելի զգոն պետք է լինեն, եթե տարածքում օտար մարդիկ են տեսնում, ապա անմիջապես պետք է ահազանգեն:

Նշենք, որ այսօր Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղարաբաղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում հայտնաբերվել է Սմբատ Ցականյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թեև պաշտոնապես Ղարաբաղի իշխանությունները չեն հաստատում, որ 17-ամյա Սմբատը սպանվել է դիվերսանտների կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նույնպես նշեց, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանցիներն են սպանել այդ տղային:

«Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից», - ասում է ԼՂ նախագահի խոսնակը:

Ո՛չ Ղարաբաղի, և ո՛չ էլ Հայաստանի իրավապահ մարմինները պաշտոնապես չեն նշում, թե ե՞րբ է ադրբեջանական դիվերսիոն խումբը հատել սահմանը, և թե խմբի անդամները քանի՞ օր են անցկացրել է հայկական բնակավայրերում: Հստակ չէ նաև, թե այդ ընթացքում, հրապարակված փաստերից բացի, ադրբեջանցի դիվերսանտները ի՞նչ գործողություններ են իրականացրել: Առայժմ հայտնի է 17-ամյա պատանու սպանության մասին, ավելի վաղ էլ՝ անցած ուրբաթ, խմբի անդամներից մեկը Քարվաճառի հատվածում հարձակվել էր ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 37-ամյա Կարինե Դավթյանին։

Այսօր Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի պետ Արամ Աստուրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կնոջ վիճակը կայուն է, նա այլևս չի կորցնում գիտակցությունը, ինքնուրույն սնվում է: Ցավոք հնարավոր չէ վերականգնել Կարինեի աչքի տեսողությունը, որը վնասվել էր ադրբեջանցու արձակած գնդակից:

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարի երեկ արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ ներգրավվելով հանցավոր խմբերի: Ադրբեջանական APA լրտվական գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, թե գրավյալ տարածքները ադրբեջանական հողեր են, և ոչ ոք չի կարող ադրբեջանցիներին արգելել գտնվել այնտեղ և ազատ տեղաշարժվել:

«Այդ անձինք չեն խախտել պետական սահմանը, ինչպես պնդում է հայկական կողմը», -ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, թե Ադրբեջանի զինված ուժերը կարող են իրականացնել ցանկացած մարտական գործողություն առանց քաղաքացիական անձանց օգնության:

XS
SM
MD
LG