Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի վերջին քսան տարիների «գոհարները»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Ազատություն» ռադիոկայանն առանձնացրել է առավել ուշագրավ հայտարարությունները, որոնք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնչեցրել է վերջին քսան տարիներին՝ նախագահական պաշտոնը ստանձնելուց ի վեր։

«Եվրոպական գազանանոց»

Մարդու իրավունքների ոտնահարման պատճառով վիզային պատժամիջոցների ենթարկված Լուկաշենկոն այժմ շատ հազվադեպ է լինում Եվրոպայում։ Բայց կային այլ ժամանակներ, երբ, օրինակ, 1998 թվականին նա մասնակցում էր շվեյցարական առողջարանային քաղաքներից մեկում՝ Կրան-Մոնտանայում կազմակերպված քաղաքական և տնտեսական համաժողովին։ Այստեղ, սակայն, նրան սառը ընդունելություն էր սպասում․ թերևս Լուկաշենկոն երջանիկ չէր իր այցելության համար։

«Ես հասկացել եմ՝ դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ գազանանոց։ Սպասելի էր, սակայն ոչ այդ մասշտաբներով և ոչ էլ այդ տեսքով։ Մի խոսքով, դա ոչ այլ ինչ է, քան գազանանոց», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ընտրությունների կեղծում

Երբ 2001 թվականին Լուկաշենկոն առաջադրվեց վերընտրվելու, նա բավական էքսցենտրիկ կերպով արձագանքեց ԵԱՀԿ-ի՝ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկին։

«Մեզ պետք չէ։ Այստեղ ընտրությունների կեղծման համակարգը ավտոմատացված է։ Պետք չէ», - ասել է նա պետական հեռուստաընկերության եթերից՝ իր ելույթում։

Օբամայի կրկնօրինա՞կը

Քչերի մտքով կարող է անցնել, թե Լուկաշենկոն շատ ընդհանրություններ ունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ։ Բելառուսի նախագահը, սակայն, ավելի քան համոզված է դրանում։

«Օբամային եմ նայում՝ երիտասարդ է, լավ տեսք ունի։ Սա իմ առաջին տպավորությունն է։ Բայց ցավում եմ իր համար։ Նա հարյուր տոկոսով նման է ինձ, երբ ես իշխանության եկա Խորհրդային Միության փլուզումից հետո՝ դատարկ խանութներ, ֆինանսական լուրջ ճգնաժամ», - ասել է Լուկաշենկոն դեռևս 2008 թվականին՝ Օբամայի Միացյալ Նահանգների նախագահ առաջին անգամ ընտրվելուց կարճ ժամանակ անց։

Բռնապետական նախանձ

2012 թվականին Reuters գործակալության հետ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում այն պնդումներին, որ ինքը Եվրոպայի վերջին դիկտատորն է, Լուկաշենկոն, շտապելով ողջունել իր նոր մականունը, հայտարարել է. - «Լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բռնապետ, բայց մյուս կողմից էլ ես ինքս ինձ բարի նախանձով նախանձում եմ: Չէ որ ես Եվրոպայի վերջին և միակ դիկտատորն եմ։ Աշխարհում և ոչ մի տեղ չկա այդպիսին»։

Բռնապետ-հոմոֆոբ

Բացի այդ, 2012 թվականին, երբ Եվրոպական միությունը քննարկում էր Լուկաշենկոյի դեմ հետագա պատժամիջոցների հարցը, բելառուսական առաջնորդը կրկին արտահայտվեց՝ այս անգամ բացեիբաց վիրավորելով Գերմանիայի այդ ժամանակվա արտգործնախարար Գիդո Վեստերվելեին, ով բացահայտ համասեռական է։

«Ինչ վերաբերում է նրան, ով այնտեղ բռնապետություն էր գոռում, լսելով այդ ամենը՝ ես մտածեցի՝ ավելի լավ է բռնապետ լինել, քան համասեռամոլ», - հայտարարել է Լուկաշենկոն։

«Նայի՛ր՝ թիկնապահ չկա»

Ընտրությունները կեղծելու, երկրում այլակարծությունը պարբերաբար ու կոշտ ձևով ճնշելու մեղադրանքներին զուգահեռ՝ Լուկաշենկոն միշտ փորձում է ներկայանալ որպես ժողովրդի ծոցից ելած։ 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում նա անգամ ակնարկել է, որ իր նախագահական պալատում ոչ մի թիկնապահ էլ չկա։

«Նայե՛ք պատուհանից դուրս։ Պալատի ներսում որևէ ցանկապատ տեսնո՞ւմ եք, ինչ-որ թիկնապահների տեսնո՞ւմ եք։ Սա մի երկիր է, որտեղ բոլորն անխտիր պաշտպանված են», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Դոստոևսկու աղճատված մեկնաբանություն

Իր ամենամյա ուղերձում 2012 թվականի մայիսի 8-ին Լուկաշենկոն վկայակոչեց ռուս դասականին՝ իր բռնապետական ռեժիմն արդարացնելու նպատակով մի միտք մեջբերելով Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ից՝ «Մարդու համար ազատությունից ավելի անտանելի բան չկա»։

«Հանճարեղ գրողը ճիշտ էր. ստանալով ազատություն՝ մարդը հասկանում է, որ ուսերին է դրել ծանր բեռ, որովհետև ազատությունը պատասխանատվություն է ենթադրում, մարդն ինքը պետք է որոշումներ կայացնի և ինքն էլ պատասխան տա դրանց համար», - այսպես է շարադրել իր կարծիքը Լուկաշենկոն։

Մինչդեռ իրականում Դոստոևսկու վեպի այդ հատվածը պատկանում է Մեծ Հավատաքննիչին, ով իր կյանքը սատանային է տվել և նման կարծիք հայտնել, որին ինքը գրողը համաձայն չէ։

Ավազակների լեզվով

Լուկաշենկոն հաճախ է շահարկում քաոսի ժամանակաշրջանը, որը նախորդել է Խորհրդային Միության փլուզմանը՝ այսպես կոչված «վայրի 90-ականները», որպեսզի արդարացնի իր ավտորիտար կառավարումը։

Իր ամենամյա մամուլի ասուլիսին՝ 2013 թվականի հոկտեմբերին Լուկաշենկոն կարոտով էր լցված այդ օրերի նկատմամբ, երբ հանցավորության դեմ պայքարը պարունակում էր «հարված դեմքին»։

«Ավազակները հասկանում են միայն այն ժամանակ, երբ դու իրենց հետ խոսում ես իրենց լեզվով», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG