Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողին մեղսագրվում է լրտեսություն հօգուտ Հայաստանի


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը նոր փաստեր են հրապարակում հայրենիքի դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի վերաբերյալ, ով արդեն երեք ամիս է գտնվում է ճաղերի հետևում:

Այսօր տարածված հաղորդագրության մեջ իրավապահ մարմինները պնդում են, թե հիմնավոր կասկածներ ունեն, որ Միրկադիրովը գիտակցված համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ՝ հայրենիքին դավաճանելու համար: Դետեկտիվ պատմություն հիշեցնող հաղորդագրությունը մանրամասնում է, թե Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիներ Վրաստանում եղած ժամանակ երկու սկավառակ են ստացել Սամվել անունով ներկայացած մի մարդուց, ծանոթացել դրանց բովանդակությանն ու պարզելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանի պետական շահերին ու անվտանգությանը, փաթեթը փոստով փոխանցել Ադրբեջանի իրավապահներին:

«Սկավառակում առկա է Թբիլիսիի ռեստորաններից մեկում 2009 թվականի փետրվարի 2-ին կատարված և չմոնտաժված մի տեսագրություն, որտեղ Ռաուֆ Միրկադիրովը զրուցում է Լաուրա Բաղդասարյանի և Արայիկ Շիրվանյանի հետ, գումար է ստանում նրանցից և ստորագրում դրա դիմաց», - հայտարարում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ հավելելով. - «Միրկադիրովը համագործակցել է Լաուրա Բաղդասարյանի «Ռեգիոն» կենտրոնի հետ, որը, մեր ունեցած օպերատիվ տեղեկությունների համաձայն, աշխատում է Հայաստանի հատուկ ծառայությունների հսկողության տակ՝ նպատակ ունենալով մարդկանց ներգրավել հետախուզադիվերոսիոն գործունեության մեջ և դրամական խրախուսման դիմաց տեղեկություններ ստանալ Ադրբեւջանի հասարակական-քաղաքական դրության, տնտեսական ծրագրերի և ղարաբաղյան հարցում հնարավոր փոփոխությունների ու ռազմական դրության մասին»:

Ասվածը ապացուցելու համար պաշտոնական հաղորդագրությունը նաև պնդում է, թե Թուրքիայում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում լրագրողը փակ հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ, ապա Լարուրա Բաղդասարյանին ուղարկած էլեկտրոնային նամակում գրել, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում համամիտ է նրա հետ:

Հայկական կողմի հետ փակ հանդիպումներից բացի, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Զերկալո» թերթի թղթակիցը նաև տեղեկություններ է փոխանցել զինվորական ստորաբաժանումների, օդանավակայանների, էներգետիկ ու այլ ռազմավարական օբյեկտների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Միրկադիրովը հայկական կողմին լուսանկարներ ու սխեմաներ է փոխանցել Զիխի մայրուղուց, որն իբր պետք է օգտագործվեր Միացյալ Նահանգների օդուժի կողմից որպես թռիչքուղի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ:

«Այս տեղեկությունները օգտագործվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից` Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններին վմնաս հասցնելու համար», - պնդում է պաշտոնական հաղորդագրությունը՝ ընդգծելով, որ վերջին 5 տարիներին Ռաուֆ Միրկադիրովը մի քանի անգամ եղել է Հայաստանում՝ առանց հայրենի իշխանություններին տեղյակ պահելու:

Հայտնի լրագրողը կտրականապես հերքում է այս մեղադրանքները և կատարվածը որակում որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ: Պաշտպանական կողմի` այսօր տարածած հայտարարությունը նշում է, որ լրագրողը հայկական կողմին որևէ գաղտնի տեղեկություն չի փոխանցել, քանի որ դրանց չի տիրապետել, Արայիկ Շիրվանյանի հետ հանդիպել է 5,5 տարի առաջ և համագործակցել միայն միջազգային դրամաշնորհների շրջանակում:

«Միրկադիրովին լրտեսության և հայրենիքի դավաճանության համար մեղադրելը խաչ է քաշում Հայաստան - Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների հետագա այցերի, Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական հասարակության զարգացման վրա», -հայտարարել է իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ում ևս ադրբեջանցի իրավապահները հետապնում են այս գործի շրջանակներում:

Ավելի վաղ, հիշեցնենք, իր մտահոգությունն էր հայտնել նաև պաշտոնական Վաշինգտոնը. պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին չէր բացառել, որ լրտեսության մեղադրանքի հետևում կարող է քաղաքական ենթատեքստ լինել, քանի որ «Զերկալո» թերթի լրագրողը բազմիցս սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG