Մատչելիության հղումներ

Վերնիսաժի գործով վիրավորի դեպքը «տիպիկ խոշտանգում է»


Վերնիսաժի գործով վիրավորի դեպքը «տիպիկ խոշտանգում է»
please wait

No media source currently available

0:00 0:06:00 0:00

Պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի կրակոցներից Վերնիսաժի տարածքում ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի ընտանիքն ու փաստաբանն ահազանգում են, որ վիրավորի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը շարունակվում է։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը անմարդկային վերաբերմունքի դրվագով բողոք է պատրաստում Մարդու իրավունքների ևրոպական դատարան ուղարկելու համար։

Վալերի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, ընտանիքը պահանջում է նրա բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում, համոզմունք հայտնելով, որ կախված աղիքով և ամբողջ որովայնը վիրահատած երիտասարդին բուժելու պայմաններ քրեակատարողական հիմնարկում չկան, և Վալերի Հովհաննիսյանի կյանքը վտանգված է։ Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, լիազոր մարմինները այս իրավիճակում պարտավոր են հանձնաժողով կազմել և եզրակացություն տալ նրա հետագա բուժման վերաբերյալ։

«Այնքան պետական լիազոր մարմիններ կան՝ սկսած Արդարադատության նախարարությունից, վերջացրած Առողջապահության նախարարությունով և Կառավարությունով։ Հիմա պարտադիր պետք է ծնողը բողոքի՞... Էն օրը եկել էր այդ կինը, ասում էր՝ գնում եմ նախագահի նստավայրի մոտ ինքնահրկիզվեմ։ Բա այդ լիազոր մարմինների արածը ո՞րն է, թե անպայման տղան պիտի մահանա, որ կազմեն 2-3 հանձնաժողով, մի բժշկի դնեն դատեն, ասեն՝ դու էիր մեղավոր»,- «Ազատությանն» ասաց Լևոն Բաղդասարյանը։

Դեպքից հետո շուրջ մեկուկես ամիս հիվանդանոցում ծանր վիճակում պառկած Վալերի Հովհաննիսյանին հուլիսի 4-ին խուլիգանության մեղադրանք են առաջադրել, նրան հիվանդանոցից պատգարակով են տարել դատարան ու կիսագիտակից վիճակում կալանավորման որոշում կայացրել։ Հետո տարել են մեկուսարան, մեկուսարանում չեն ընդունել, այնտեղից էլ բերել են դատապարտյալների հիվանդանոց։

«Էդտեղ իմ երեխեն չի բուժվի, իմ երեխեն գնում է վարի... Ոչ մի տեսակ բուժում չեն անում, մասնագետ չունեն»,- «Ազատությանն» ասաց մայրը՝ Լիաննա Հովհաննիսյանը,- «Իր հաստ աղիքը դրսում է, վեց ամիս հետո պիտի վիրահատեն, մինչև ներսի վերքերը լավանան։ Ամբողջը կտրած է, հաստ աղիքը կտրած է, բարակ աղիքը կտրած է, կույրաղիքը հանած է, միզապարկը լրիվ վնասված է, թոքի մասից վնասված, ոտքը խփված է, ոտքից էլ է կրակված... Ո՞ր մեկը թվարկեմ, ես չգիտեմ որը թվարկեմ։ Բժիշկն ասաց՝ առաջինը ես ուզեցի իր կյանքը փրկեմ, կյանքը մազի վրա էր, հրաշք կատարվեց։ Մենք ընկած էինք իմ էրեխու առողջությունով, իրենք իրենց սև գործն արեցին... Իմ երեխան տուժվող է, տուժվողը ոնց կարո՞ղ է լինի կալանավոր»։

«Քրեակատարողական կենտրոնում իմ երեխան հիվանդանոցում չէ, իմ երեխան փակ խցում է»,- շարունակեց մայրը,- «Երևի իրենք մտածում են՝ «ինչի՞ են բողոքում մեր վրա»... Մենք իրենցից չենք բողոքում, մենք մեր էրեխու կյանքն ենք ուզում փրկենք, սիրելիս, եթե չունես միջոց, ինչո՞ւ ես պահել իմ էրեխուն։

Վիրավորի մայրը կարծում է, որ որդուն խուլիգանության մեղադրանքով ճաղերի հետևում պահելով ցանկանում են պատգամավորի փեսայի կրակոցները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։

«Տարել են իմ երեխու վրա ճնշում գործադրեն, որ իրենց կեղտոտ մեղքերը վերցնել տան իր վրա։ Ոչ մի ինքնապաշտպանություն էլ չկա, սպանության փորձ է։ Մեքենայի դուռը բացել, կրակել է իմ էրեխու վրա։ Եթե էրեխեն չփախներ, կկպներ գլխին, սրտին... Մի՞թե չեն լսում էս երկրի նախագահը, վարչապետը, արդարադատության նախարարը, բոլորը ենթարկվում են մի Յուվեցի Կարոյի՞, փաստորեն բոլորը ենթարկվում են նրան։ Ինքն է հրամայում, բոլորը նրա դուդուկի տա՞կ են պարում... ես չգիտեմ»,- վրդովված էր մայրը։

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի ծառայությունից «Ազատությանը» հավաստիացրեցին, որ Վալերի Հովհաննիսյանին տրվում է անհրաժեշտ բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում և նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Տեղեկացանք, որ հիմնարկի բժիշկները նույնն ասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին, որն այցելել է Վալերի Հովհաննիսյանին։ Սակայն կալանավորը դիմել է խմբին՝ իր բուժօգնությունը դրսում կազմակերպելու հարցում աջակցելու խնդրանքով։

«Մենք գրություններ ենք ուղարկել արդեն Արդարադատության նախարարություն, որպեսզի քննարկվի հնարավորությունը ու նաև հիմնավորվածությունը Վալերի Հովհաննիսյանին տեղափոխելու քաղաքացիական հիվանդանոց»,- «Ազատությանը» փոխանցեց ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը։

«Վալերի Հովհաննիսյանի դեպքը տիպիկ խոշտանգման դեպք է»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը,- «Սա ցույց է տալիս, թե ինչպես են իրավապահ մարմինները խոշտանգում իրենց համար ոչ ցանկալի անձանց։ Սա հակամարդկային համակարգի դեմքն է։ Հանրության վրա թքած ունենալով՝ փակում են բոլորի աչքերը և ասում են որ էսպես ենք ուզում, էսպես ենք անելու։ Ակնհայտ է, որ գործը տանում են իրենց ցանկալի ուղղությամբ։ Խոշտանգում են, որպեսզի նա չբողոքի, որպեսզի նա ավելին չխոսի։ Վերահսկողությունը պատժելու այս ձևի իրականացնում է Գլխավոր դատախազությունը, չէ՞ որ նա վերահսկող մարմինն է։ Հիշելով Գևորգ Կոստանյանին, ինչպես էր Սյունիքի մարզպետի դեպքում հանրային կարծիքը շեղում և բացառիկ պաշտպանությամբ հանդես գալիս Սյունիքի նախկին մարզպետի, պետք է հասկանալ, որ Գևորգ Կոստանյանի համար այս իրավիճակը նորմալ է»։

XS
SM
MD
LG