Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյան․ «11-րդ «Ոսկե Ծիրանը» չես համեմատի առաջին «Ծիրանների» հետ»


Այս տարի «Ոսկե ծիրանը» ցուցադրում է մոտ 200 ֆիլմ 49 երկրներից
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Քաղաքի կինոյի սիրահար հանրության ամենասիրելի, իսկ փառատոնի կազմակերպիչների համար՝ տարվա ամենախելահեղ մեկ շաբաթը «Ոսկե ծիրանի» շաբաթն է։

«Մոսկվա» կինոթատրոնում է Հանդիսատեսը ամենատարբեր հարցերով մինչև գիշերվա 12-ը թակում է փառատոնի տեղեկատվական կենտրոնի դուռը։ Կազմակերպիչները գալիս են վաղ առավոտյան ու գնում գիշերը ժամը 12-ին։ Հենց «Ոսկե ծիրանի» թիմի ջանքերով այս տարի փառատոնը ցուցադրում է մոտ 200 ֆիլմ 49 երկրներից։

«Ուզում ենք՝ շատ բան տեսնեն՝ հայ հանդիսատեսը, հայ կինեմատոգրաֆիստները, որովհետև այդ ֆիլմերը այլևս չեն բերվելու Հայաստան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

11-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում են վրացի հանրահայտ կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, կորեացի Կիմ Կի Դուկը, չինացի Ցզյա Չժանկեն: Խաղարկային մրցույթի ժյուրիի ղեկավարը իտալացի կինոքննադատ, վավերագրող Մարկո Մյուլերն է, իսկ վավերագրական մրցույթի ժյուրիի ղեկավարը ուկրաինացի կինոքննադատ ու գրող Սերգեյ Տրիմբաչը:

«11-րդ «Ոսկե Ծիրանը» չես համեմատի առաջին «Ծիրանների» հետ: Ամեն ինչ ավելի լավ է կազմակերպված, ցուցադրվող ֆիլմերն ավելի բարձորակ են», - խոստովանում է Հարություն Խաչատրյանը և հավելում, որ փառատոնը տարիների ընթացքում զարգացել է, փոխվել է նաև հանդիսատեսը:

«Գիտեք, առաջին օրերին կային միայն մի քանի հետաքրքրող մարդիկ: Կա պատեհապաշտ հանդիսատես, որը ցանկանում է ներկա լինել այդ ռեժիսորների հետ հանդիպմանը: Բայց կա մի լուրջ հանդիսատես, որը 15-20 հազար մարդիկ են: Դժբախտաբար բուհերի ուսանողները, որոնք գրականությամբ կամ մշակույթով են զբաղվում, շատ քիչ են», - նշեց Խաչատրյանը:

8 ծրագրերում բաժանված 200 ֆիլմերը ցուցադրվում են հիմնականում «Մոսկվա» կինոթատրոնի 4 և «Նաիրիի» 1 դահլիճներում: Մի քանի ֆիլմ ցուցադրվում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, 2-ը՝ «Սինեմասթարում», ուշ երեկոյան ցուցադրություններ են լինում նաև Սիրահարների այգում։ Փառատոնի մեծ խնդիրներից մեկն այսօր կինոդահլիճների փոքր թիվն է։

«Մենք խեղդել ենք հիմա մեր հանդիսատեսին էլ, կինոթատրոններն էլ, որովհետև տեխնիկան արդեն չի դիմանում տաքությունից, աշխատանքից և կանգ է առնում: Ես մի քանի միլիոնանոց քաղաքներ ուսումնասիրեցի Տալինը, Թել Ավիվը, օրինակ, ամեն մեկն ունի 50-60 կինոթատրոն և լեփ լեցուն են և աշխատում են: Մեր բիզնեսմենները, դժբախտաբար, շատ են կենտրոնացել սնունդի, նյութի, առևտրի վրա», - ասաց «Ոսկե Ծիրանի» հիմնադիրը:

Անգամ փոքրաթիվ դահլիճներով փառատոնը մեկ շաբաթ քաղաքում կինո տրամադրություն է ստեղծում: Փառատոնի կազմակերպիչներից Վարդան Հակոբյանը ասում է, որ միջազգային փառատոնը ազդեցություն է ունեցել նաև տեղական կինոարտադրության վրա:

«Էս տարի «Հայկական համայնապատկերում», մեծամասամբ հայկական արտադրության ֆիլմեր են: Կար ժամանակ, երբ «Հայկական համայնապատկեր» 1-2 ֆիլմ էր մտնում Հայաստանից, մնացածը Սփյուռքից էին», - ասաց Հակոբյանը:

Փառատոնի հավատարիմ հանդիսատեսին առավոտից մինչև կեսգիշեր կարելի է հանդիպել «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում։

Իսկ կինոթատրոնից մի քանի հարյուր մետր հեռանալու դեպքում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր երբևէ չեն էլ մտածել 500 դրամ վճարել ու որևէ ֆիլմ դիտել։

«Փառատոնը հետաքրքրել է միայն տեղեկատվական մասով, ֆիլմերը երբևէ չեմ դիտել», - մեզ հետ զրույցում խոստովանեց անցորդներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG