Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյան. Ռուսաստանը վաճառում է Ղարաբաղը


Դատարանում այսօր ավարտվեց տուժող, ոստիկանության «հրեշտակների» գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանի կալանքը հայ - ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների համատեքստում է:

Շանթ Հարությունյանը կարծում է, որ Ռուսաստանը «ոչնչացնում է Ղարաբաղի ներքին իմունիտետը»։

«Բարոյալքման նկատելի քայլեր էր նաև Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը։ Իրականում Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ և, եթե բիզնես կա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ապա վաճառվել է հենց Ղարաբաղը։ Որպեսզի Ղարաբաղի վաճառքը Ադրբեջանին դիմադրության չհանդիպի հայ ժողովրդի կողմից, Ռուսաստանը ձեռնարկել է տոտալ միջոցառումներ ընդդեմ Հայաստանի»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։

Հայաստանի դեմ Ռուսաստանի ծավալած գործունեությունը գնահատելով՝ Հարությունյանն անդրադարձավ քաղաքական դաշնակիցների հարցին։

«Առաջին՝ զրկել Հայաստանին միջազգային քաղաքական աջակցությունից։ Ռուսաստանն այս խնդիրը լուծեց, երբ սեպտեմբերի 3-ին արգելեց Հայաստանին ստորագրել եվրաասոցացման պայմանագիրը։ Սրանով Հայաստանը զրկվեց միջազգային, հատկապես, արևմտյան քաղաքական աջակցությունից։ Երկրորդը՝ ձգձգելով Հայաստանի մուտքը ԵվրԱզԷս, Ռուսաստանը խուսափեց ստանձնել որևէ քաղաքական պատասխանատվություն Հայաստանի ու, մասնավորապես, Ղարաբաղի համար։ Հասկացի՝ Ռուսաստանը քաղաքականապես մեկուսացրեց Հայաստանին՝ զրկելով որևէ քաղաքական դաշնակցից։ Երրորդ խնդիրը՝ Հայաստանը թուլացնել ռազմականապես. միլիարդների հասնող զենքի վաճառքով՝ Ռուսաստանը ապահովում է Ադրբեջանի ռազմական գերակշռությունը Հայաստանի նկատմամբ»,-դատարանում ասաց Հարությունյանը։

Քաղաքական և քաղաքացիական իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը, Ալեք Պողոսյանը, Հայկ Հարությունյանը՝ հանրությանը կոչ անելով պայքարել իրավունքների համար, իսկ իրենց խուլիգանության մեղադրանք առաջադրելը որակեցին քաղաքական պատվեր:

Դատարանում այսօր ավարտվեց տուժող, ոստիկանության «հրեշտակների» գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը: Ամբաստանյալները տարբեր դրվագներով նրա տված ցուցմունքները որակեցին ստախոսություն:

Ապա ցուցմունք տվեց տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Պետրոսյանը: Նա պատմեց, թե նոյեմբերի 5-ին ծխից սրտխառնոց է ունեցել, տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Վարդան Վարդանյանը զարմացավ: Հարցրեց, թե ինչպե՞ս է, որ ինքը, երբ որպես զինվորական վիրավորվել էր կոկորդից, ականջի կեսն էլ չկար, անգամ այդ դեպքում վերակենդանացման բաժին չէին տեղափոխել իրեն:

Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանի պաշտպանը տուժող Պետրոսյանին հարցեր ուղղեց այն մասին, թե ո՞ր պահին և ինչպե՞ս է Վահե Մկրտչյանը հարվածել իրեն:

Պետրոսյանը ցույց տվեց մի լուսանկար, որից, ըստ փաստաբանի, ընդհանրապես չի երևում, որ որևէ մեկը հարվածում է տուժող համարվող ոստիկանին: Բացի այդ, փաստաբանն ավելացրեց, որ մեղադրականում, իբրև Վահե Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի ապացույց, բոլորովին այլ լուսանկար է վկայակոչել դատախազը:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը կիրառի ապացույցների կիրառումը սահմանափակելու որոշում:

Այսօրվա դատական նիստին հետևում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա «Ազատությանը» փոխանցեց, որ իր կարծիքով Հարությունյանն ու ընկերները քաղաքական գործունեություն են ծավալում հանուն Հայաստանի ժողովրդի:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին։

XS
SM
MD
LG