Մատչելիության հղումներ

Ծեծի հետևանքով մահացածի ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին


Ծեծի հետևանքով մահացածի ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00

Ծեծի հետևանքով մահացածի ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին

Ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ, 54-ամյա Վարդան Թումանյանի ընտանիքը հայտարարում է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ թե երկու հոգի, այլ ծեծին մասնակցած բոլոր 4 անձինք։

Ըստ հարազատների՝ ծեծին մասնակցել են հայր ու որդի՝ Բաբկեն ու Գևորգ Սարգսյանները և Բաբկենի թոռները՝ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը։

Հիշեցնեմ՝ Վարդան Թումանյանը, անցած կիրակի ծեծի է ենթարկվել հարևան շենքի բնակիչների կողմից, ինչից հետո երկու օր անց հիվանդանոցում մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով. կալանավորված Սարգիս Ղուկասյանն ու Գևորգ Սարգսյանը մեղադրվում են դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Մահացածի քույրը՝ Մարիետա Թումանյանը հայտարարում է, որ փաստորեն, այս պատմության առաջին մեղավորը դեռ ազատության մեջ է ու շարունակում է ահաբեկել եղբոր ընտանիքին. - «Այսօր հայրը շատ ազատ պտտվում է 7-րդ զարգվածում` պրովոկացիայի ենթարկելով ընտանիքին, որոնք կարող են մորթել դրան: Իրենք մտածում են միտումնավոր ձևով հասցնեն, որ տղաները այդպիսի քայլի գնան, որպեսզի խնդիրը վերջանա»:

Ընտանիքը ցավով է նշում, որ փաստորեն, պատմությունը կրկնվում է. - «Սա երկրորդ Հարսնաքարն է, երբ ծեծելով մարդուն մահվան են հասցնում»։

Ամեն ինչ սկսվել է Երևանի Նորքի 7 զանգվածի բակերից մեկում: Մարիետան այդ թաղամասի համատիրության ղեկավարն է, թաղամասի տարեցների համար հանգստի անկյուն է բացել։ Անցած կիրակի եղբայրը ևս եղել է այդտեղ, հետևել բնակիչների շախմատային խաղին։ Խոսքը խոսք է բերել ու ըստ Վարդանի կնոջ՝ Տատյանա Մելքումյանի՝ թաղամասի բնակիչ Բաբկեն Սարգսյանը ազատամարտիկին թուրք է անվանել։ Վեճ է բռնվել, որն այդ պահին շարունակություն չի ունեցել։

Վարդանը տուն է դարձել։ Նրա վեց հոգանոց ընտանիքը բնակվում է մանկապարտեզում տեղակայված համատիրության սենյակներից մի քանիսում։ Կինը՝ Տատյանան պատմում է, որ Բաբկենի թոռները՝ հետագայում կալանավորված Սարգիս Ղուկասյանն ու մինչև հիմա ազատության մեջ գտնվող Վիկտոր Հովսեփյանը տնից դուրս են կանչել Վարդանին ու հենց մանկապարտեզի բակում՝ կնոջ ու դստեր աչքի առաջ ծեծի ենթարկել նրան։

Տատյանան ցույց էր տալիս արդեն չորացած, բայց դեռևս տեսանելի արյան հետքերը, պատմում, որ փորձել է օգնել ամուսնուն: Ըստ Տատյանայի, ծեծի ընթացքում թոռներին է միացել պապը՝ Բաբկեն Սարգսյանն ու նրա որդին՝ կալանավորված Գևորգ Սարգսյանը։ 4 հոգով հարձակվել են ազատամարտիկի վրա:

Տատյանան պատմում է, որ հեռանալուց առաջ Գևորգ Սարգսյանը հետևյալ խոսքերն է իրեն ասել. - «Ասեց` շնորհակալ եղիր, որ այդքանով պրծաք, չենք սպանել»:

Մարիետա Թումանյանը ցույց է տալիս մանկապարտեզին հարակից շենքներն ու ցավով ասում, որ շատերն են տեսել կատարվածը, բայց միայն մի բնակիչ է համարձակվում ցուցմունք տալ:

Վարդան Թումանյանի ընտանիքը սոցիալապես անապահով է: Նա 4 երեխա ուներ, տղաներից ոչ ոք չի աշխատում, փոքր դուստրը հաշմանդամ է։ Ընտանիքում միայն նա էր աշխատում։ Այժմ Թումանյանները մնացել են առանց հոր ու միակ աշխատող ձեռքի։

Մարիետա Թումանյանը հայտարարում է, որ պայքարելու են մինչև վերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG