Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընտրողների 90 տոկոսը մտադիր է մասնակցել նախագահի ընտրությանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, հունիս, 2014թ․
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը, հունիս, 2014թ․

Ընտրարշավի միանձնյա առաջատարը վարչապետ Ռեջեփ Էրդողանն է:

Թուրքիայում օգոստոի 10-ին կայանալիք առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններից մոտ երեք շաբաթ առաջ սոցիոլոգներն արձանագրում են` ընտրողների գերակշիռ մեծամասնությունը` 90 տոկոսը պատրաստվում է մասնակցել քվեարկությանը: Սա են վկայում, մասնավորաբար, թուրքական ANAR սոցիոլոգիական ծառայության հրապարակած վերջին հետազոտության արդյունքները:

Անկարայում գործող SETA վերլուծական կենտրոնի նախագահ Թահա Օզջանը նկատում է, որ ընտրարշավի միանձնյա առաջատարը կրկին վարչապետ Ռեջեփ Էրդողանն է: Վերջին մեկ ամսում անցկացված բոլոր հարցումները վկայում են, որ նրա վարկանիշը տատանվում է 54-56 տոկոսի միջակայքում:

Սա է թերևս պատճառը, որ ընդդիմադիր երկու առաջատար ուժերը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ու Ազգայնական շարժումը քվեարկությանը նախորդող շաբաթներն օգտագործում են իրենց միասնական թեկնածուի` «Իսլամական համաժողով» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, ներքաղաքական դաշտի նորեկ Էքմելեդդին Իհսանօղլուի անդադար գովազդով: Թուրքական հեռուստաընկերությունների եթերում պտտվող գովազդային հոլովակներում հիմնական շեշտը դրված է Իհսանօղլուի կրթվածության, գիտական ձեռքբերումների և տարիների ընթացքում կուտակած միջազգային հեղինակության վրա:

Անկարայում գործող Անաչառ հետազոտությունների կենտրոնի՝ ORC-ի հետազոտության տվյալների համաձայն, սակայն, Իհսանօղլուի վարկանիշը այժմ մոտ 37 տոկոս է, ինչը, բնականաբար, բավարար չէ ոչ միայն հաղթանակի, այլև գործը ընտրությունների երկրորդ փուլին հասցնելու համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետին, ապա նա այս օրերին գերադասում է համատեղել նախընտրական արշավն ու կառավարության ղեկավարի պարտականությունների կատարումը` չհրաժարվելով ավանդական աշխատանքային գրաֆիկից: Երեկ, օրինակ, ինչպես և ամեն երեքշաբթի, Էրդողանն Անկարայում հանդես եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորական խմբակցության նիստին` ելույթի մեծ մասը նվիրելով Գազայի հատվածում ծավալված իրադարձություններին և Իսրայելի ղեկավարության անխնա քննադատությանը: Ուշագրավ է, որ այս նիստին Էրդողանը ժամանել էր ավանդական պաղեստինյան գլխաշորը` քուֆիյան ուսերին գցած:

Նախագահի պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահեթդին Դեմիրթաշն է, որի վարկանիշը, ըստ GENAR կենտրոնի սոցիոլոգների, մոտ 9 տոկոս է: Դեմիրթաշը կարող է լուրջ քանակությամբ քվեներ ստանալ հատկապես երկրի արևելյան, քրդաբնակ շրջաններում, արձանագրում են թուրք վերլուծաբանները:

«Առաջիկա երեք շաբաթներին Թուրքիայում նոր հարցումներ կանցկացվեն, և արդեն պարզ կլինի՝ արդյոք երկրի վարչապետը ի վիճակի կլինի՞ կրկնել 2010 թվականի սահմանադրական հանրաքվեի հաջողությունը, երբ չնայած ընդդիմադիր երեք ուժերը նրա դեմ էին միավորվել` իշխանությունը կարողացավ 58-տոկոսանոց հավանության քվե ապահովել», - նկատում է վերլուծաբան Թահա Օզջանը` նշելով, թե ընդդիմությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի օգոստոսի 10-ին հերթական ընտրական անհաջողությունից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG