Մատչելիության հղումներ

Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ղարաբաղի համար


Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ղարաբաղի համար
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները:

Մինչ այդ, հիշեցնենք, Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել:

Մինչդեռ անցած շաբաթավերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:

«Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, և չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և [...] երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ», - ասել է նա:

Օգտատերերից մեկը վարչապետին հարցրել է Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների մասին՝ մեջբերելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Ալ-Վաթան» թերթին տված հարցազրույցը, որում Սարգսյանը հայտարարել էր, թե «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Արդյոք Ղարաբաղի իշխանությունները համաձա՞յն են այս դիրքորոշմանը․ Հարությունյանը, ուղիղ չանդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնել՝ մասնավորապես նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը պարզ է՝ ազատագրված տարածքներն Արցախ են, շենացվում են Ղարաբաղի կառավարության կողմից, և այլ տեսակետ լինել չի կարող:

«ԼՂՀ իշխանությունները ոչ թե յոթ տարածքներ, յոթ շրջաններ, այլ այսօրվա փաստացի մեր տարածքը համարում են Արցախ, համարում են Արցախի տարածք, և իրականացնում ենք աշխատանքներ, կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր այդ բոլոր տարածքներում», - հայտարարեց Հարությունյանը:

Ի դեպ, սա Սերժ Սարգսյանի միակ հայտարարությունը չէ, որին Ղարաբաղի կառավարության ղեկավարը հակադարձել է վերջին ասուլիսում: «Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում», ինչպես նաև «Հայաստանը Ղարաբաղով չի մտնելու Մաքսային միություն»՝ Հայաստանի նախագահի Ծաղկաձորում երկու ամիս առաջ հնչեցրած այս հայտարարություններին հակառակ, Արա Հարությունյանը հարցազրույցում մի քանի անգամ ընդգծել է՝ Արցախն ու Հայաստանը վաղուց են վերամիավորվել, և հավելել՝ երբևէ՝ ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսային սահման չի լինելու:

«Ես համարում եմ, որ մենք արդեն վերամիավորված ենք, բայց Արցախը, այո, ունի իր ինքնուրույնության հնարավորությունները, բայց կոնկրետ եթե նայենք՝ մենք արդեն միացված ենք: Մի բան կարող եմ հայտարարել, որ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ, սահման, մաքսային սահման չի լինելու՝ երբևէ՝ ոչ միայն այսօր, այլ երբևէ չի լինելու նման մաքսակետ և մաքսային սահման կամ ընդհանուր առմամբ սահման Արցախի և Հայաստանի միջև: Մենք նշեցինք, որ արդեն մենք միավորվել ենք», - շեշտել է Լեռնային Ղարաբաղի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG