Երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցիներից շատերը նախընտրում են Բնակարանների գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագիրը, որպեսզի պետությունը ինքը բնակարան գտնի, գնի ու հատկացնի իրենց:
«Ես արդեն հույս չունեմ, որ բնակարան կկառուցեն, եթե կկառուցեն, թող կոնկրետ ժամկետ ասեն, եթե չէ, ԲԳՎ-ից կօգտվեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց 26 տարի բնակարանի է սպասող Ֆենյա Սահակյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականը սահմանվել էր որպես երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու վերջնաժամկետ:
Այսօրվա Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած 1000-ից ավելի ընտանիքներ կան, սակայն պետությունը նրանցից 430-ի նկատմամբ է բնակարանով ապահովելու պարտավորվածություն ստանձնել:
Այդ ընտանիքների համար դեռ 2 տարի առաջ բնակարաններ էին կառուցվելու, սակայն շինարարությունը տարբեր պատճառներով ձգձգվեց, ու վերջապես կառավարության ղեկավարը խոստովանեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով այն չի էլ մեկնարկել:
Այսօր արդեն կառավարությունը հնարավորինս քիչ ծախսով է փորձում 430 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը լուծել, այն է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելով:
26 տարի բնակարանի սպասած անօթևան ընտանիքները կանգնած են ընտրության առաջ՝ բնակարանի գնման վկայագիր վերցնել, թե այնուամենայնիվ, սպասել կառուցվող բնակարաններին:
Գյումրիի քաղաքապետարանում մի քանի օր շարունակ անօթևաններից գրավոր պատասխաններ էին ընդունում, թե նրանք ո՞ր տարբերակն են նախընտրում: Դրանց արդյունքները այսօր ուղարկվել են կառավարություն:
«367 շահառու է եկել այստեղ, 108-ը ուզել են կառուցապատում, 259-ը նախընտրել է ԲԳՎ ծրագիրը: Մյուսներին չենք կարողացել գտնել, որովհետև քաղաքում չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նախկինում էլ անօթևաններին ԲԳՎ տրամադրվել է, սակայն կեղծ գործարքների հետևանքով շատ ընտանիքներ այդպես էլ շարունակում են տնակներում ապրել: Գյումրիի քաղաքապետը ևս մի վտանգ է տեսնում այս ծրագրում, որ այն կարող է նպաստել արտագաղթին:
«Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակենք, որ մարդը միանգամից գումարը չստանա ու գնա քաղաքից կամ իր պարտքերը տա և առանց բնակարանի մնա նորից տնակների մեջ», - ասաց քաղաքապետը:
Բնակարան կառուցել, թե՞ վկայագրեր տրամադրել՝ որոշելու է կառավարությունը: