Մատչելիության հղումներ

Ռուսաստանը որոշիչ դեր կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության սառեցման գործում


Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ ընդգծելով՝ նախկին խորհրդային միության ամենաարյունալի այս հակամարտությունը սառեցնելու հարցում որոշիչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը:

Կրեմլում թերթի աղբյուրները հաստատել են, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ից 9-ին՝ Սոչիում:

«Հայ-ադրբեջանական հակամարտության նոր սրացումը վկայում է, որ վերջին տարիներին թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում նոր քաղաքական էլիտաներ են ձևավորվել, որոնց ձեռնտու չէ տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն»,- ասել է Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը:

Ըստ փորձագետի՝ վերջին լարվածությունը պետք է դիտարկել նաև առավել ընդարձակ՝ աշխարհաքաղաքական համատեքստում:

«Հոկտեմբերին Հայաստանը պետք է մտնի Եվրասիական տնտեսական միություն, ինչն ամենևին չեն ուզում Արևմուտքում, և այսօրինակ քայլերով փորձում են խանգարել Ռուսաստանի նախագահի կարևորագույն ծրագրերից մեկի իրագործումը»,- ասել է Ֆյոդորովը։

«Նովիե Իզվեստիայի» հետ զրույցում նույն տեսակետն է պնդել նաև մոսկովյան Քարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:

«Եթե այս իրադարձությունները տեղի ունենային կես տարի առաջ, կարելի կլիներ համոզված պնդել, որ այդ լարվածությունը չի հանգեցնի առավել լուրջ արյունահեղության, սակայն այժմ, հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ցավոք, դժվար է դա պնդել»,- ասել է փորձագետը՝ հավելելով,- «հիմա ղարաբաղյան հակամարտության թեժացումը Ռուսաստանի շահերից չի բխում, չեմ ուզում դավադրությունների տեսությամբ զբաղվել, սակայն չեմ բացառում, որ ներկայիս իրավիճակը արևմուտքի կողմից ձեռնարկված ինչ-որ քայլի արդյունք է»:

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևն էլ «Նեզավիսիմայա Գազետայի» հետ զրույցում նշել է. - «Կարգավորումը շատ դժվար է առաջ գնում, վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն ավելի շատ լուծման պատրանք էին ստեղծում և միջադեպերի պատասխանատվությունը դնում բոլոր կողմերի վրա՝ առանց հստակ մատնանշելու, թե ով է շահագրգռված լարվածության սրմամբ։ Եվ հիմա էլ միջնորդների հայտարարություններն անատամ բնույթ են կրում»:

Արևմտյան պարբերականները փաստում են, որ վերջին արյունալի միջադեպերը սկիզբ առան «Սառը պատերազմից» ի վեր՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ի հայտ եկած ամենախորը հակասության ֆոնին:

«Միացյալ Նահանգների և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի և Ռուսաստանի աջակցությունը վայելող Հայաստանի միջև պատերազմի վերսկսումը իրապես կարող է տարաձայնություններ առաջ բերել ՆԱՏՕ-ի և Մոսկվայի միջև»,- «Բլումբերգին» ասել է Լոնդոնում գործող տնտեսագետ, «Սթենդարդ բենք գրուփի» փորձագետ Թիմոթի Աշը՝ հավելելով․ - «Ուղերձը մեկն է՝ Ռուսաստանը կարևոր է այս տարածաշրջանում, և ետխորհդային ողջ տարածքում բոլորն են պարտավոր Կրեմլի հետ հաշվի նստել»:

XS
SM
MD
LG