Մատչելիության հղումներ

Երիտասարդ դասախոսներին կոչ են անում երկար մտածել՝ պետական բուհերի հետ պայմանագիր կնքելիս


Պետական սեկտորի նախկին աշխատողները կաշխատեն առանց պետական աջակցության
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

ԳԱԱ նախկին աշխատակիցը կոչ է անում գործընկերներին՝ պայմանագրերը չվերակնքել պետական բուհերի հետ:

Գիտությամբ զբաղվելն արդեն ոչ միայն շահութաբեր չէ, այլ նույնիսկ վտանգավոր: Այսպես բացատրեց իր հեռացումը Գիտությունների պետական ազգային ակադեմիայից (ԳԱԱ) արդեն նախկին աշխատող Տիգրան Գրիգորյանը: Նա իր իննը նախկին կոլեգաների հետ ստիպված է եղել դադարեցնել աշխատանքային պայմանագիրը պետական այս հաստատության հետ՝ պարտադիր սոցիալական վճարներից ժամանակավորապես խուսափելու համար:

Այսօր նախկին կոլեգաների հետ Տիգրան Գրիգորյանը կոչ էր անում բոլոր երիտասարդ դասախոսներին երկար մտածել՝ սեպտեմբերին պետական բուհերի հետ պայմանագիր կնքելիս:

«Մի վերակնքեք ձեր պայմանագրերը սեպտեմբերին, որովհետև ընկնելու եք կենսաթոշակայինի ծուղակի մեջ: Պետական կրթական և գիտական հաստատություններից հեռացողների թիվն ավելի մեծ կլիներ, եթե մարդիկ հասցնեին իմանալ նոր օրենքի հետևանքների մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունների մասին» օրենքը Ազգային ժողովը ընդունեց հապշտապ՝ հունիսի 28-ին, շաբաթ օրը, միանգամից երեք ընթերցմամբ, և փաստորեն հունիսի 30-ը միակ աշխատանքային օրն էր, երբ պետական սեկտորի աշխատողները հնարավորություն ունեին տեղափոխվել մասնավոր աշխատանքի:

Այն դիտարկմանը, թե այսպիսի հուսահատ քայլով երիտասարդ գիտնականները, դասախոսները արդյո՞ք վնաս չեն հասցնում գիտությանն ու կրթությանը, առավել ևս, որ այսօր և՛ բուհերը, և՛ Ակադեմիան երիտասարդ ուղեղների կարիք ունեն, Գրիգորյանն ասաց, որ եթե պետությունը խանգարում է գիտնականին աշխատել, ուրեմն նա կաշխատի առանց պետական աջակցության:

«Ալտերնատիվ կրթական համակարգի ստեղծմամբ մենք փորձում ենք պարզապես իրավիճակը մեր ձեռքը վերցնել, քանի որ գոյություն ունեն նվիրյալ մասնագետներ, ովքեր պատրաստ են դասավանդել, զարգացնել գիտությունը՝ առանց դրա համար վարձատրվելու՝ ինքնաֆինանսավորմամբ: Փորձենք զարգացնել այդ մոտեցումը», - նշեց Գրիգորյանը:

Պետական սեկտորում աշխատանքը թողած գիտնականներն ու դասախոսները դեռ չեն պատրաստվում այս հարցով դիմել Կրթության և գիտության նախարարությանը, հատակապես, որ սպասելիքներն այս կառույցից մեծ չեն:

ԿԳՆ դիմեցինք մենք՝ փորձելով պարզել, թե մտահոգվա՞ծ չեն պետական սեկտորից երիտասարդ մասնագետների արտահոսքով: Նախարարության հասարակայնության և կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ հարցին ընթացք են տվել, սակայն պատասխան տալու համար պետք է դեռևս ուսումնասիրություններ կատարեն, խոստացան առաջիկայում հանդես գալ պարզաբանմամբ:

Նոր օրենքը թեպետ չտվեց բողոքի դուրս եկած երիտասարդներին անհանգստացնող հարցերի պատասխանը, այդուհանդերձ, պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!եմ եմ» շարժումը ակտիվորեն չարձագանքեց այս երևույթին․ մեկ ամիս է արդեն անցել, շարժումը դեռ հանրությանը չի ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում պայքարը հետագայում: «Դ!եմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարժումն արդեն հաջորդ շաբաթ մտածում է ռեաբիլիտացիայի ենթարկվելու մասին:

«Այս առումով Կառավարությունը կարող է ահագին ուրախանալ, որովհետև «հաղթանակ» է տարել ևս մեկ անգամ, կարողացաք ևս մեկ անգամ հիասթափեցնել հանրությանը, բայց ռեաբիլիտացիան մենք կսկսենք», - ասաց Դավիթ Մանուկյանը:

Շարժումը հիմա իրատեսական չի համարում պայքարը տեղափոխել փողոց: Չունի նաև միասնական դիրքորոշում Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու վերաբերյալ: Այդուհանդերձ, ըստ Մանուկյանի, մի բան հստակ է՝ «Դ!եմ եմ»-ի համար ակտիվ քաղաքացիական հանրությունն արդեն իսկ ձևավորվել է, մնում է ևս մեկ անգամ նրան արթնացնել:

XS
SM
MD
LG