Մատչելիության հղումներ

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի


Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Մոսկվայում յուրացման և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման կասկածանքով կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ընտանիքը հուսով է, որ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կբարձրացնի նաև հայ գործարարին ազատ արձակելու հարցը։

Գործարարի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց ընտանիքի համար առաջադրված մեղադրանքները շարունակում են անհասկանալի մնալ, դրանք չի ընդունում նաև Լևոն Հայրապետյանը, նրանք կարծում են, որ ինչ-որ մեկը պարզապես ցանկանում է խլել գործարարի բիզնեսները։

«Մենք հուսով ենք, որ արձագանք կստանանք, հուսանք Սերժ Սարգսյանը կխոսի Վլադիմիր Պուտինի հետ և մեր հերոսի պահվելու պայմանները կվերանայվեն», - ասաց նա:

Վերջին անգամ Լևոն Հայրապետյանին տեսել է նրա եղբայրը։ Եղբորորդին պատմեց, որ թեև գործարարը վատառողջ է, նրան պահում են 4 հոգանոց խցում, պառկած է զինվորական մահճակալին, իսկ սենյակային շոգ պայմանները վնասակար ազդեցություն են ունենում նրա առողջական վիճակի վրա։

«Ինքը մի քանի անգամ ուշաթափվել է այնտեղ, իրեն շատ վատ է ֆիզիկապես զգում, դիաբետ ունի, քաղցկեղ ունի», - պատմեց Գուրգեն Հայրապետյանը՝ հավելելով, թե ըստ բժիշկների՝ Հայրապետյանին ստացիոնար բուժում է անհրաժեշտ։

Օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանը քննելու է գործարարի կալանավորման մասին որոշման բողոքարկումը, իսկ մինչ այդ Հայրապետյանին աջակցելու նպատակով հատուկ շտաբ է ստեղծվել, որը այսօր Երևանի կենտրոնում բողոքի երթ էր կազմակերպել։

Շուրջ երեք հարյուր քաղաքացիների առաջին կանգառը նախագահական նստավայրն էր։ Այստեղ Հայրապետյանի պաշտպանության շտաբի ներկայացուցիչները նամակ հանձնեցին նախագահի աշխատակազմի ներկայացուցչին և հիշեցրեցին, որ գործարարը նաև Հայաստանի քաղաքացի է և պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն։

Լևոն Հայրապետյանի պաշտպանության շտաբի ներկայացուցիչների կարծիքով այն պայմանները, որում պահվում է գործարարը, պարզապես անմարդկային են: Այս հարցով նրանք նամակ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանին, և ներկայացնելով մի շարք փաստեր՝ հայտարարեցին, թե խախտվում են մարդու իրավունքները։

Բողոքի ցույցի մասնակիցների հաջորդ կանգառը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն էր։ Այստեղ Հայրապետյանի աջակիցները Ռուսաստանի իշխանություններին ուղղված նամակ հանձնեցին, որում ներկայացված էին խախտումների հետ կապված մի շարք փաստեր և գործի քննությունը արդար իրականացնելու պահանջ։

Հայրապետյանի աջակիցների վերջին կանգառը Հայաստանի արտգործնախարարությունն էր, որտեղ նույնպես նամակ հանձնվեց։ Առաջիկայում Լևոն Հայրապետյանի աջակիցները նախատեսում են ցույցեր կազմակերպել նաև Մոսկվայում, Փարիզում և ԱՄՆ-ում։

Քոչարյանի գրասենյակի պատասխանը

Հիշեցնենք՝ 65 ամյա գործարարը մեղադրվում է փողերի լվացման և յուրացման մեջ։ Յուրացման տակ քննչական մարմինը հասկանում է այն գումարը, որը Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդու՝ Ուրալ Ռախիմովին պատկանող բաշկիրյան նավթային ակտիվների վաճառքը ռուսաստանյան «Սիստեմա» ընկերությանը։ Ի դեպ՝ 2009 թվականից «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այսօր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ երկրորդ նախագահը «ԲՖԿ Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն է ընտրվել «Բաշնեֆտի» հետ կապված գործարքից հետո։ Ինչ վերաբերում է Հայրապետյանի կալանավորմանը, ապա երկրորդ նախագահը գործի մանրամասներին տեղյակ չէ, ուստի նրա կողմից քաղաքական գնահատականներով հանդես գալը, ըստ Սողոմոնյանի, ճիշտ չէր լինի։

Նա նշեց, որ իրենք ափսոսում և ցավում են, որ հայ գործարարը կալանավորվել է և հուսով են, որ նա կապացուցի իր անմեղությունն ու անազատության մեջ երկար չի մնա:

XS
SM
MD
LG