Մատչելիության հղումներ

Սոչիում հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին․ Կրեմլ


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Երևանում ասուլիսի ժամանակ, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Երևանում ասուլիսի ժամանակ, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում եռակողմ հանդիպման, Ղարաբաղի խնդրի և շփման գծում լարվածության սպասվող քննարկման մասին ոչինչ չի ասվում:

Վաղը Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ «հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին»: Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված երկկողմ հանդիպումների մասին, հնարավոր եռակողմ հանդիպման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ - ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի խնդիրների սպասվող քննարկման մասին որևէ բան հաղորդագրությունում ասված չէ:

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ կփոխանակվեն երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական փոխգործողության հետագա զարգացման շուրջ», - փոխանցում է Կրեմլը:

«Ալիևի հետ հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել ռուս - ադրբեջանական համագործակցության ամենակարևոր հարցերը, համաձայնեցնել փոխշահավետ հեռանկարային նախագծերն առաջ մղելու համատեղ քայլերը, առաջին հերթին՝ էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային կոոպերացիայի բնագավառներում», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը երեկ տարածած հաղորդագրությունում, հիշեցնենք, նշել էր, որ «հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը»: Նույն օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը դրական և կառուցողական է տրամադրված Սոչիի հանդիպման առնչությամբ, «բայց արդյունքները կարող են կախված լինել միայն, թե ինչպիսի տրամադրվածություն կարտահայտի նաև Ադրբեջանը, արդյոք կվերադառնա կառուցողական հուն»:

Այս շաբաթասկզբին էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Սոչիում նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ: «Այս շաբաթավերջին Սոչիում նախատեսված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի և հետո՝ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը միևնույն ժամին միևնույն վայրում հայտնվեն, երևի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի՝ կախված է մեզանից», - ասել էր Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG