Մատչելիության հղումներ

Սարգսյանի և Ալիևի հետ առանձին հանդիպումներում Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը


Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․
Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում այսօր ընդունել է նախ Ադրբեջանի, իսկ այնուհետև նաև Հայաստանի նախագահներին, իսկ երեք նախագահների եռակողմ հանդիպում նախատեսվում է անցկացնել վաղը՝ օգոստոսի 10-ին:

Այս պահի դրությամբ բանակցությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, և առայժմ դրանց բովանդակության մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

Պուտինի հետ հանդիպումը սկսելիս Հայաստանի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել հրավերի համար, հետո խոսել Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության մասին: Նա ասել է, որ կուզենար քննարկել որոշ հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:

Ռուսաստան -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․
Ռուսաստան -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․

«Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին», - նաև ասել է Սերժ Սարգսյանը:

Պուտինը Սարգսյանին ողջունելիս նախ խոսել է հայ - ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների մասին, և որպես ապացույց, որ այդ հարաբերությունները իսկապես դաշնակցային են, բերել է այն փաստարկը, որ Հայաստանը ցանկություն է հայտնել նաև միանալու Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու նախագահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել են մի շարք հարցերի կապված տարածաշրջանային խնդիրների հետ: Առանձին քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ հակամարտությունն արդեն շատ է ձգձգվել և այն հարկավոր է լուծել:

Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինը իր նստավայրում դիմավորում է Ադրբեջանի նախագահին, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․
Ռուսաստան -- Նախագահ Վլադիմիր Պուտինը իր նստավայրում դիմավորում է Ադրբեջանի նախագահին, Սոչի, 9-ը օգոստոսի, 2014թ․

Իլհամ Ալիևը նաև հավելել է, որ ռուս – ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և Ռուսաստանը Ադրբեջանի հիմնական գործընկերներից է միջազգային ասպարեզում:

Իր հերթին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում նաև այնպիսի ոլորտներում, որոնցում երբեք նախկինում չեն համագործակցել:

Այսօր հայտնի է դարձել, որ վաղը Սոչիում կկայանա նաև եռակողմ հանդիպում: Այս մասին նախ հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Թվիթեր միկրոբլոգային ցանցի իր էջում: Հայկական կողմը հաստատել է այս տեղեկատվությունը: «Վաղը այստեղ` Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

Ալիևն ու Սարգսյանը վերջին անգամ հանդիպել են 2013-ի հունվարին՝ Վիեննայում, և եթե նրանք վերսկսեն բանակցությունները, Պուտինի համար սա կարևոր դիվանագիտական հաղթանակ կլինի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG