Մատչելիության հղումներ

«Պետական մարմինները նահանջում են»


«Պետական մարմինները նահանջում են»
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Դատարանը վերացրեց իր իսկ կայացրած որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանն այսօր վերացրեց մի քանի օր առաջ իր իսկ կայացրած որոշումն ու թույլատրեց դատական դռնբաց նիստի անցկացումը։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝դատավորի այս որոշումը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար էլ էր անակնկալ։

«Մենք հատուկ նշեցինք, որ մենք այսօր միջնորդություն չենք ներկայացնելու դռնբաց դատական նիստ անցկացնելու և ներկայացրել ենք վճռաբեկ բողոք․ վիճարկում ենք այն ակտը, որով դատարանն անցել էր դռնփակ դատական նիստի։ Մեզ համար ևս անակնկալ էր, որ դատարանն անցավ դռնբաց դատական նիստի», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթն ու «Իլուր» էլեկտրոնային կայքը Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկում են տեղեկատվության աղբյուրը բացահայտելու՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մայիսի սկզբին, հղում անելով սեփական աղբյուրներին, լրատվամիջոցները գրել էին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը զենքի գործադրմամբ բռնության է ենթարկել գյումրեցի հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ու նրա եղբորը։ Սեփական ուժերով չկարողանալով բացահայտել նկարագրված դեպքը՝ Հատուկ քննչական ծառայությունը «Հրապարակ»-ից ու «Իլուր»-ից Կենտրոնի դատարանի պարտավորեցնող որոշմամբ պահանջել էր բացահայտել լրատվության աղբյուրը։ Դատարանը, ի դեպ, լրատվամիջոցների բացակայությամբ էր այդ որոշումը կայացրել։

«Իլուր»-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ երկու լրատվամիջոցները այսօր ևս հաստատակամ են՝ ինֆորմացիայի իրենց աղբյուրները չեն բացահայտելու։

«Ասեմ ավելին, վստահորդները հաստատակամ են մինչև վերջ չբացահայտելու իրենց աղբյուրներին», - փոխանցեց «Իլուր»-ի ներկայացուցիչը։

Արմեն Խաչատրյանը կարծում է, որ դռնբաց դատական քննություն նշանակելու Եվա Դարբինյանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ պետական մարմինները նահանջում են։

«Սա, իսկապես, մի լրատվամիջոցի կամ մի լրագրողի խնդիր չէ. մի կողմ թողնելով անգամ՝ որ դատավարական նորմերի կոպիտ խախտումներով է այդ որոշումը կայացրել, նյութական նորմի կոպիտ խախտումներով, սա, իսկապես, ժողովրդավարության հետ կապված խնդիր է ու ես կարծում եմ, որ դատարանի այսօրվա՝ դռնբաց դատական քննություն նշանակելու այդ քայլը, հնարավոր նահանջի երևույթներից մեկն էր», - ասաց Խաչատրյանը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարծում են, որ դատական նիստն ի սկզբանե պետք է անցկացվեր դռնբաց, քանի որ դռնփակ դատական նիստ կարող էր նշանակվել միայն լրատվամիջոցների միջնորդությամբ։

Զեյնալյանի խոսքով՝ «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նախորդ նիստում դատավորի կայացրած որոշման դեմ, ու անգամ այսօրվա անակնկալ որոշումից հետո այն հետ չեն վերցնելու։

«Սրա նպատակը, մեր կարծիքով, այն է, որպեսզի պետական պաշտոնատար անձանց դնեն զսպաշապիկի մեջ, որպեսզի նրանք չտան այն տեղեկատվությունը, որ հայտնվում է լրատվամիջոցներում պետական մարմինների, պաշտոնատար անձանց վերաբերյալ», - նշեց իրավապաշտպանը։

Դատական հաջորդ նիստը օգոստոսի 20-ին կկայանա։

Զեյնալյանը տեղեկացրեց, որ դատախազությունը նոր նյութեր է ներկայացրել դատարան․ - «Նյութերը, որոնք ներկայացված չեն եղել առաջին ատյանի դատարանում, այդ նյութերը նաև մենք միջնորդեցինք, որպեսզի տրամադրվեն մեզ. սա ավանդույթի շարունակումն է, ըստ որի, առաջին ատյանի և նախաքննության սխալներն ուղղվում են վերաքննիչ դատարանում։ Խաղաքարտերն, ասպես ասած, բացահայտվում են պաշտպանվող կողմի՝ երկրորդ, երրորդ էշելոնում արդեն փորձում են շտկել այդ սխալները»։

XS
SM
MD
LG