Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան․ «Հնարավորություն ունե՞ք՝ այցելեք զինվորներին»


Ղարաբաղյան հիմնախնդիրը անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել, «Ազատության» հետ զրույցում նշեց սահմանային դիրքերից երեկ վերադարձած նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Եթե ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգվի, Բագրատյանի կարծիքով պատերազմ կսկսվի:

«Հիմ այլևս այլընտրանք չկա լուծելուն: Դեռևս 2000 թվին կարելի էր մտածել, որ կարելի է սկսել պատերազմ և հաղթել: Հիմա հաղթող չի լինելու՝ երկու կողմերը միմյանց ոչնչացնելու են», - ասում է Բագրատյանը, - «Միայն Իսրայելից գնված հրթիռների քանակությունը՝ 300 կմ հեռավորությամբ, ի վիճակի են մոխիր դարձնել ամբողջ Ղարաբաղ կամ Հայաստան: Պիտի ասեմ՝ բարեբախտաբար նույնը կարող է անել ԼՂ պաշտպանության բանակը»:

Նախկին վարչապետը համոզված է՝ հարցի կարգավորմանը խանգարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր, ասաց Բագրատյանը, տեխնոլոգիական պատերազմ է մղվում, որի պայմաններում ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքները չեն կարող աշխատել:

«Նույնիսկ որ դրանից հետո կարդում եմ ռուս կամ ամերիկացի համանախագահների ասածները, հեռու են․․․ դա 95 թիվը չէ, 94 թիվը չէ․․․ շատ ավելի բարդ վիճակ է: Սա ուրիշ հավասարակշռություն է, այս հավասարակշռության պայմաններում նույնիսկ Մարդիդյան սկզբունքը չի կարող աշխատել: Այդ լեզուն չէ, որ պետք է խոսել իր հետ: Բայց նրանք այդ լեզվով են խոսում: Միահամուռ պրոպագանդա են անում զինվորների շրջանում, որ՝ հայը մարդ չէ, հայ ազգ չկա: Սրա համար նույնիսկ պետք է դիմել Հաագայի դատարան և Իլհամ Ալիևին տանել այդտեղ՝ այդպիսի հիմարություններ թույլ տալու համար: Կամ այդ նույն Մինսկի խումբը ինչո՞ւ ձայն չի բարձրացնում, երբ որ Իսրայելը վաճառում է այդպիսի հրթիռներ, կամ ռուսներն են վաճառում», - հարցնում է նա:

Բագրատյանը տեղեկացրեց, որ վերջին լարվածությունից հետո սահմանային դիրքերում զինվորների կողքին են նաև փորձառու ազատամարտիկները:

«Հիմա մտածել են մոդել՝ ես չեմ ուզում այդտեղ խառնվել: Ղարաբաղում ծառայած ազատամարտիկները գնացել են և էդ երեխեքի հետ խրամատում են անցկացնում: Էս 95 թիվը չի՝ 2 սանտիմետրի շանս էս տալիս՝ խփում են: Այդ լավ է, որ փորձով մարդիկ գալիս են, զգուշացնում են, բայց իրենք խոստովանում էին՝ այդ ազատամարտիկները, որ, իհարկե, տեխնոլոգիաները փոխվել են», - ասում է նա:

Բագրատյանը կարծում է՝ Սոչիում կայացած Սարգսյան - Ալիև հանդիպումից հետո սահմանային լարվածության տևական թուլացում կնկատվի:

«Մեծ հաշվով՝ Սոչիում Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուներ ստանալու: Այսպես էր Սոչիից առաջ՝ Հայաստանի համար հաղթանակ էր այն, որ ոչ մի բան չկորցնի: Ադրբեջանն ուզում էր ինչ-որ բան ստանալ: Ինձ թվում է, որ Պուտինն էլ հասկացավ, որ ինչո՞ւ տալ Ադրբեջանին, ի՞նչ տալ: Տալ Ադրբեջանին որևէ այսպես ասած՝ գրավված տարածք, եթե համարենք դա գրավված, դա նշանակում է պարզապես ոչնչացնել հայկական կողմին: Մյուս կարևոր բանը՝ արդեն Պուտինն էլ է հասկանում․ գոյություն ունի բանակցություն երկու կողմով՝ Ադրբեջան – Ղարաբաղ», - ասում է նախկին վարչապետը:

Ուզեն, թե չուզեն՝ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, հայտարարեց Բագրատյանը: Ղարաբաղի փոխարեն Հայաստանը չի կարող որոշում կայացնել, կարծում է Հրանտ Բագրատյանը: Բացի այդ՝ ասաց, ինչպե՞ս կարող են հաշվի չնստել մի միավորի հետ, որը կարող է ոչնչացնել հակառակորդին․ - «Եվ Իլհամ Ալիևը ձգձգում է սա: Եթե Ղարաբաղի հետ բանակցի, կտա Ղարաբաղին այն, ինչ պիտի տա, և արդեն Ղարաբաղի ժողովուրդն էլ կորոշի ի՞նչ տա Ադրբեջանին և ինչ-որ բան կտա: երկրորդ մոմենտը, իհարկե, մեր զինվորների հաստատակամությունը․․․ դե գիտեք՝ շփման գծում ինֆորմացիա կա, երբեմն իրար լսում են: Այնտեղ, իհարկե, խուճապ է: Սա էական էր: Եվ վերջապես՝ ես չգիտեմ ինչ է եղել, գուցեև Ադրբեջանը նախատեսեր մտցնել Եվրասիական տնտեսական միություն, Իլհամ Ալիևը մերժել է, թե ինչ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը չստացավ այդ ամենը»:

Հրանտ Բագրատյանը Հայաստանի և Ղարաբաղի վարչապետերի, պաշտպանության նախարարների հետ մեկ գիշեր անցկացրել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ասաց՝ մասնավոր այցով հաճախ է լինում Ղարաբաղում: Այս վերջինը՝ համընկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների այցելության հետ:

«Ես էլի կգնամ, կոչ կանեի, որ բոլորը գնան և հիմար-հիմար կոմենտներ չանեն՝ գնացել եք, որ ի՞նչ անեք, չգիտեմ ինչ․․․ Դուք գնացեք, բոլորդ: Հնարավորություն ունե՞ք՝ այցելեք զինվորներին՝ ասելով, թե՝ զինվոր, ինչպե՞ս ես», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG