Մատչելիության հղումներ

Զուրաբյանը «ձախողման խոստովանություն» է որակում վարչապետի հայտարարությունը


Զուրաբյանը «ձախողման խոստովանություն» է որակում վարչապետի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

«Գալու է ժամանակ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու», - երեկ Ծաղկաձորում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Բազե» հավաքի մասնակիցներից մեկի հարցին ստվերի դեմ պայքարի մասին:

Պաշտոնը ստանձնելուց օրեր անց, հիշեցնենք, Աբրահամյանը գործարարներին հստակ ժամկետ էր տվել՝ մինչև հուլիսի 1-ը դուրս գալ ստվերից, հակառակ դեպքում նրանցով պետք է զբաղվեին համապատասխան մարմինները:

Երեկ, սակայն, վարչապետը պնդել է, թե իրեն է ժամանակ պետք. - «Դուք մտածում եք, որ ես ասել եմ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, ու բոլորը գալու են հարկային դա՞շտ: Ոչ: Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան, կամաց-կամաց վերացնելու ենք և կամաց-կամաց արձանագրելու ենք հաջողություն, ես դրանում ուղղակի համոզված եմ»:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «կապիտուլյացիա, ձախողման մասին խոստովանություն» որակեց Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը: «Ազատության» հետ զրույցում նա հիշեցրեց, որ Աբրահամյանը ամպագոռգոռ խոստումներ էր տվել՝ բոլորին հարկային դաշտ բերել՝ շարունակելով․ - «Հիմա պարզվում է, որ դրա համար իրականում պետք է ոչ թե հուլիսի 1-ը, այլ պետք է շատ երկար ժամանակ: Ուղղակի իր ձախողվածությունը, պարտությունը փորձում է ինչ-որ ձևով մեղմացնել: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գտնվի, որ հավատա այս հեքիաթներին»:

Լևոն Զուրաբյանի խոսքով, այստեղ որևէ անակնկալ չէր կարող լիներ․ Հովիկ Աբրահամյանն առաջին իսկ քայլերով ապացուցեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունից էլ վատ է աշխատելու․ - «Բայց ես սա չեմ վերագրում Հովիկ Աբրահամյանի անձին: Սերժ Սարգսյանի ռեժիմը, Հանրապետական կուսակցության ռեժիմը սպառված է: Նրանք հիմա իրենց եղած կազմում ամենաազդեցիկ, ամենագործունյա, ամենաեռանդուն մարդկանց էլ դնեն՝ արդյունքները, միևնույն է, ավելի վատ են լինելու: Ինքը այդ ռեժիմը կոռումպացված, փչացած, քրեապետական մի ռեժիմ է, և քանի տարի շարունակ արդեն միակ արդյունքը աղքատացումն է Հայաստանի, արտագաղթն է»:

Հովիկ Աբրահամյանը, մինչդեռ, երեկ Ծաղկաձորում իր ղեկավարած Կառավարության արձանագրած արդյունքներ էլ է մատնացույց արել՝ պնդելով, թե մարդիկ տեսնում են, որ իր մտերիմները բիզնեսը դուրս են բերել ստվերից․ - «Այո, մեր մոտիկները չեն գնում այդ քայլին: Հիմա պատկերացրեք՝ մեր մոտիկներից մեկը գնա սկսի ստվերում աշխատել, էն մեկն ասելու է՝ սրանք ուղղակի դատարկ խոսում են, Կառավարության ղեկավարը: Ակնհայտ կա տեղաշարժը դրական: Փոքր է, բայց կարևորը՝ գործընթացը սկսվել է»:

Լևոն Զուրաբյանին այս հավաստիացումները չեն համոզում: Ընդդիմադիր քաղաքական ուժի փոխնախագահը նույնիսկ վարչապետի ցանկությունը չի տեսել որևէ դրական տեղաշարժի․ Աբրահամյանը լավագույն դեպքում կարող է լեգենդներ տարածել, թե իր հարազատները վճարում են հարկերը, բայց անգամ եթե դա իրականություն է, «եթե իր ասածն այն է, որ իր մտերիմներին ինքը կարողացել է ստվերից հանել, բայց մնացած բոլորը շարունակում են մնալ ստվերի մեջ, ավելի պարզ հայտարարություն կապիտուլյացիայի մասին դժվար էր պատկերացնել»:

«Ի՞նչ օգուտ նրանից, որ կան խոշոր նախագահամերձ, իշխանամերձ օլիգարխներ, ովքեր, մտերիմ չլինելով Հովիկ Աբրահամյանի հետ, այսօր շարունակում են անխնա գործարկել, աշխատացնել պետական իշխանության լծակները սեփական հարստացման նպատակով», - հայտարարեց Զուրաբյանը՝ եզրակացնելով, թե Աբրահամյանի երեկվա խոստովանությունը «ամեն ինչ տեղը դրեց»:

Նա հիշեցնելով, որ Քառյակում իրենց որոշ գործընկերներ առաջարկում էին նոր կառավարությանն աշխատելու ժամանակ տալ․ - «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ավարտված էր նշանակման օրվանից: Մենք ի սկզբանե գիտեինք, որ փուչ են այս հույսերը: Որոշ մարդիկ դեռ կասկածում էին, դեռ հույսեր կապում, դեռ մտածում էին, որ անձի փոփոխությունով ինչ-որ բան կարող է լուծվել»:

Հիմա, ըստ Զորաբյանի, կասկածից վեր է, որ միակ ելքը ոչ իշխանական չորս ուժերով աշնանը հանրահավաքային ալիք սկսելն է: Արձանագրելով, որ իշխանությունները կյանքի չեն կոչել 12 կետերից որևէ մեկը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ն ու Դաշնակցությունն այնուամենայնիվ սպասելու են մինչև սեպտեմբերի վերջը, ինչից հետո հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ ամեն ինչից:

XS
SM
MD
LG