Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտել է փախստականների շարասյան հրթիռակոծումը


Մակեևկա քաղաքի բնակիչները թաքնվել են ռմբապաստարանում: 19 օգոստոսի, 2014թ.
Մակեևկա քաղաքի բնակիչները թաքնվել են ռմբապաստարանում: 19 օգոստոսի, 2014թ.

Ուկրաինայի խնդիրը կքննարկվի Մինսկում

Օգոստոսի 26-ին Մինսկում նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պետրո Պորոշենկոյի հանդիպումը, որին, ենթադրաբար, կմասնակցեն Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կազմած Մաքսային միության ներկայացուցիչները։

Պորոշենկոն ասել է, որ հանդիպման առանցքային խնդիրը կլինի Արևելյան Ուկրաինայում իրավիճակի կայունացումը։

Մարտեր Լուգանսկի կենտրոնում

Այսօր շարունակվել են ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի ռուս անջատականների բախումները։

«Լուգանսկի թաղամասերից մեկն ազատագրված է, հիմա փողոցային մարտեր են քաղաքի կենտրոնում», - ասել է Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն։

Նրա խոսքերով՝ անջատականները ոչնչացնում են քաղաքի խիտ բնակեցված թաղամասերի ենթակառուցվածքները և ականներ են տեղադրում ճանապարհներին, կամուրջներին, ինչպես նաև բուժհաստատություններրի շենքերում։

Ռուսները հերքում են Լուգանսկի կենտրոնում մարտերի մասին լուրերը։ Լուգանսկի քաղաքային խորհուրդը, հստակ թվեր չհայտնելով, հաղորդել է, որ վերջին մարտերի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։

«Ավտոբուսների վրա սպիտակ դրոշներ են եղել»

Մինչդեռ, ուկրաինացիները նոր մանրամասներ են հայտնել երեկ Լուգանսկից փախստականներին փոխադրող ավտոբուսների վրա կատարված հարձակման մասին։

Ավտոբուսների վրա սպիտակ դրոշներ են եղել, ինչը հակամարտող կողմերին պետք է հուշեր, որ ուղևորները խաղաղ բնակիչներ են։

Երեկ առավոտյան` տեղական ժամանակով 9-ն անց 40-ին Խրյաշչևատոյե գյուղի մոտ շարասյունը հրթիռակոծվել է, ենթադրաբար` «ԳՌԱԴ» կայանքից։ Այդ օրը վաղ առավոտյան թեժ մարտեր են եղել հենց այդ շրջանում։

«Ականազերծողները հայտնաբերել են 15 դիակ, այս պահին որոնողական աշխատանքները միառժամանակ դադարեցված են, որովհետև հիմա այդ շրջանում մարտերը վերսկսվել են», - ասել է Լիսենկոն։

Ուկրաինացիներն ասում են, թե զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։ Շատերը սպանվել են այրվող մեքենաներում։ Դիակների մի մասն անճանաչելի է։

Ռուս անջատականները նախ հայտնել են, թե տեղեկություններ չունեն այդ գրոհի մասին՝ պնդելով, որ դա Կիևի պրոպագանդան է, ապա ասել են, թե շարասյան վրա հարձակումն ուկրաինացիներն են կատարել։ Անջատականների պնդմամբ՝ իրենք այդ շրջանում հրթիռային կայանքներ չունեն։

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը, կողմերից որևէ մեկին չմեղադրելով, դատապարտել է հարձակման փաստը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Լուգանսկից տեղահանվածների շարասյան հրթիռակոծությունը։ Մարդիկ փորձել են փախչել պատերազմից, բայց, ավաղ, դրա զոհն են դարձել։ Մենք ցավակցում ենք սպանվածների ընտանիքներին։ Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնարկել խաղաղ մարդկանց պաշտպանելու միջոցներ», - ասել է Հարֆը և ավելացրել, որ Վաշինգտոնը դեռ չի կարող հստակ ասել, թե կողմերից որ մեկն է պատասխանատվություն կրում այդ հարձակման համար։

Կարմիր խաչն անվտանգություն է պահանջում

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերը հայտնել են, թե մտադիր են ակտիվ քննարկումների միջոցով առաջիկա մի քանի ժամում համաձայնեցնել ռուսական մարդասիրական օգնությունն Ուկրաինայի արևելք հասցնելու խնդիրը։

Կարմիր խաչը պահանջում է օգնությունը փոխադրողների ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG