Մատչելիության հղումներ

Աուտիզմով հիվանդ երեխաների թիվը կտրուկ աճել է


Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգանում է՝ ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ: Միայն մասնագետների օգնությամբ է հաջողվում զարգացնել այս երեխաների խոսքը և միջավայրին հարմարվելու հմտությունները: Սակայն մասնագիտական օգնության համար շատերը չեն կարողնում վճարել, իսկ պետպատվերով տրամադրվող տեղերը շատ քիչ են:

Աուտիզմ ունեցող երեխայի մայրը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այն պահից, երբ երեխայի մոտ ախտորոշվել է հիվանդությունը, յուրաքանչյուր ամիս ստիպված են ընտանեկան բյուջեի մի զգալի մասը տրամադրել բուժման համար, քանի որ տարիներով պետպատվերի սպասելու դեպքում կտուժի երեխայի առողջությունը:

«Ամսական 32 հազար: Եթե դրա մեջ նաև ճանապարհածախսը ներառենք, բավականին գումար է ստացվում։ Եթե մարդ միջինով 100 հազար դրամ աշխատավարձ ունենա, ստացվում է՝ ինքն իր աշխատավարձի կեսը պետք է տա, որ արդյունքի հասնի», - ասաց նա՝ հավելելով, որ թեև դժվարությամբ, այլ ծախսերից կտրելով, կարողանում են օգնել երեխային, սակայն բազմաթիվ ընտանիքներում խնդիրը անլուծելի է մնում:

«Տենց երեխաներ շատ գիտեմ, որովհետև իմ երեխան դպրոց է գնում, տեսնում եմ ծնողը հնարավորություն չունենալու պատճառով չի տանում երեխային ոչ մի տեղ, և ինչքան է տարբերվում այդ երեխան մյուս երեխաներից, ովքեր ինչ-որ տեղ պարապում են՝ լոգոպեդի, հոգեբանի մոտ։ Այսինքն իրենք դոփում են նույն տեղում, իսկ իրենց ճակատագիրն ինչպիսի՞ն է լինելու ապագայում, եթե ոչ մի օգնություն չկա։ Իսկ պետպատվերով հատկացված տեղերն այնքան քիչ են, որ տասը երեխայի վրա կարող է երկու տեղ, մեկ տեղ լինի», - ասաց երեխայի մայրը։

Աուտիզմի` որպես հաշմանդամության բերող հիվանդության բուժումը ներառված է պետական պատվերի մեջ, սակայն անվճար մատուցվող բուժօգնությունը ստանալու համար շատերը տարիներով հերթ են կանգնում: Պետպատվերի մեծ մասը ստանում է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանն ասում է, որ տարեցտարի բուժման կարիք ունեցող երեխաների թիվն աճում է, իսկ կենտրոններն ու մասնագետները չեն ավելանում, այդ պատճառով հերթեր են գոյանում:

«Շատ մեծ է հերթը և երկու-երեք պարապմունքով կամ տասը պարապմունքով չի սահմանափակվում, երկարատև բուժում է պահանջում վերականգնողական և դրա համար հերթ է գոյանում։ Պետպատվերը սահմանափակ է, բյուջեի հարցն է, դիմում ենք միշտ, որովհետև մենք ցույց ենք տալիս, որ մեր մոտ իրոք շատ երեխաներ կան էդ խնդիրներով», - «Ազատությանը» փոխանցեց Երիցյանը։

Աուտիզմով հիվանդ երեխաների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Եթե, օրինակ, 2007 թվականին Հայաստանում մոտ 73 նոր դեպք է հայտնաբերվել, ապա 2013-ին՝ արդեն 150: Ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լուլեջյանի, այս պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում հիվանդների իրական թիվը։

«Վիճակագրություն մենք հստակ չունենք, որովհետև չի կատարվել էդ հետազոտությունը, դա հատուկ հետազոտություն է։ Մի խոսքով, նրանք շատ ավելի շատ են, քան թե այս թիվն է, շատ հիվանդներ կան, որոնք նույնիսկ չեն դիմել», - ասաց Լուլեջյանը։

Դաշտում գործում են մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են աուտիզմով երեխաների կրթական, վերականգնողական ծրագրերով, սակայն այս դեպքում ևս անվճար օգնութնուն ստանալ քչերին է հաջողվում:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասում է, որ այն երեխաների մոտ, որոնք ժամանակին չեն կարողանում օգնություն ստանալ, հիվանդությունը ավելի է խորանում․ շփման համար խոսել է հարկավոր, բայց քանի որ վաղ տարիքից մասնագիտական միջամտություն չի հաջողվում ստանալ, այս երեխաների խոսքը, փաստորեն, չի զարգանում:

«Տուժում է երեխան, այսինքն նրա զարգացումը կանգ է առնում, եթե այդ երեխաների հետ չի կատարվում աշխատանք: Իրենք իրենց կրթության իրավունքից են զուրկ մնում, իրենց հասակակիցներ հետ շփման իրավունքից», - ասաց Սիմոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG