Մատչելիության հղումներ

«Կախարդական փայտիկ» է պետք «իրենց գումարներից դժվարությամբ հրաժարվող իշխանավորներին»


«Կախարդական փայտիկ» է պետք «իրենց գումարներից դժվարությամբ հրաժարվող իշխանավորներին»
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով նախօրեին Հովիկ Աբրահամյանի հնչեցրած գնահատականը ստվերի դեմ պայքարում «կախարդական փայտիկի» բացակայության վերաբերյալ` ասաց, թե վարչապետի հայտարարությունը վկայում է, որ ստվերի դեմ պայքարն ամբողջությամբ տապալվել է։

«Դրանով Հովիկ Աբրահամյանը խոստովանում է, որ ստվերի դեմ պայքարն ամբողջությամբ տապալվել է, հուլիսի տվյալները մի տասը օրից կհրապարակվեն, և բոլորս կհամոզվենք, որ այսպես կոչված պայքարը, տապալվել է արմատապես», - ասաց տնտեսական վերլուծաբանը։

Հիշեցնենք՝ ավելի քան չորս ամիս առաջ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուն պես, Հովիկ Աբրահամյանը գործարարներին հստակ ժամկետ տվեց մինչև հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու համար, և ավելացրեց, թե հակառակ դեպքում նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները:

Սակայն այս հայտարարությունից չորս ամիս անց վարչապետը խոսում է ֆինանսներից բաժանվելու դժվարության մասին։

«Դուք ասում եք, որ ես ասել եմ՝ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, բոլորը գալու են հարկային դաշտ։ Ո՛չ, դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք իրանց ֆինանսներից դժվար են բաժանվում, հիմա այդ դժվարությունը հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք», - ասել էր վարչապետը։

Վարչապետը նաև հայտարարել էր, թե կգա ժամանակ, երբ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու: 1995 թվականին ընդունված Հայաստանի առաջին Սահմանադրության մեջ կա մի հոդված, որն անփոփոխ է մնացել բոլոր կառավարությունների օրոք. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերը և ազատությունները սահմանող մայր օրենքի երկրորդ գլխում գրված է, որ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև»: Իսկ ինչո՞ւ է հիմա վարչապետն ապագայի հետ կապում այս դրույթի գործունեությունը՝ հստակ ժամկետներ չնշելով:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց օրենքի առջև հավասարության խնդիրն է: Դրա հետևանքն էլ այն է, որ որոշ գործարարներ կառավարական տարբեր գնահատականներով մնում են ստվերում։

«Չգիտեմ մտածված, թե չմտածված, բայց Հովիկ Աբրահամյանը կրկնում է այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսել ենք մենք. ամենակարևոր հարցը, որ մենք բարձրացրել ենք, ես նկատի ունեմ ընդդիմություն և համախոհներ, որ Հայաստանի համար ամենամեծ պրոբլեմը հենց կապված է օրենքի առաջ հավասար չլինելու հետ, նաև ինքնախոստովանություն է նրա մասին, որ Հայաստանում մինչ օրս, հատկապես պետական պաշտոնյաների կողմից, կատարվում է հակաօրինական արարք, հակասահմանադրական արարք, որովհետև Սահմանադրությամբ՝ մենք հավասար ենք օրենքի առաջ»,- ասաց Խաչատրյանը։

Բայց ինչպե՞ս մարդիկ հույսեր կապեն Կառավարության հետ, եթե չորս ամիս առաջ վարչապետն այլ խոստում էր տվել, հիմա՝ խոսում է դժվարությունների մասին։

«Ի տարբերություն ինձ, դուք լուրջ եք ընդունել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը։ Հաշվի առնելով, որ նա դարձել է ՀՀ կառավարության ղեկավար, ես լուրջ չեմ վերաբերել, ոչ թե այն պատճառով, որ լուրջ չեմ վերաբերվում նման պաշտոնյաների հայտարարություններին, այլ այն հանգամանքին, որ ստվերը Հայաստանում, դասական առումով, այն չէ, ինչի մասին, որ մենք միշտ խոսում ենք։ Հայաստանում ստվեր չկա իրականում, որովհետև ստվերի մասին բոլոր տեղեկությունները և ստվերում գտնվելու թույլտվությունը տրվում է իշխանության կողմից։ Մի հրամանով, մեկ օրում, մաքսիմում մեկ ամսում կարելի էր այդ ստվերը վերացնել»,- ասաց Խաչատրյանը։

Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ ստվերի դեմ պայքարը Հայաստանում շատ յուրահատուկ է․ - «Հիմնական ստվերը, որ կա մեր տնտեսությունում, այն ընկերություններում են, որոնք կա՛մ ուղղակիորեն պատկանում են պաշտոնյաներին, կա՛մ որևէ կերպ փոխկապված են նրանց հետ, և հայտարարելով ստվերի դեմ պայքար, դա նշանակում է, որ իշխանությունն ինքն իր դեմ, իր բիզնեսների դեմ պետք է պայքարի, ինչը լինել չի կարող, ուղղակի։ Իսկ էդ իշխանավորներն են, որ դժվարությամբ են բաժանվում իրենց գումարներից, կամ ընդհանրապես չեն հրաժարվում, չեն ուզում հրաժարվել, չեն էլ ուզենալու հրաժարվել»։

Ըստ տնտեսական վերլուծաբանի՝ ներկայիս իշխանության դեպքում, ստվերի դեմ պայքարի մասին խոսելն անիմաստ է:

XS
SM
MD
LG